HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Դատարանը Արմեն Սմբատյանին թույլ տվեց մեկնել երկրից

Իսրայելում Հայաստանի նախկին դեսպան, «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ի նախագահ Արմեն Սմբատյանին դատարանը թույլատրեց ապրիլի 22-30-ը բացակայել Հայաստանից։ Այդ մասին միջնորդությունը Արմեն Սմբատյանի և «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Դավթյանի գործով հերթական նիստին ներկայացրեց փաստաբան Լուսինե Սահակյանը։

Նրա խոսքով՝ Արմեն Սմբատյանը մեկնելու է Գերմանիա՝ Արամ Խաչատրյանի 120-ամյակին նվիրված միջոցառումների կազմակերպչական հարցերով, ունենալու է մի շարք հանդիպումներ։ Լուսինե Սահակյանը հիշեցրեց, որ դատարանը նախկինում էլ բավարարել է նույն բովանդակությամբ իրենց ներկայացրած միջնորդությունները, և Արմեն Սմբատյանը կարողացել է Արամ Խաչատրյանին նվիրված համերգներ կազմակերպել Մոսկվայում, Դուբայում և իր վարքով ապացուցել է, որ դատարանի կողմից թույլտվություն ստանալու խոչընդոտ չի կարող լինել։

«Միջնորդությունը բավարարելու դեպքում խնդրում ենք, որ դատարանը թույլ տա նաև անձնագրում ելքի վիզա դնել, որից հետո միայն Արմեն Սմբատյանը կկարողանա վիզա ստանալ»,- ասաց Սահակյանը։

Դատավոր Սուրեն Խաչատրյանն ասաց, որ մոտ ամիսուկես առաջ վարչապետի աշխատակազմի ղեկավարի կողմից Արամ Խաչատրյանի 120-ամյակի հոբելյանական հանձնաժողովի նիստ է գումարվել, և իրեն հետաքրքիր է, թե կառավարության ստեղծած հանձնաժողովի շրջանակում ի՞նչ լիազորություններ են վերապահվել Արմեն Սմբատյանին։

Արմեն Սմբատյանն ասաց, որ կառավարական հանձնաժողովը միջոցառումները կազմակերպում է Հայաստանում, իսկ ինքը գործուներություն է ծավալում որպես «Արամ Խաչատրյան» ֆոնդի տնօրեն և «Արամ Խաչատրյան միջազգային մրցանակաբաշխության» հոգաբարձուների խորհրդի նախագահ։ Սմբատյանի խոսքով՝ օգտագործելով իր միջազգային կապերը՝ օտարերկրյա երաժիշտներին խնդրելու է նվագել Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները։

Երևանի դատախազության ավագ դատախազ Ծովակ Մնացականյանն առարկեց միջնորդության դեմ, քանի որ կարծում է՝ միջնորդության մեջ որոշակիություն չկա և արդյոք այդ հանդիպումները չեն կարող իրականացվել հեռավար կամ միջնորդավորված տարբերակով։ Լուսինե Սահակյանն ու Արմեն Սմբատյանն էլ պնդեցին, որ մեկնելու անհրաժեշտություն կա։ Դատարանը բավարարեց միջնորդությունը։

Նիստի ընթացքում շուրջ 2 ժամ դատարանը ուսումնասիրեց գործում առկա գրավոր ապացույցների հետազոտումը և ավարտեց 5-րդ հատորում առկա փաստաթղթերի ուսումնասիրությունը։

Հիշեցնենք, որ Արմեն Սմբատյանը և Գոռ Դավթյանը մեղադրվում են առանձնապես խոշոր չափով փողերի լվացման համար։

Մասնավորապես, ըստ մեղադրանքի՝ Արմեն Սմբատյանը, հանդիսանալով «Արտասահմանյան երկրների հետ մշակութային կապի և համագործակցության հայկական ընկերություն» ՀԿ-ի նախագահ, նախագահության անդամ, ՀԿ-ի կողմից հիմնադրված «ԱՕԿՍ» ՍՊԸ-ի տնօրեն Գոռ Դավթյանի, ՀԿ-ի առաջին փոխնախագահ, ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանի, վերջինիս հարս՝ օֆշորային գոտում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված «Օշըն Փըսիֆիք Գլոբըլ Փրոփըրթիզ Լիմիթիդ» ԲՎԿ ընկերության տնօրեն Ֆրանչեսկա Կուտրուպի հետ 2011-2014թթ․ ընթացքում նախնական համաձայնությամբ և համակատարմամբ ՀԿ-ին պատկանող Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող 526.9 քմ. մակերեսով շենքը և 0,0467 հա. մակերեսով հողամասը ձևական գործարքով օտարել է Սարգիս Մարտիրոսյանին: Որից հետո նշված գույքը փոխարկել է` գույքի նկատմամբ իրավունքները վաճառելով Գագիկ Սայադյանին։

Ըստ մեղադրանքի՝ Գոռ Դավթյանը ևս, լինելով խմբի կազմում, ձևական գործարքով նշված գույքից ձեռք է բերել 25 տոկոս բաժնեմաս` գույքի նկատմամբ իրավունքները գրանցելով մոր` Ադելա Ստեփանյանի անվամբ:

Նշենք, որ այս քրեական գործով մեղադրյալներ են նաև ՀՀ մշակույթի նախկին նախարար Հասմիկ Պողոսյանը և նրա հարս Ֆրանչեսկա Կուտրուպը։ Նրանց մասով նախաքննությունը շարունակվում է, վերջիններիս նկատմամբ հայտարարվել է հետախուզում և խափանման միջոց է ընտրվել կալանավորումը:

Պաշտպանական կողմը մեղադրանքը չի ընդունում։ Անդրադառնալով շենքի օտարման գործընթացին՝ Արմեն Սմբատյանի պաշտպաններ Երվանդ Վարոսյանն ու Լուսինե Սահակյանը հայտնել են, որ այդ գործընթացը հետապնդել է մեկ նպատակ` ներգրավել ներդրումներ վթարային վիճակում գտնվող, քանդման վտանգի առաջ կանգնած պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը հիմնանորոգելու ուղղությամբ, և դա իրականացնել այնպես, որ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» ՀԿ-ն հնարավորություն ունենա մշտապես իր գործունեությունը ծավալել այդ շենքում։ Իսկ շենքի օտարման գործընթացը, ըստ պաշտպանների, իրականացվել է բացառապես օրինական ու բաց գործարքների միջոցով․

«Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող շենքը, որտեղ այսօր էլ գործունեություն է ծավալում «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» ՀԿ-ն, առաջին տասնամյակը չէ, որ գտնվում է տարբեր ժամանակներում «կշիռ» ունեցող անձանց բիզնես-հետաքրքրությունների տեսադաշտում։ Իսկ թե ներկա պահին «կշիռ» ձեռք բերած ո՞ր անձն է աչք դրել այդ շենքի վրա, կարծում ենք՝ պարզ կդառնա շատ մոտ ապագայում»,- նշվում է հայտարարությունում։

Դատախազության տրամադրած տվյալների համաձայն՝ այս քրեական գործով 201 մլն դրամ գումարի չափով արգելանք է կիրառվել Արմեն Սմբատյանին պատկանող Երևանի Չարենցի փողոցի 40 շենքի թիվ 29 բնակարանի, Կոտայքի մարզի Բյուրեղավան համայնքի Նուռնուս գյուղի բնակելի տան և հողամասի, ինչպես նաև «Մերսեդես» մակնիշի ավտոմեքենայի նկատմամբ։ 201 մլն դրամի չափով արգելանք է կիրառվել նաև Գոռ Դավթյանի շարժական և անշարժ գույքերի նկատմամբ, ինչպես նաև ՀՀ-ում գործող բանկերում վերջինիս անվամբ բացված հաշվեհամարներում առկա ֆինանսական միջոցների նկատմամբ։

Բացի այդ՝ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության կողմից ներկայացվել է հայց՝ Երևանի Աբովյան 3 հասցեում գտնվող գույքի (ԱՕԿՍ-ի շենք) նկատմամբ սեփականության իրավունքի գրանցումն անվավեր ճանաչելու պահանջով։

Նշենք, որ նախորդ դատական նիստին դատարանը որոշեց Գոռ Դավթյանի դրամական միջոցների և հաշիվների վերաբերյալ արգելանքը վերացնել։

Կարդացեք նաև՝ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter