HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Հաքերները մուտք են գործել Գերմանիայից». «Առավոտի» յութուբյան ալիքը վերականգնվել է

«Առավոտ» օրաթերթի յութուբյան էջը վերականգնվել է։ Այսօր այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է «Առավոտ» առցանց կայքի խմբագիր Աննա Իսրայելյանը։

«Արթուր Պապյանը (տեղեկատվության անվտանգության մասնագետ, խմբ․) «Գուգլի» մեր օգտահաշիվն ավելի վաղ էր վերականգնել, իսկ ահա յութուբյան ալիքը վերականգնել հաջողվեց ավելի ուշ, քանի որ «Յութուբի» թիմից մեզ տեղեկացնում էին, որ հարձակվողները դեռ յութուբյան օգտահաշվին կցված են»,- «Հետքի» հետ զրույցում նշեց «Առավոտի» խմբագիր Աննա Իսրայելյանը։

Նրա խոսքով «Յութուբն» առաջարկել է նոր ալիք ստեղծել և բոլոր տվյալները, տեսանյութերը տեղափոխել այդ ալիք։ Դրա հետևանքով խառնվել է տեսանյութերի հերթականությունը, որոշ տեսանյութերի դեպքում դիտումների քանակը անհետացել է, բայց կարևոր հանգամանք է, որ վերականգնվել է տեսանյութերի ամբողջ արխիվն ու բաժանորդների թիվը։

«Առավոտի» պաշտպանության համակարգում ըստ խմբագրի բաց կար, որից էլ կարողացել են օգտվել հաքերները։ Այժմ պաշտպանությունն ուժեղացնելու աշխատանքներ են տարվում։

«Հիմա պետք է արվի ամեն բան համակարգի խոցելիությունը վերացնելու համար։ Սա նաև լավ դաս դարձավ, քանի որ հարձակումներ, այո՛, կարող են լինել, և մենք պարտավոր ենք ավելի պաշտպանված լինել»,- ասաց խմբագիրը։

«Հետքը» զրուցել է նաև տեղեկատվական տեխնոլոգիաների եւ մեդիա ոլորտի խորհրդատու, մեդիափորձագետ, CyberHUB․AM հարթակի համահիմնադիր Արթուր Պապյանի հետ։ Նա նշեց, որ շուրջ մեկ շաբաթ տևած գործողություններից հետո հնարավոր է եղել տեղափոխել «Առավոտի» յութուբյան օգտահաշիվը մեկ այլ հաշիվ՝ այդկերպ պահպանելով ամբողջ արխիվը։ Նրանց հաջողվել է պարզել, որ հաքերները մուտք են գործել Գերմանիայից, բայց թե ովքեր են դրանք, պարզել չի հաջողվել, քանի որ հետքեր առանձնապես չկան։

Պապյանի խոսքով՝ «Յութուբի» ստորաբաժանումը ստուգումներ էր անում և որոշեց տվյալները տեղափոխել նոր օգտահաշիվ:

Ըստ նրա՝ հաքերային հարձակումները կարող են սպառնալ նաև մյուս լրատվամիջոցներին։ Պապյանն առաջարկում է միացնել երկքայլ պաշտպանություն, համակարգիչնեում լինի անվտանգ վարքագիծ, թարմացված ծրագրային ապահովում, օգտահաշիվներում լինեն լավ գաղտնաբառեր, որպեսզի հաքերները չկարողանան ներթափանցել։

Գլխավոր լուսանկարը՝ unsplash.com-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter