
Շրջափակված Արցախում. Ռոբերտ Մելքումյանը շարունակում է ստեղծագործել
2022-ի դեկտեմբերի 30-ին զրուցել էինք Ստեփանակերտում ապրող էլեկտրակիթառահար Ռոբերտ Մելքումյանի հետ։ Ռոբերտը Երևանի պետական կոնսերվատորիան ավարտելուց հետո վերադարձել է Արցախ, աշխատում է Արցախի պետական ջազ նվագախմբում որպես կիթառահար, նաև գրում է երաժշտություն։ Ուսումը շարունակելու, իր մասնագիտության մեջ խորանալու նպատակով Ռոբերտը Արցախի շրջափակումից առաջ առցանց մի քանի քննություններ էր հանձնել։ Շրջափակման ընթացքում իմացել է, որ ընդունվել է Հարավային Ուելսի համալսարան (University of south Wales), Դանիայի թագավորական երաժշտական ակադեմիա(The Royal Academy of Music ) և Լոնդոնի ժամանակակից երաժշտության փերֆորմանսի ինստիտուտ (The Institute of Contemporary Music Performance): Այժմ շրջափակման մեջ գտնվող Արցախում Ռոբերտը մնացած արցախցիների նման զրկված է ազատ տեղաշարժվելու, կրթությունը շարունակելու իրավունքից։
Շրջափակման մեջ Ռոբերտը շարունակում է նվագել, գրել երաժշտություն և ձայնագրել։
Այս ընթացքում Ռոբերտի էլեկտրակիթառի համար գրած գործերից մեկը ունի Not Tied up (առանց կապի) անվանումը: Այն մեկուսացման, սահմանափակումների մեջ ծնված երաժշտության մասին է։
Ռոբերտը շրջափակման մեջ է նաև գրել էլեկտրակիթառի համար իր սոլոն, Ջիմի Հենդրիքսի հայտնի Little Wing երգի հիման վրա։
Արդեն 100 օրից ավելի շրջափակման մեջ գտնվող Արցախում 120․000-ից ավելի մարդկանց կյանքի բնական ընթացքը խաթարված է․ հարյուրավոր արցախցիներ իրենց նպատակները, ծրագրերը, երազանքները անորոշ ժամանակով հետաձգել են։ Անկախ դժվարություններից այստեղ շարունակում են ապրել, աշխատել և ստեղծագործել։ Ադրբեջանական կողմը անցած տարվա դեկտեմբերի 12-ից փակել է Արցախը արտաքին աշխարհի հետ կապող միակ՝ Գորիս-Ստեփանակերտ ճանապարհը։ Շրջափակման պատճառով մեկուսացված Արցախում առաջին անհրաժեշտության ապրաքների, դեղորայքի, վառելիքի խնդիր կա։ Դրան զուգահեռ Ադրբեջանը պարբերաբար խաթարում է Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքները՝ գազի, էլեկտրաէներգիայի և կապի ու հաղորդակցության բնականոն աշխատանքները։
Մեկնաբանություններ (1)
Մեկնաբանել