HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԿԳՄՍ նախարար. պետական ֆինանսավորմամբ մինչեւ 8 բուհ է լինելու

Փետրվարի 2-ին կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանը Գիտությունների ազգային ակադեմիայում հանդիպել էր գիտական համայնքի ներկայացուցիչներին: Այդ հանդիպմանը գիտնականները պաշտոնապես լսել են բուհերի եւ գիտահետազոտական ինստիտուտների միավորման ծրագրի մասին:

ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը մեզ հետ զրույցում հայտնել էր, որ արդարացված չի համարում Կառավարության այդ առաջարկը: Ապա նշել էր, որ Ակադեմիան ներկայացրել է իր առաջարկը:

«Եթե մենք գիտահետազոտական ինստիտուտները միավորենք բուհերի հետ, մեկ է՝ դրանից բուհը թոփ բուհ չի դառնալու: Առաջին հերթին բուհի մյուս 9 չափանիշները, որոնք կապված են որակի, պրոֆեսորադասախոսական կազմի, ծրագրերի, միջազգայնացման հետ եւ այլն, դրանք պետք է կարգավորել, հետո մտածել, թե ինչ ինստիտուտ միացնել բուհին, եթե խոսում ենք միավորման մասին»,- նշել էր Ակադեմիայի ղեկավարը:

«Առաջիկայում կանցնենք որոշումների կայացման փուլին»

Այսօր ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն իր պաշտոնավորման 100 օրվան նվիրված ասուլիս էր հրավիրել: Նախարարին խնդրեցինք մանրամասներ ներկայացնել բուհերի եւ գիտահետազոտական ինստիտուտների միավորման մասին Կառավարության առաջարկից, մասնավորապես՝ ո՞րն է միավորման նպատակը, Ակադեմիան իր ներկա կարգավիճակով շարունակելու՞ է գործել, որո՞նք են միավորման գործընթացի ժամկետները: Հետաքրքրվեցինք նաեւ, թե նախարարն ինչ կարծիք ունի Ակադեմիայի ներկայացրած առաջարկի վերաբերյալ:

Նախարարի խոսքով՝ բարձրագույն կրթության եւ գիտության ինտեգրման հարցը նոր չէ, որ բարձրացվում է: Ըստ Անդրեասյանի՝ դրա շուրջ աշխատանքն ու վերլուծությունն արվում է արդեն մի քանի տարի, եւ առկա են բազմաթիվ զեկույցներ, որոնք, օրինակ, առանձին վերլուծում են գիտահետազոտական ինստիտուտների ներկա վիճակը, բարձրագույն կրթության խնդիրներին են անդրադառնում:

«Հիմա գիտեք, որ կրթության զարգացման պետական ծրագրում, որը մեր առաջիկա տարիների ռազմավարությունն է, ֆիքսվել են մի քանի հստակ թիրախներ: Ֆիքսվել է, որ մենք պետք է ունենանք պետական ֆինանսավորման մինչեւ 8 բուհ մինչեւ 2030 թ., եւ դրանք պետք է ունենան շատ ուժեղ եւ կայացած գիտահետազոտական բաղադրիչ: Ֆիքսվել է, որ առնվազն 4 բուհ պետք է տեղ գտնի միջազգային վարկանիշավորման համակարգերի 500-յակում: Եվ սա մեր անելիքների դաշտը պարզ է դարձնում,- հայտարարեց Ժաննա Անդրեասյանը,- բացի դրանից՝ բոլորովին վերջերս Կառավարության նիստերից մեկում հաստատվեց կրթության ռազմավարության գործողությունների պլանը, որտեղ արդեն բոլոր հետաքրքրված անձինք կարող են բացել եւ տեսնել, թե կոնկրետ ինչ քայլեր պետք է իրականացվեն, ինչ ժամկետներով, ովքեր են դրանց համար պատասխանատու, նաեւ որոշակի հստակ արդյունքային ցուցանիշներ են ֆիքսված: Սա է, ինչ մենք անելու ենք, ինչպես ենք անելու: Հիմա քննարկվում է, որովհետեւ ճանապարհներն ու մոտեցումները տարբեր են»:

Նախարարի փոխանցմամբ՝ աշխատանքային խումբ է ձեւավորվել վարչապետի որոշմամբ, որը պետք է տարբեր մոդելների եւ դրանց հնարավորությունների վերլուծական տեղեկանք պատրաստեր: Այս խմբում ներգրավվել է նաեւ ԳԱԱ նախագահը:

«Առաջիկայում կանցնենք որոշումների կայացման փուլին, երբ արդեն իրականացված վերլուծությամբ եւ ուսումնասիրության հիման վրա բուհերին եւ գիտահետազոտական ինստիտուտներին կառաջարկենք մեր մոտեցումը՝ ինչպես ենք տեսնում, որ այդ ինտեգրումը տեղի ունենա: Սա լինելու է շատ թափանցիկ, բոլորի համար հասկանալի ու պարզ գործընթաց: Միեւնույն ժամանակ, պետք է հստակ նշեմ, լինելու է շատ կոնկրետ, այսինքն՝ չենք պատրաստվում այս խոսակցությունը դարձնել անվերջ խոսակցություն ամեն ինչի մասին: Սա լինելու է հստակ ժամկետներով, թիրախներով եւ գործիքակազմով պրոցես, որը լինելու է մասնակցային»,- նշեց նախարարը, ապա հավելեց, որ, իր կարծիքով, մայիսին գործընթացը կսկսվի:

Անդրեասյանի փոխանցմամբ՝ եթե դիտարկենք տարբեր երկրներում բուհերի միավորման փորձը, ապա միավորումը շատ ժամանակատար գործընթաց է. «Սա հատուկ եմ ասում, որովհետեւ ուզում եմ կանխել բոլոր այն հնարավոր հրապարակումները, որ, վայ, ես սա ասացի, վաղը արթնանանք եւ կտեսնենք, որ մեր գոյություն ունեցող բուհերը դարձել են 8-ը: Այդպիսի բան ուղղակի հնարավոր չէ»:

Հարցին, թե, ըստ Կառավարության առաջարկի, արդյոք Ակադեմիան մնալու է, Ժ. Անդրեասյանը պատասխանեց. «Ակադեմիայի մնալ-չմնալու հարցը ածանցյալ է այն լուծումներին, որոնք պետք է լինեն ընդհանուր համակարգում: Այս տարի նշելու ենք Ակադեմիայի 80-ամյակը, կարծում եմ՝ մեր առաջընթացի գրավականը երկու բան է. որ միշտ կարողանանք հիշել՝ ի՞նչ ունենք եւ ի՞նչ ենք ձեւավորել, եւ կարողանանք միեւնույն ժամանակ հասկանալ ժամանակի խնդիրներն ու առաջ գնալ: Կարծում եմ՝ Ակադեմիայի անելիքների, գործառույթների, կարգավիճակի տեսանկյունից լավագույն լուծումը մենք իրենց հետ միասին կգտնենք»:

ԳԱԱ նախագահ, ակադեմիկոս Աշոտ Սաղյանը «Հետքի» հետ զրույցում հայտնել էր. «Այսօր մեր խնդիրը միայն կրթությունը չէ: Եկեք բոլոր ինստիտուտները տանենք բուհեր, որպեսզի գիտաչափական տվյալները բարձրացնենք, հարց է ծագում՝ ի՞նչ է լինում գիտությունը, ի՞նչ են լինում ինստիտուտները: Իսկ տնտեսության մասին ո՞վ պետք է մտածի»:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter