HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտկոմիտեն ու ԲՈԿ-ը միավորվելու են, հստակեցված է ակադեմիական քաղաքի 3 կլաստերների տեղադիրքը

Գիտության կոմիտեն վերակազմավորվելու է Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի: Այս մասին այսօր հրավիրած ասուլիսին հայտնեց ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նրա փոխանցմամբ՝ առաջիկայում երկու փուլով են ընթանալու նախարարության կառուցվածքային փոփոխությունները: Առաջին փուլը ենթադրում է ֆունկցիոնալ բաշխումներ, իսկ երկրորդ փուլի փոփոխություններն ուղղված են լինելու բարձրագույն կրթության ոլորտում իրականացվող կառուցվածքային փոփոխություններին, մասնավորապես՝ Բարձրագույն կրթության եւ գիտության կոմիտեի ձեւավորմանը:

Նախարարը հույս հայտնեց, որ առաջիկա մեկ-երկու շաբաթում Կառավարության կողմից օրենքի փոփոխությունների փաթեթը հավանության կարժանանա եւ կուղարկվի ԱԺ: Օրենսդրի հաստատումից հետո գործադիրի որոշմամբ կիրականացվի Կոմիտեի կանոնադրության փոփոխություն: «Մենք նպատակ ունենք առաջիկա մի քանի ամսում Կոմիտեն վերակազմավորել Գիտության կոմիտեի, Բարձրագույն որակավորման կոմիտեի եւ նախարարության համապատասխան վարչության հիմքի վրա ու սրանով նպաստել բարձրագույն կրթության եւ գիտության միասնական քաղաքականության իրականացման ինստիտուցիոնալ հիմքին»,- նշեց ԿԳՄՍ նախարարը:

Ժ. Անդրեասյանն անդրադարձավ նաեւ, իր ասելով, Կառավարության ամենամեծածավալ ծրագրերից մեկին՝ ակադեմիական քաղաքին: Այս ծրագրի ուղղությամբ, ըստ նրա, բավականին առաջ են գնացել, ճշգրտել են ճանապարհային քարտեզը: Առաջիկայում կշրջանառեն նախագիծ, որը վերաբերելու է ակադեմիական քաղաքի ծրագրի նախապատրաստման, իրականացման, համակարգման աշխատանքներին: «Այս ընթացքում հստակեցրել ենք քաղաքի տեղադիրքը 3 կլաստերներում, ունենք բավականին հստակություն, ու պլանավորված են աշխատանքներ կոնկրետ կլաստերներում»,- ասաց նախարարը:

Ըստ Անդրեասյանի՝ «Հայֆիլմի» տարածքում լինելու է արվեստի կլաստերը, որտեղ գործելու են ժամանակակից համերգասրահ, կինոարտադրության ենթակառուցվածքներ եւ այլն: Երկրորդ կլաստերը լինելու է Աշտարակի մոտ, որտեղ ներկայում տեղակայված են ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտն ու Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտը: Այստեղ գործելու է տեխնոլոգիական ուղղվածության բուհ, որը նաեւ գիտահետազոտական գործունեություն կծավալի: Երրորդ կլաստերում, որն ամենամեծն է, տեղակայվելու են կրթական, սպայական, ինչպես նաեւ գուցե միջազգային բուհերը, որոնք կցանկանան տեղափոխվել այդտեղ:

Ինչ վերաբերում է դասախոսների եւ ուսանողների տեղաշարժին, նախարարը նշեց, թե քաղաքը նախ պետք է կառուցվի, հետո խոսվի մարդկանց տեղաշարժի մասին: Ծրագիրը ենթադրում է տրանսպորտային մեծ ենթակառուցվածքի ստեղծում, որը սպասարկելու է քաղաքը: «Հասկանում եմ, երբ այսպիսի ծրագրերից ես խոսում, գիտաֆանտաստիկ ոլորտի բան է թվում, բայց հավատացնում եմ, որ սա կոնկրետ ծրագիր է, եւ մենք այս ուղղությամբ պետք է հետեւողական աշխատենք»,- ասաց Ժաննա Անդրեասյանը: Այս ծրագրի ֆինանսավորման ծավալը դեռ չի հստակեցվել:

Լուսանկարում՝ Աշտարակի տեխնոպարկի չիրականացած ծրագրից մնացած հուշաքարը (1998 թ.). տեխնոպարկն ընդգրկելու էր Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտը, Ռադիոֆիզիկայի եւ էլեկտրոնիկայի ինստիտուտն ու «Տրանզիստոր» կիսահաղորդիչների գործարանը (հեղ.՝ Նարեկ Ալեքսանյան)

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter