HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ներդրումներ, պարտքեր և չկատարված խոստումներ․ ինչպես սնանկացավ «Սյունիք Ֆուդ» ընկերությունը

Լոնդոնաբնակ Արփինե Մանուկյանն ու իր ամուսինը՝ Պաուլ Կոնրադը 2020թ․ արցախյան պատերազմից հետո ցանկացել են ներդրումներ անել Հայաստանի սահմանամերձ գոտիներից մեկում։ Նրանց ծանոթներից Կարեն Մարիտրոսյանը, որի հետ նրանք համագործակցել են պատերազմի օրերին սփյուռքից տրամադրվող օգնության աշխատանքների համակարգման շրջանակներում, տեղեկացնում է, որ Սյունիքի մարզի Սյունիք գյուղում կա «Սյունիք Ֆուդ» անվանմանբ ընկերություն, որը ներդրուների կարիք ունի՝ պահածոների գործարանի վերագործարկման համար։

«Հետքի» հետ զրույցում Արփինե Մանուկյանը պատմում է՝ 2021-ի տարեսկզբին Կարեն Մարտիրոսյանը իրեն ծանոթացնում է Սարմեն Սարգսյանի, Սուրեն Օքմինյանի և Վահան Հովհաննիսյանի հետ, որոնք ըստ Արփինեի՝ ներկայանում են որպես կազմակերպության համասեփականատերեր, ներկայացնում իրենց բիզնես ծրագրերը՝ կապված «Սյունիք Ֆուդ» ՓԲԸ-ի աշխատանքների հետ։

«Ի սկզբանե հասկանալի էր, որ պրոբլեմատիկ կազմակերպություն է։ Մենք պահանջում էինք հաշվապահական հաշվետվություն ներկայացնել, բանկի քաղվածքներ, ինչպես նաև ընկերության ընդհանուր իրավական վիճակի մասին տեղեկություններ։ Շատ դեպքերում նրանք խուսափում էին այդ տեղեկությունները տրամադրել, իսկ եղած տեղեկությունն էլ կիսատ էր, և ինչ էլ որ ներկայացնում էին, դրանց վրա հիմնվել հնարավոր չէր, քանի որ անհամապատասխանությունները շատ-շատ էին»,- պատմում է Արփինե Մանուկյանը։ 

2021 թվականի մայիսին վերջապես ներկայացվել են հաշվապահական հաշվետվությունները, և Արփինե Մանուկյանի խոսքով՝ պարզ է դարձել, որ ընկերությունը տասնապատիկ անգամ ավելի վատ վիճակում է գտնվում, քան իրենց ներկայացվել էր։

Արփինե Մանուկյանը նշում է, որ սկզբնական շրջանում իրենք կատարել են 350 հազար դոլարի ներդրում, որոնք ուղղվել են 24 տոկոս բաժնետսմերի ձեռքբերմանը (85 հազար դոլար), «Հայբիզնեսբանկում» և «Արմսվիսբանկում» ունեցած վարկերի, ինչպես նաև գործարանի աշխատակիցների աշխատավարձային պարտքերի մարմանը։ Այնուհետև կատարել են ևս 250 հազար դոլարի ներդրում, որոնցով սարքավորումներ են ձեռք բերվել, և որոշ ժամանակ գործարանում արտադրություն է եղել։

Սակայն երբ հաշվապահական աուդիտը բազմաթիվ խնդիրներ է վեր հանել, Արփինե Մանուկյանն ու իր ամուսինը այլևս չեն ցանկացել շարունակել ներդրումները։

«Սրանից հետո Վահան Հովհաննիսյանը մեզ կապում է «Սիգնում» խորհրդատվական ընկերության հետ, և նրա տնօրեն Նիկա Մանուկովան մեզ պատմում է, որ իրենք մեծ ծրագրեր ունեն՝ կապված «Սյունիք Ֆուդի» հետ։ Մասնավորապես մեզ ներկայացնում են, թե կա մի ծրագիր, որով պետությունը պատրաստվում է ընկերությանը 2-2,5 միլիոն դոլարի աջակցություն տրամադրել։ Զարգացման ծրագիրը գրել էր այդ խորհրդատվական կազմակերպությունը, և մեզ ասում էին, որ այդ ծրագիրն արդեն իսկ շրջանառվում է տարբեր նախարարություններում։ Մեզ էնպես էին ներկայացնում, որ մենք պետք է շարունակենք կատարել ներդրումներ, որպեսզի այս պետական աջակցությունը տրամադրվեր»,- պատմում է Արփինե Մանուկյանը։

Նրա խոսքով՝ «Սիգնում» կազմակերպության տնօրեն Նիկա Մանուկովան պատմում է, թե մտերիմ հարաբերություններ ունի էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանի և փոխնախարար Նարեկ Տերյանի հետ։ Նիկա Մանուկովայի ջանքերով 2021թ․ հունիսին գործարան են այցելում էկոնոմիկայի մեկ այլ փոխնախարար Արման Խոջոյանն ու Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը և ծանոթանում գործարանի իրավիճակին։

Այսպիսով, պետական աջակացությունը ներգրավելու համար Արփինե Մանուկյանին ներկայացնում են, որ նա պետք է ձեռք բերի ընկերության ևս 42% բաժնետոմսերը։ 

«Ստորագրվում է պայմանագիր, որով ես ստանձնում եմ ևս 1 մլն 50 հազար դոլարի պարտավորություն՝ բաժնետոսմեր ձեռք բերելու համար, որից 200 հազար դոլարը ես վճարում եմ 2021 թվականի հունիսի 29-ին»,- ասում է Արփինե Մանուկյանը։ Այդ 42% բաժնետոմսերը պատկանում էին դատավոր Գագիկ Խանդանյանի ընտանիքին։ 

Արփինեն Մանուկյանը պատմում է, որ 200 հազար դոլարի վճարումից հետո բաժնետոմսերի փոխանցումը իրեն ձգձգվում է՝ պայմանավորված այդ բաժնետոսմերի սեփականատեր Աշխեն Խանդանյանի (Գագիկ Խանդանյանի մայրը) մահվան հանգամանքով, սակայն Արփինեին վստահեցնում են, թե բաժնետոսմերի գրանցումը օրերի հարց է։ 

«Հուլիսի 9-ին այդ խորհրդատվական կազմակերպության տնօրենը մեսիջ է ուղարկում ինձ, որ իրենք հետ են կանչում իրենց կողմից ընկերությանը ներկայացված համագործակցության առաջարկը։ Եվ մենք հասկանում ենք, որ այն, ինչի համար մենք ի սկզբանե այսքան միջոցներ ներդրեցինք և այնուհետև վստահեցինք, այսպես ասած, պետական աջակացության մասին տված խոստումներին, վստահելով, որ նախարարի անունն էր տրվում, մարզպետի և այլն, այս ամեն ինչը շղարշ է եղել «Սյունիք Ֆուդի» բաժնետերերի համար՝ մեր միջոցները ներգրավելու և իրենց հարցերը լուծելու համար»,- պատմում է Արփինեն։

Այս ամենից հետո՝ 2021 թվականի օգոստոսի 10-ին, Արփինե Մանուկյանի ամուսինը՝ Պաուլ Կոնրադը «Սյունիք Ֆուդ» ՓԲԸ-ն սնանկ ճանաչելու պահանջով դիմում է դատարան։ Ըստ դատական գործի նյութերի՝ Պաուլ Կոնրադը դիմելով դատարան, հայտնել է, որ 2021 թվականի մարտի 11-ին կնքվել է փոխառության պայմանագիրը, որի հիման վրա նա «Սյունիք Ֆուդ» ՓԲԸ-ին տրամադրել է մինչև 300 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամ փոխառություն, իսկ ընկերությունը պարտավորվել է մինչև նույն թվականի մարտի 31-ը ներառյալ վերադարձնել փոխառության գումարից 204 000 ԱՄՆ դոլարին համարժեք ՀՀ դրամ գումարը, որի չի կատարել: Արդյունքում՝ դատարանի 2021 թվականի նոյեմբերի 5-ի վճռով՝ «Սյունիք Ֆուդ» ՓԲԸ-ն սնանկ է ճանաչվել։

«Սյունիք Ֆուդ» ՓԲԸ-ն հիմնադրվել է 2017 թվականի փետրվարի 24-ին։ Իրավաբանական աձնանց պետական ռեգիստրի տվյալներով՝ ընկերության բաժնետերերը 50-ական տոկոս բաժնետոսմերով եղել են Նարինե Հակոբյանն ու Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը։ Սակայն որոշ ժամանակ անց ընկերության բաժնետոսմերից 34%-ը փոխանցվել է Սարմեն Սարգսյանին, իսկ մնացած 66%-ը դատավոր Գագիկ Խանդանյանի մորը՝ Աշխեն Խանդանյանին։ Ներկայիս դրությամբ՝ Սարմեն Սարգսյանը պահպանել է իր 34%-ը։ 42% բաժնետոսմերը փաստացի պատկանում են Գագիկ Խանդանյանի որդուն՝ Վահագն Խանդանյանին, իսկ մնացած 24%-ի սեփականատերը Արփինե Մանուկյանն է։

Ընկերության բաժնետեր Սարմեն Սարգսյանը մեզ հետ զրույցում նշեց, որ գործարանի վիճակը սկսել է վատթարանալ կորոնավիրուսի համավարակի և արցախյան 2020թ․ պատերազմի պատճառով, և այդ ամենի հետևանքով մի շարք ծրագրեր չեղարկվել են և խզվել են նախկինում ունեցած արտահանման պայմանագրերը։ 

Արփինե Մանուկյանի կատարած ներդրումների վերաբերյալ՝ Սարմեն Սարգսյանը նշեց, թե ընկերության բաժնետերերից ոչ ոք նպատակ չի ունեցել որևէ մեկին «գցելու» և գումարները վատնելու, և ըստ Սարմեն Սարգսյանի՝ Արփինե Մանուկյանի կատարած ներդրումները նպատակային են օգտագործվել, և եթե ոչ ամբողջ հզորությամբ, ապա մի քանի ամիս գործարանը 80% հզորությամբ աշխատել է և արտադրանք է տվել։ 

«Ես շատ ուրախ էի, որ ինքն ու իր ամուսինը եկել էին ու ուզում էի ներդրումներ անել, շատ շնորհակալ եմ դրա համար, բայց էստեղ ոչ մեկ ոչ մեկին չի «գցել» ու առաջին հերթին ես դա թույլ չէի տա։ Ընկերությունը շատ պարտատերեր ունի, որոնք սպասում են իրենց գումարներին, ու անընդհատ մեզ հարցնում են՝ եթե դուք էսպես տարաձայնություններ ունեք, մեր փողերն ով ա տալու»,- պատմում է Սարմեն Սարգսյանը։

Վերջինս հերքեց Արփինե Սարգսյանի այն պնդումները, թե ընկերությանը խոստացել են պետական աջակցություն միայն ևս 42% բաժնետոմս ձեռք բերելու պայմանով։ Սարմեն Սարգսյանն ասում է, որ ցանկանում է ընկերությունը առողջացման տանել, նոր ներդրողներ ներգրավել, սակայն մարդիկ հենց լսում են բաժնետերերի միջև եղած տարաձայնությունների մասին, հրաժարվում են ներդրում կատարելո Սարմեն Սարգսյանի պնդմամբ՝ ինքը փորձել է հաշտության գնալ Արփինե Մանուկյանի հետ, որպեսզի ընկերությունը միասին կրկին գործարկեն, սակայն նա հրաժարվել է։

Արփինե Մանուկյանն էլ մեզ հետ զրույցում նշել էր, որ կորցրել է հավատն ու վտսահությունը նախկին գործընկերների նկատմամբ և այլևս չի ցանկանում նրանց հետո ոչ մի առնչություն ունենալ։ Միևնույն ժամանակ Արփինե Մանուկյանն ասում է, որ այլևս չի պատկերացնում, թե ինչպես կարող է հետ բերել իր և ամուսնու ներդրած գումարները։ 

«Անգլիայում գործարք անելիս Փոլը մանրամասն ամեն ինչ ուսումնասիրում է մի քանի անգամ։ Առանց իրավաբանի ոչինչ չի ձեռնարկում, բայց Հայաստանում մեր ընտանիքի օրինակով հայերին վստահում էր, ու կարծում, որ Հայաստանում մեզ չեն խաբի»,- ասում է Արփինե Մանուկյանը։

2017 թվականին հիմնադրված «Սյունիք Ֆուդ» ՓԲԸ-ի զարգացման ծրագրում նշված էր, որ ընկերությունը առաջին տարում նախատեսում էր ունենալ 1000 աշխատատեղ, որից 250-ը Սյունիք գյուղում, սակայն նախկին գործարանից այժմ մնացել է միայն դատարկ շենքը, կուտակված բազմաթիվ պարտքերն ու ապագայի անորոշությունը։

Գլխավոր լուսանկարը «Սյունիք Ֆուդի» ֆեյսբուքյան էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter