HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Հայաստանի հավաքականը ընկերական խաղում մարտական ոչ-ոքի խաղաց Կիպրոսի ընտրանու հետ

Հայաստանի ազգային հավաքականը ընկերական խաղում 2:2 հաշվով մարտական ոչ-ոքի խաղավ Կիպրոսի ընտրանու հետ։ Հանդիպումը տեղի ունեցավ Վազգեն Սարգսյանի անվան Հանրապետական մարզադաշտում։

Առաջին խաղակեսն անցավ մեր հավաքականի տարածքային և խաղային բացահայտ առավելությամբ, սակայն Հայաստանի ընտրանու խաղացողները չէին կարողանում իրացնել իրենց պահերը, նպաստավոր դիրքերից վրիպեցին Հրանտ Լեոն Ռանոսը, Նաիր Տիկնիզյանը: Իսկ Կիպրոսի հավաքականը հաջողության հասավ՝ օգտագործելով իր եզակի պահերից մեկը. 43-րդ րոպեին անկյունայինի խաղարկումից հետո աչքի ընկավ Անտրեաս Կարոն: Երկու րոպե անց մեր հավաքականը շատ լավ շանս ուներ հաշիվը հավասարեցնելու, սակայն Սարգիս Ադամյանի հարվածից հետո գնդակը դիպավ ուղղահայաց դարպասաձողին, իսկ երկրորդ փորձից Նաիր Տիկնիզյանի հարվածը բարձր ընթացավ:

Երկրորդ խաղակեսի մեկնարկում ևս Հայաստանի հավաքականը բացահայտ առավելություն ուներ և կարողացավ շատ արագ հավասարեցնել հաշիվը: 51-րդ րոպեին անկյունայինը խաղարկելիս Էդուարդ Սպերցյանը փոխանցեց Հրանտ-Լեոն Ռանոսին, որը տեղաշարժվեց կենտրոն և հեռվից կատարած հարվածով գրավեց դարպասի ստորին աջ անկյունը: 59-րդ րոպեին արդեն մեր հավաքականն առաջ անցավ հաշվի մեջ. Սարգիս Ադամյանի հրաշալի փոխանցումից հետո Հրանտ-Լեոն Ռանոսը մեն-մենակ դուրս եկավ դարպասապահի դեմ, շրջանցեց նրան ու գնդակն ուղարկեց դատարկ դարպասը՝ իր նորամուտի խաղում դառնալով դուբլի հեղինակ:

Երկրորդ գոլից հետո Հայաստանի հավաքականը թուլացրեց ճնշումը, ինչից էլ օգտվեց մրցակիցը: Մեր ընտրանու դարպասապահ Ստանիսլավ Բուչնևի սխալից հետո Դիմիտրիոս Քրիստոֆին հավասարեցրեց հաշիվը: 89-րդ րոպեին Կիպրոսի հավաքականը մնաց 10 հոգով, վերջին հույսի խախտման համար դաշտից հեռացվեց Կոստակիս Արտիմատասը, սակայն մնացած ժամանակահատվածում մեր հավաքականը չկարողացավ օգտվել թվային առավելությունից, և խաղն ավարտվեց 2:2 հաշվով:

Հայաստանի ազգային ընտրանին իր հաջորդ հանդիպումը կանցկացնի այս տարվա հունիսի 16-ին և Եվրոպայի 2024 թվականի առաջնության որակավորման փուլի երկրորդ տուրի շրջանակներում կհյուրընկալվի Ուելսի հավաքականին։

Հիշեցնենք՝ Եվրո-2024-ի որակավորման փուլի առաջին տուրում մեր հավաքականը մարտի 25-ին Երևանում 1։2 հաշվով պարտվեց Թուրքիայի ընտրանուն։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter