HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անհատ ձեռներեցի 4 տոննա բեռը 1 տարուց ավելի է՝ պահվում է մաքսատանը

Եղիշե Սարգսյանն անհատ ձեռներեց է։ 10 տարուց ավելի հեռախոսների և համակարգչային աքսեսուարների մեծածախ ու մանրածախ վաճառքով է զբաղվում։ Երևանում խանութ ունի։ 2021 թվականի նոյեմբերի 16-ին և 25-ին նա հերթական անգամ ապրանք է ներմուծել Ռուսաստանի Դաշնությունից։ ՊԵԿ-ի աշխատակիցները խոչընդոտել են ներկրումը։

«Ապրանքը եկել է երկու կտորով, մեկը պահել են Բագրատաշենի մաքսատանը, մյուսը՝ Արարատյան մաքսատան Ուրբան տերմինալում։ Ընդհանուր առմամբ 4 տոննա բեռ են մինչ օրս իրենց մոտ պահում, առանց որևէ հիմնավոր բացատրության»,- պատմում է Եղիշե Սարգսյանը։

ՊԵԿ-ի Հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության աշխատակիցները հետախուզություն են իրականացրել եւ կազմել են արձանագրություն։ Եղիշեն արձանագրությունների տակ չի ստորագրել․ համարել է, որ դրանք ոչ լիարժեք են։ Խնդրել է արձանագրությունը տրամադրել, որ ծանոթանա բովանդակությանը։ ՊԵԿ-ի օպերվարչության աշխատակից Արամ Ամիրյանը մերժել է՝ ասելով, որ լավագույն դեպքում, կարող է ընթերցել՝ Եղիշեն լսի, թե ինչ է գրված։

Ըստ ՊԵԿ-ի աշխատակիցների՝ պետական բյուջե չի վճարվել 13 831 900 դրամ։

«Մեզ համար անծանոթ ինտերնետային կայքերից, ՊԵԿ-ի աշխատակիցները գտել են ներմուծված ապրանքների մոտավոր արժեքները ու այդպես հաշվարկել են, թե իբրև մենք այդ ապրանքները ձեռք ենք բերել նրանց կողմից ներկայացված արժեքով և բյուջե վճարել ավելի քիչ գումար։ Բայց ՊԵԿ-ի աշխատակիցները, երբ նշել են «այֆոն» բրենդի ականջակալ, չեն նշել, որ դա ոչ թե օրիգինալն է, այլ կրկնօրինակը, հետևաբար, հարկերը պետք է լինեն ավելի քիչ»,- նշում է նա։

Եղիշե Սարգսյանը դիմել է ՊԵԿ, Դատախազություն, Քննչական կոմիտե, Հակակոռուպցիոն կոմիտե, բայց անարդյունք։ 2022-ի մարտի 24-ին Հակակոռուպցիոն կոմիտեից նրան հայտնել են, որ դիմումը կոնկրետ հանցագործության փաստերի մասին տեղեկատվություն չի պարունակում և ուղարկվել է ՊԵԿ-ի ներքին անվտանգության վարչություն։

Նա կարծում է, որ ՊԵԿ-ի աշխատակիցների արարքը ոչ իրավաչափ է, որի համար դիմել է Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ կազմված արձանագրությունը ապօրինի ճանաչելու պահանջով։ Դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ՊԵԿ-ի հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության ավագ հետաքննիչ Կարեն Կանջյանի կազմած արձանագրությունը:

«Անգամ դատարանի որոշումից հետո, քննիչ Գյուլասարյանը մեր ապրանքները չի վերադարձնում։ Ապրանքներ կան, որոնք պահպանման ժամկետ ունեն, օրինակ՝ մարտկոցները: Ստացվում է, որ անգամ ապրանքը վերադարձնելու դեպքում եմ ես ֆինանսական կորուստներ ունենալու»,- պատմում է Եղիշեն։

Չնայած դատարանի որոշմանը՝ Եղիշե Սարգսյանը մինչ օրս չի կարողանում ստանալ իր ապրանքը։

Այդ դեպքից հետո վերջինս այլևս ԵԱՏՄ անդամ երկրներից ներմուծում չի իրականացրել, փոխարենը ներմուծել է Չինաստանից և Արաբական Միացյալ Էմիրություններից։

Մանրամասները Եղիշե Սարգսյանը պատմում է տեսանյութում։

Մեկնաբանություններ (1)

Մարդ
Ապագա ԿԱ՜... հարգելի անհատ ձեռներեց, Դուք կարող եք դիմել դատարան Ձեզ պատճառված վնասի հատուցման (ներառյալ` բաց թողնված օգուտը) հատուցելու պահանջով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter