HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սառա Պետրոսյան

Նոյեմբերյանի համայնքապետարանը համայնքային բյուջեից վճարում է և՛ հարկ չվճարողների հարկերը, և՛ չվճարած հարկերի տույժերը

Դեղձավանի վարչական ղեկավար Յուրի Հովհաննեսյանը գյուղի 19 բնակիչների հողի հարկի արտոնություն տրամադրելու համար 2022թ․ մարտի 10-ին գրությամբ դիմել է Նոյեմբերյան համայնքի ավագանուն։

Յու․ Հովհաննեսյանը տեղեկացրել է, որ 2006թ․ հայ-վրացական սահմանը գծելիս Դեղձավան գյուղի վարչական հողերից մոտ 50 հա հողատարածք մնացել է փշալարից այն կողմ։ Նշված հողատարածքից 5․2 հեկտարը 19 քաղաքացու սեփականությունն է, 4․4 հեկտարը համայնքային սեփականության վարելահող է, իսկ մոտ 40,4 հեկտարը՝ համայնքային սեփականության արոտավայրեր։ Ցանկապատված հատվածի աջ և ձախ կողմերում առաջացել է սահմանային շերտ 15 մ լայնությամբ, որը որոշ հատվածներում կիսել է հողի սեփականատերերի տարածքները և փաստացի անհնար դարձրել հողային աշխատանքները։ 

«Այդ հողերի համար մինչ օրս փոխհատուցում չի տրվել ո՛չ հողի սեփականատերերին, ո՛չ համայնքին։ Այդ հողատարածքներն անգամ համայնքի հաշվեկշռից դուրս չեն գրվել»,- հայտնել է Դեղձավանի վարչական ղեկավարը («Հետք»-ն այս հարցին անդրադարձել է տարիներ առաջ)։ 

Նոյեմբերյան համայնքի ավագանին 2023թ․ փետրվարի 24-ի նիստում արտոնություն է սահմանել 19 բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի նկատմամբ և որոշել է հարկ վճարողների փոխարեն 2023թ․ հաշվարկվող ընդհանուր 33 557 դրամ հողի հարկը վճարել համայնքային բյուջեից։ 

Յուրի Հովհաննեսյանի նույն բացատրագրի հիման վրա Նոյեմբերյան համայնքի ավագանին հիշյալ 19 քաղաքացիներին հողի հարկի արտոնություն է տրամադրել նաև  2022թ․-ին։ Ավագանին դարձյալ որոշել է, որ հարկային արտոնություն ստացած բնակիչների փոխարեն 2022թ․-ի համար հաշվարկված հողի հարկը՝ 33 557 դրամ, կվճարվի համայնքային բյուջեից։  

Ինչպես նշել է Դեղձավան գյուղի վարչական ղեկավարը, այս հարցը ծագել է 2006թ․-ին։ Յուրի Հովհաննեսյանը մեզ հայտնեց, որ միչև 2008թ․-ն ունեցած հողի հարկի պարտքերը Կառավարության ընդունած «Գույքահարկի և հողի հարկի գծով առաջացած ապառքների մասին» 2012թ․ օրենքով ներվեցին։ Դրանից հետո Դեղձավան համայնքի ավագանին ամեն տարի այդ հողակտորների համար հողի հարկի արտոնություն է սահմանել։ «Եթե հարկային արտոնություն չսահմանեն, այդ հարկերը բնակիչների համար ապառք են ձևակերպվելու։ Բացի այդ, սեփականատերերն այդ պատճառաբանությամբ իրենց մյուս հողակտորների հարկերն էլ չեն ցանկանում վճարել։ Մեր հարկային բազան պետք է մաքրենք»,- հայտնեց Յու․ Հովհաննեսյանը։ 

Վերջինս հայտնեց, որ Դեղձավանի համայնքապետարանը, 2006-2012թթ․ դիմել է Տավուշի մարզպետարան, Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն (ՏԿԵՆ), ԱԱԾ՝  հարցին լուծում տալու նպատակով։ Նախարարությունը համայնքապետարանին առաջարկել է համարժեք հողերով փոխհատուցել սեփականատերերին։ Յու․ Հովհաննեսյանը նույնպես սեփական հողատարածք ունի այդտեղ և ասում է, որ Դեղձավանը համարժեք հողեր չունի։ Համայնքի պահուստային հողատարածքները կամ ավելի ցածրարժեք են՝ անջրդի հողեր են, կամ՝ վարձակալության են տրված 25 տարով։ 

Նախարարությանն առաջարկել են այդ տարածքը գերակա հանրային շահ ճանաչել և փոխհատուցել իրենց։ ՏԿԵ նախարարությունը պատասխանել է, որ հողատարածքը Հայաստանի Հանրապետությանն է պատկանում, գյուղացիներն անցագրով կարող են անցնել սահմանը և մշակել իրենց հողերը։ «Վրացական սահմանի հետ փշալարն իմ հողի միջով է անցնում 30 մ երկայնքով, դրան էլ հավելած՝ 15 մ լայնությամբ ճանապարհը, որին մոտենալ չի թույլատրվում»,- ասաց Յու․ Հովհաննեսյանը։ 

Նոյեմբերյան համայնքի ավագանու՝ հարկային արտոնություն կիրառելու որոշումներն այս հարցի լուծումը չեն։ Այդ որոշումներով ընդամենը սեփական հողատարածքներից զրկված բնակիչներին ազատում են հողի հարկի ապառքներից՝ քողարկելով փաստացի սեփականատերերին չպատկանող հողերի հարցի իրավական կարգավորման անհրաժեշտությունը։ Համայնքին պատկանող 45 հեկտար հողի պատկանելությանը ու դրանից զրկվելու հետևանքներին չեն էլ անդրադառնում։ «Այդ հողատարածքի 40 հեկտարից ավելին արոտավայր է, որից զրկվել ենք։ Նախկինում 200 գլուխ խոշոր եղջերավոր անասուն էինք պահում, հիմա արոտավայրը քչացել է, 40 գլուխ ենք պահում»,- հայտնեց Դեղձավանի վարչական ղեկավարը։

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունը պետք է լուծում տար այդ հարցին, սակայն ինչպես այլ համայնքներում հողերի հաշվեկշռի հետ կապված բազմաթիվ այլ հարցերի, սրան նույնպես լուծում չի տվել։ 2018թ․-ի ներկայացրել էինք, որ Տաշիր համայնքում անմշակ մնացած հողի հարկի պարտքը հարյուրավոր միլիոնների է հասնում և շարունակում է ավելանալ, որովհետև Կառավարությունն այդ հարցին մինչ օրս լուծում չի տվել։  

Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքում գյուղնշանակության հողերի մի զգալի մասը չի մշակվում հայ-ադրբեջանական սահմանին մոտ լինելու պատճառով։ Համայնքապետարանը հողի և այլ անշարժ գույքի հարկ չի հավաքագրում համայնքի 8 բնակավայրերից։ Այս հարցին իրավական լուծում տրվել է Կառավարության 2014թ․ դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշումով։ Հիշյալ բնակավայրի բնակիչների՝ սեփականատերերին պատկանող բնակելի կառուցապատման հողամասի, վարելահողերի, բազմամյա խաղողի տնկարքների և այլ հողերի, նաև՝ անշարժ գույքի՝ բնակարան, տներ, ավտոտնակ, այգետնակ և այլն, հարկերը փոխհատուցվում են պետական բյուջեից: 

Կառավարության 2014թ․ դեկտեմբերի 18-ի N 1444-Ն որոշման (N 1 հավելված) 16 կետով ՀՀ սահմանամերձ համայնքների վարչական տարածքում գտնվող, մարտական գործողությունների հետևանքով չօգտագործվող և հակառակորդի կողմից հողատարածքների գնդակոծման դեպքեր ունեցող գյուղատնտեսական նշանակության և բնակավայրերի բնակելի կառուցապատման հողատարածքների համար վճարման ենթակա հողի հարկի և այդ հողերի վրա ունեցած անշարժ գույքի գույքահարկի տարեկան գումարը հարկ վճարող ֆիզիկական և իրավաբանական անձանց անունից, Հայաստանի Հանրապետության կառավարությունը, նրանց փոխարեն համապատասխան համայնքի բյուջե վճարում է ՀՀ պետական բյուջեով այդ նպատակի համար նախատեսված գումարներից:

Նոյեմբերյան համայնքի ավագանին 2023թ․-ի մարտի 17-ի նիստում հաստատել է  մարտական գործողությունների հետևանքով Նոյեմբերյան, Բարեկամավան, Բերդավան, Բաղանիս, Դովեղ, Կողբ, Կոթի, Ոսկեվան բնակավայրերի չմշակվող հողատարածքների հողի սեփականատերերի ցուցակը։ Ըստ հաստատված ցանկի՝ 2023թ․-ին պետական բյուջեից համայնքային բյուջե պետք է փոխանցվի 20 մլն 227 հազար դրամ։

Ընթացիկ հարկային տարվա հաշվարկված հարկը՝ 

  • Նոյեմբերյան քաղաքի համար կազմում է 4 708 892 դրամ,
  • Բարեկամավան՝ 120 660 դրամ,
  • Բերդավան՝ 5 248 941 դրամ,
  • Բաղանիս՝ 486 592 դրամ,
  • Դովեղ՝  1061 705 դրամ,
  • Կողբ՝  իրավաբանական անձան՝ 50 649, Ֆիզիկական անձ՝ 4 681 306 դրամ,
  • Կոթի՝ 2 662 105 դրամ
  • Ոսկեվան՝ 1 206 199 դրամ։

Հիշյալ ցանկում ընդգրկված Դովեղ և Բարեկամավան գյուղերի բնակիչներին սեփականության իրավունքով պատկանող հողամասերի համար հարկային արտոնություն է սահմանել նաև Նոյեմբերյան համայնքի ավագանին։ 2023թ․-ի մարտի 17-ի որոշումով նրանց ազատել է հաշվարկված 385 000 և 38 100 դրամ (ընդհանուր՝ 423 100 դրամ) հողի հարկից։ Որոշումով ավագանին չի հիմնավորել, թե քանի բնակչի համար է արտոնություն սահմանում և ինչու, բայց որոշել է հարկ վճարողի փոխարեն վճարումը կատարել համայնքի բյուջեից։

Նոյեմբերյան համայնքի ավագանին անշարժ գույքի հարկի և փոխադրամիջոցների գույքահարկի մասով արտոնություններ սահմանելու մասին կարգ չի ընդունել։ Այսինքն՝ չի որոշել, թե ում նկատմամբ կարող են հարկային արտոնություն կիրառել և որ դեպքերում։ Սակայն, այդ արտոնությունները ոչ միայն կիրառում է, այլև, ի տարբերություն մյուս համայնքների, հարկ վճարողի փոխարեն համայնքի բյուջեից վճարում կատարելու որոշումներ է կայացնում։ 

Նոյեմբերյանը, թերևս, միակ համայնքն է, որն անշարժ գույքի հարկը և փոխադրամիջոցների գույքահարկը չվճարած բնակիչներին տույժերից ազատելու արտոնություն է տրամադրում, միաժամանակ որոշում է բնակիչների փոխարեն տույժերը նույնպես վճարել համայնքի բյուջեից։ Այլ կերպ ասած՝ բյուջեում եղած գումարը մի տողից փոխանցվում է մեկ այլ տող։ Իրականում, բյուջեում սեփական եկամուտները չեն ավելանում, բայց սա արվում է բյուջեն կատարելու բարձր ցուցանիշ ցույց տալու նպատակով։ 

Դրա շնորհիվ Նոյեմբերյան համայնքը 2022թ․ տարեկան բյուջեն 97.82%-ով կատարելու ցուցանիշ է ներկայացրել։ Համայնքի ղեկավար Արսեն Աղաբաբյանը ավագանու փետրվարի 24-ի նիստում բյուջեի կատարողականը ներկայացրել է ըստ  հարկատեսակների՝ անշարժ գույքի հարկի գծով նախատեսված  62 մլն 400.4 հազար դրամի դիմաց եկամուտների հավաքագրումը  կազմել է 60 մլն 318.9  հազար դրամ կամ կատարվել է՝ 96.66%-ով: Փոխադրամիջոցներից գանձվող գույքահարկը նախատեսված 194 մլն 300 հազար դրամի դիմաց փաստացի կազմել է 177մլն 887.2 հազար դրամ կամ կատարվել է 91.55%-ով:   

Հարկային օրենսգիրքը համայնքի ավագանուն թույլ է տալիս տվյալ հարկային տարվա համար արտոնություններ սահմանել անշարժ գույքի և փոխադրամիջոցների գույքահարկի գծով։ Սակայն, սահմանած արտոնության գումարը չի կարող գերազանցել տվյալ հարկատեսակի համար համայնքի բյուջեի հաստատված եկամուտների 10%-ը: Միաժամանակ, օրենքում նշվում է, որ համայնքի ավագանու կողմից անշարժ գույքի հարկի գծով սահմանված արտոնությունների գումարների դիմաց պետական բյուջեից համայնքի բյուջեին լրացուցիչ դոտացիաներ չեն տրամադրվում: 

Լուսանկարը՝ «Հետքի»

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter