
Մոնթեն կյանքով հատուցած հերոս է
«Մոնթեի պատգամներն են, որ պետք է ժողովուրդն իր մեջ պահի հերոսաբար: Նա հայրենասիրության մեծ ջահակիրն էր»,- ասում է Արցախի պահեստային մայոր, Արցախի մարտական խաչ երկրորդ աստիճանի ասպետ Պավել Մանուկյանը (Ապարանցի Պավլիկ):
Մոնթեի հետ նա ևս մասնակցել է Քարվաճառի մարտական գործողություններին: Այդ գործողություններն իրականացվում էին 3 ուղղությամբ՝ հյուսիսային, կենտրոնական և հարավային: Կենտրոնական թևի հրամանատարը Մոնթեն էր:
Պ. Մանուկյանը Մոնթեին հիշում է որպես բացառիկ մարդ, ով շատ հայրենասեր էր, խիստ պահանջկոտ նախ իր անձի նկատմամբ, սեղանի մոտ ամենաքչակերն էր, հագնվում էր ամենավատը և իր արտաքին տեսքով երբեք չէր տարբերվում իր զինվորներից, զայրացկոտ էր, բայց և ճշմարտախոս: Մարմինն անցողիկ է, այն արագ ծերանում է, բայց «հայրենապաշտությունը երբեք չի ծերանա», և այն մինչև վերջ մնաց Մոնթեի մեջ:
Մարտական ընկերոջ խոսքերով՝ Մոնթեն քաջատեղյակ էր բոլոր գիտություններից և բոլոր գիտությունները ծառայեցնում էր զինված ուժերին, որովհետև «բոլոր գիտությունների արքան ռազմագիտությանն է»:
Պ. Մանուկյանը երկար տարիներ ապրել է Արցախում և կարծում է, որ դժվար է արցախցիների մոտ ընդունելի լինել, դա ամբողջությամբ անգամ իրեն չի հաջողվել: Սակայն դա կարճ ժամանակահատվածում հաջողվեց Մոնթեին:
Պ. Մանուկյանը Մոնթեի մահվան ականտեսը չի եղել, բայց մինչ այժմ իր համար Մոնթեի մահն առեղծվածային է: Նա հիշում է, որ հենց Մոնթեի մահվան օրը՝ 1993թ. հունիսի 12-ին, Հայաստանի իշխանությունները Գորիսում խորհրդակցություն են հրավիրում և որոշում հանձնել Քարվաճառը: Ազատամարտիկի համար անհասկանալի է, թե ինչպես մարդիկ, ովքեր Ղարաբաղ գոռալով են հասել իշխանության, այժմ ցանկանում էին հանձնել ազատագրված հողը: Նա համոզված է, որ նման պատահականություններ չեն լինում, և Մոնթեի մահը կապում է այս դեպքի հետ, քանի որ Մոնթեն նման բան չէր հանդուրժի, անգամ մեկ թիզ հող չէր զիջի, «շան սատակ էր անելու»:
Պ. Մանուկյանը պատմում է, որ այդ օրվա իշխանությունների դավադիր կեցվածքը շարունակվեց նաև հունիսի 14-ին, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն այցելեց Արցախ և պահանջեց հանձնել Քարվաճառը:
«Ցավում եմ, որ այդպես էլ անպատիժ մնացին այդ օրվա դավադիրները, բայց Մոնթեն ստիպված եղավ կյանքով հատուցել»,- ասում է Պ. Մանուկյանը:
Նա ափսոսում է, որ Մոնթեի սկսած գործը մնաց կիսատ: Սակայն պատճառը ոչ միայն նրա մահն էր, այլև այն, որ սերունդները չտեղեկացվեցին այդ գործի մասին, Մոնթեի արածը «չներծծվեց սերնդի մեջ»:
Ազատամարտիկի կարծիքով՝ այժմ կան մարդիկ, ովքեր հերոս կոչվելու իրավունք չունեն, և կան հերոսներ, ում անունը ժողովուրդը չգիտի: Իսկ Մոնթեն «կյանքով հատուցած հերոս է»:
Պ. Մանուկյանը հիշում է, թե Արցախյան պատերազմի ժամանակ ռուսները մի շարք հայրենասեր երիտասարդների անձնագրային ռեժիմի պատրվակով ձերբակալում էին, այնուհետև խոշտանգում: 1991թ. հունվարին նա ևս ձերբակալվել է Շուշիում: Շուշիի բանտում իր հետ է եղել ևս 287 հայ: Եվ այդ ժամանակ ռուսական կողմը հայերին պարտադրում էր ընդունել, որ այսուհետև իրենց «ավագ եղբայրը լինելու է ադրբեջանցին»:
«Ա, էս ոչխարը պիտի լինի մեր մեծ ախպերը»,- ասում էին հայերը, որոնք այդպես էլ չընդունեցին ռուսական պահանջը:
«Երբ մեզ էին խոշտանգում, դեռ ոչինչ է, բայց երբ կողքի բանտախցում խոշտանգում էին հայրենակցիդ, ու դու անզորության մեջ էիր, սարսափելի վիճակի մեջ էինք հայտնվում»,- հիշում է Պ. Մանուկյանը:
Մինչև հիմա նրա ականջներում հնչում է, թե Շուշիի բանտում ինչպես էին գոռում դպրոցահասակ երկու եղբայրներ:
«Թուրքը երբեք չի կերպարանափոխվել, և թող երբեք ձեզ չխաբեն, թե թուրքի հետ պետք է ժողովրդավար լեզվով խոսել: Այդ ժողովրդի հետ լեզու բռնելու միակ տարբերակը մահակը ձեռքիցդ չնետելն է»,- ասում է Պ. Մանուկյանը:
Նա հիշում է, որ նույնիսկ իր տան մեջ Լեյլա անունով 14-ամյա թուրք աղջիկ է պահել: Նա լավ երգում էր Դրոյի երգը և ուզում էր Բաքու վերադառանալով՝ այդ երգը երգել նաև այնտեղ: Պ. Մանուկյանի խոսքերով՝ իրենք երբեք զենք չեն բարձրացրել կնոջ, երեխայի, գերու կամ վիրավորի վրա, բայց հաճույքով կրակում էին թուրքին, ով «խփում է իմ ազգին»:
Պ. Մանուկյանը համոզված է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև բախումն անխուսափելի է: Նա ներկայիս իրավիճակը նմանեցնում է մի գնացքի, որը գնում է դեպի անդունդ: Բայց համոզված է, որ ինքն ու իր մարտական ընկերներն իրենց մարմնով պետք է փակեն, կանգնեցնեն այդ գնացքը. դրա մեջ հայ երեխաներն են, ովքեր դեռ չգիտեն, թե ուր են գնում: Նա կոչով դիմում է իր մարտական ընկերներին, որոնցից շատերն այժմ վատ պայմաններում են ապրում, «նեղացկոտություն կա նրանց մեջ», բայց պատերազմի դեպքում կրկին զենք կվերցնեն:
«Տղերք, ձեր հոգուն ղուրբան, դուք շատ բան եք արել, բայց եթե ուզում ենք մեկ անգամ ազգ դառնալ, պետք է մեր արածը չդնենք կշեռքի վրա և չպիտի կշռենք»,- ասում է Պ. Մանուկյանը:
Նրա խոսքով՝ Արցախյան պատերազմում տղաներից շատերը մատաղացու եղան, և ինչպես առածն է ասում, մատաղն ուտում են, ոսկորը շանը չեն շպրտում:
«Ցավալի է, որ շատ հերոսների ոսկորներ շպրտված են: Եթե դու չես սիրում քո հերոսին, ուրեմն թշնամին այդ հերոսին դարձնելու է ավազակ»,- ասում է ազատամարտիկը:
Պ. Մանուկյանի խոսքով՝ կա երկու ճանապարհ. կամ պետք է գնանք զիջումների, ինչը բացառվում է, կամ կսկսվի պատերազմը: Իսկ բախման դեպքում հիմնական հարվածը լինելու է Արցախի հատկապես հարավային շրջանի վրա, որտեղ, Պ. Մանուկյանի կարդացած տվյալներով, գտնվում է աշխարհի նավթի 3/4-ը: Իսկ ԱՄՆ-ից օգնություն սպասելն իզուր է, բացի դրանից՝ այն երբեք չի ճանաչի Հայոց ցեղասպանությունը. «մեր արյամբ շաղախված են նրանց ձեռքերը»:
Ազատամարտիկը կարծում է, որ բախումների դեպքում պետք է պատժվեն Հայաստանի նախկին իշխանությունները: Սակայն կարևորն այն է, որ կռվի ժամանակ երիտասարդների կողքին լինեն իր փորձառու մարտական ընկերները, ովքեր «մեկ ականջ արդեն կտրել են, իսկ շունը ականջ կտրողից է վախենում»:
«Այն ժողովուրդը, որն ուրանում է իր զինվորին, սեփական ձեռքերով փորում է իր գերեզմանը: Զինվորը պետք է լինի սեփական ժողովրդի բարոյական արժեքները կրողը ուսադիրներից բարձր, իր ուսադիրների վրա»,- համոզված է Պ. Մանուկյանը:
Մեկնաբանել