
ՏՏ ոլորտի հսկաներն ահազանգում են. արհեստական բանականության արագ զարգացումը պետք է ժամանակավորապես կանգ առնի
Ժամանակակից տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի առաջատար ներկայացուցիչներն ահազանգում են արհեստական բանականության արագ զարգացման դադարեցման անհրաժեշտության մասին։ Պատճառը մարդկությանը սպառնացող որոշակի վտանգներն են, այդ թվում՝ ողջ աշխարհում զանգավածային գործազրկությունն ու աղքատության ցուցանիշների աճը։ Նրանց պնդմամբ՝ աշխատանքները պետք է դադարեցվեն այնքան ժամանակ, քանի դեռ չեն ստեղծվել, ներդրվել և անկախ փորձագետների կողմից ստուգվել անվտանգության ընդհանուր կանոններ։
Բողոքի այս ալիքը սկսվել է 2023 թվականի մարտի 13-ից հետո, երբ ամերիկյան OpenAI հետազոտական լաբորատորիան հայտարարեց արհեստական բանականությամբ աշխատող նոր՝ GPT-4 համակարգի ստեղծման մասին։ Ըստ OpenAI-ի՝ GPT- 4-ն ամենաառաջադեմ և անվտանգ համակարգն է, որը մշակում է մի քանի անգամ ավելի արագ և արդյունավետ պատասխաններ։ Լաբորատորիան նշում է, որ GPT-4-ը կարող է առավել մեծ ճշգրտությամբ լուծել բարդ խնդիրները՝ շնորհիվ իր ընդհանուր գիտելիքների առավել մեծ շտեմարանի։
Սակայն այս հայտարարությունը բողոքի մեծ ալիքի պատճառ է դարձել արհեստական բանականության համակարգերի ոլորտի առաջատար ներկայացուցիչների շրջանում։ BBC-ի փոխանցմամբ՝ Tesla ընկերության հիմնադիր Իլոն Մասկը, Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը և ոլորտի մի շարք այլ խոշոր դեմքեր, OpenAI-ին ուղղված բաց նամակ են ստորագրել։ Նամակի մեջ մասնավորապես նշվում է. «Մարդկային ուղեղին մրցակից արհեստական բանականությունը կարող է լուրջ վտանգներ ներկայացնել հասարակության և մարդկության համար»։
Նամակը ստորագրած գործիչները պահանջում են դադարեցնել արհեստական բանականության «կայծակնային» զարգացման գործընթացը։ Նրանք կարծում են, որ այն իր մեջ լուրջ ռիսկեր է պարունակում, քանի որ շատ կարճ ժամանակաշրջանում մարդկային ուղեղին մրցակից դարձած արհեստական բանականությունը կարող է առաջ անցնել նրանից։ Նամակի մեջ նշվում է, որ առավել հզոր համակարգի (քան GPT-4-ը - հեղ.) ստեղծումը կդառնա մարդկության գոյությանը սպառնացող վտանգ, այդ իսկ պատճառով GPT-4-ն իր տեսակի մեջ պետք է լինի վերջինը։
Ամերիկյան ABC հեռուստաընկերությունը նշում է, որ բողոքի այս ալիքը պայմանավորված է նրանով, որ արհեստական բանականության համակարգերի ոլորտի առաջատար գործիչները կարծում են, որ նոր հզոր համակարգը հիմնված է բացառապես վիրուսային բոտերի վրա։ Ըստ ամերիկյան հեռուստաընկերության՝ վաղ փորձակումները ցույց են տվել, որ ChatGPT-ի նոր տարբերակի ծրագրային հենքը մեծապես հիմնված է վիրուսային chatbot-երի վրա։ Բազմաթիվ մասնագետներ էլ նշում են, որ այս ամենը կհանգեցնի նաև որոշ մասնագիտությունների վերացմանը, աշխատատեղերի կրճատմանը, զանգավածային գործազրկությանն ու աղքատության ցուցանիշի աճին։
Որպես տարբերակ՝ Իլոն Մասկը, որն զբաղեցնում է նաև Twitter ընկերության գործադիր տնօրենի պաշտոնը, առաջարկում է, որ նոր համակարգի մշակումը դադարեցվի առնվազն 6 ամսով, որի ընթացքում ձեռք կբերվի որոշակի պայմանավորվածություններ։
OpenAI-ը, սակայն, դեռևս չի արձագանքել գործիչների բաց նամակին։
Հետաքրքրական է, որ Իտալիայի անձնական տվյալների պաշտպանության մարմինը ժամանակավորապես սահմանափակել է այդ երկրի տարածքում ChatGPT չաթ-բոտի կիրառումը: Գերատեսչությունը հետաքննություն է սկսել այն բանից հետո, երբ մարտի 20-ին համացանցում հայտնվեցին ChatGPT-ի հետ օգտատերերի զրույցներից արտահոսքեր, ինչպես նաև օգտատերերի վճարային տվյալները։ Վերահսկիչ մարմինը հայտնել է, որ OpenAI-ն ունի 20 օր, որպեսզի արձագանքի ծառայության աշխատանքի սահմանափակմանը և ցույց տա, թե ինչ քայլեր է ձեռնարկել ընկերությունը՝ խնդիրների լուծման համար։ Եթե OpenAI-ը չպատասխանի նշված ժամկետի ընթացքում, ապա նրան սպառնում է տուգանք մինչև 20 միլիոն եվրոյի չափով։
Վահրամ Լազգիյան, Երևանի պետական համալսարանի Քաղաքագիտության բաժնի ուսանող
Իլյուստրացիան՝ Andrey Suslov / Shutterstock
Մեկնաբանել