HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռուսաստանը մտադիր է արգելափակել YouTube-ը

Մոսկվան, մինչև 2023 թվականի չորրորդ եռամսյակը, պատրաստվում է արգելափակել YouTube-ը։ The Octagon-ը գրում է, որ Սի Ծինփինի Մոսկվա կատարած այցից հետո այս հարցում տեխնիկական աջակցություն են ցուցաբերում Չինաստանի փորձագետները։ Ռուսական պարբերականը, սակայն, չի մանրամասնել, թե ինչու են Ռուսաստանում մտադիր արգելափակել այս հարթակը։ 

Լրագրողների տվյալներով՝ Չինաստանից Ռուսաստան է ժամանել 41 տեխնիկական մասնագետ: Նրանք ռուսաստանցի մասնագետների հետ պատրաստում են արգելափակման պլան: 

YouTube-ը Չինաստանում արգելափակված է 2009 թվականից: Չինաստանը վերջին հորիզոնականներից մեկն է զբաղեցնում Համացանցի ազատության ինդեքսում, որն ամեն տարի հրապարակում է Freedom House կազմակերպությունը: Երկրում արգելափակված են արևմտյան բազմաթիվ կայքեր և սոցիալական ցանցեր, դժվարությամբ են գործում VPN ծառայությունները, մեսենջերներում և ֆորումներում գրաքննության են ենթարկվում հաղորդագրությունները։

Այս տարի, ավելի վաղ, ՌԴ նախագահին առընթեր քաղաքացիական հասարակության և մարդու իրավունքների զարգացման խորհրդի անդամ, «Крибрум» հետազոտական և տեխնոլոգիական ընկերության նախագահ Իգոր Աշմանովը հայտարարել էր, որ մինչև այս տարվա աշուն Ռուսաստանում YouTube-ը կարող է արգելափակվել: 

ՌԴ թվային զարգացման նախարար Մաքսուտ Շադաևը, սակայն, վերահաստատել էր, որ ռուսական իշխանությունները չեն պլանավորում արգելափակել YouTube-ը: «Մենք չենք պատրաստվում փակել YouTube-ը: Նախ ինչ-որ բան սահմանափակելիս մենք պետք է հասկանանք, թե արդյոք մեր օգտատերերը չեն տուժում դրանից»,- դեռ նախորդ տարի հայտարարել էր ռուսաստանցի քաղաքական գործիչը։ 

Նախորդ տարվա ապրիլին Պետդումայի տեղեկատվական քաղաքականության, տեղեկատվական տեխնոլոգիաների և կապի հարցերով հանձնաժողովի ղեկավարի տեղակալ Անտոն Գորելկինը ևս նշել էր, որ YouTube-ը մոտ ապագայում կարող է արգելափակվել, եթե չհամապատասխանի անվտանգության պահանջներին: Նա ընդգծել էր, որ այս հարթակն օգտագործվում է «Ուկրաինայում ռուսական հատուկ ռազմական գործողության մասին կեղծ լուրեր տարածելու համար»։ 

2022 թվականի հուլիսին իշխանական «Ապահով համացանցի լիգա» կազմակերպությունը հայտարարել էր, որ փետրվարի 24-ից ի վեր բացահայտվել է «հատուկ ռազմական գործողության» (Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ռուսական պաշտոնական անվանումը - խմբ.) և Ռուսաստանի գործողությունների վերաբերյալ 16,6 միլիոն «ոչ ճշգրիտ տեղեկատվություն»։ Կազմակերպությունն ընդգծել էր, որ դրանց 14,5%-ը YouTube-ում է:

2022 թվականի մարտին ՌԴ Տեղեկատվական տեխնոլոգիաների եւ զանգվածային հաղորդակցության բնագավառի վերահսկողության դաշնային ծառայությունը՝ Ռոսկոմնադզորը հայտարարել էր, որ YouTube-ի սեփականատերերից պահանջել է «որքան հնարավոր է շուտ» դադարեցնել «սպառնալիքներ» տարածել ռուսների դեմ և «հակառուսական տեսանյութեր» հեռարձակել YouTube-ում:

Նախորդ տարվա փետրվարի 24-ից հետո, երբ Ռուսաստանը ներխուժեց Ուկրաինա, YouTube-ը արգելափակեց ռուսական պետական և Կրեմլի կողմից վերահսկվող լրատվամիջոցների, պատերազմին կողմնակից տասնյակ բլոգերների և լրագրողների ալիքները։ Մոսկվան այդ գործողությունն անվանել էր «գրաքննություն»։

Ռուսական իշխող քաղաքական էլիտայում, սակայն, քիչ չեն այն մարդիկ, որոնք դեմ են YouTube-ի արգելափակմանը։ Նրանց թվում է նաև ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ Սերգեյ Կիրիենկոն։ Ինչպես գրում է The Moscow Times-ը, նրանք այն կարծիքին են, որ VPN ծառայությունների միջոցով մարդիկ կշարունակեն հասանելիություն ունենալ YouTube-ին։ Պարբերականի փոխանցմամբ՝ արգելափակմանը կողմ է ՌԴ նախագահի աշխատակազմում տեղեկատվական բլոկի համակարգող Ալեքսեյ Գրոմովը։  

Այդուհանդերձ, ինչպես գրում են արևմտյան լրատվամիջոցները, վերջնական որոշումը պետք է կայացնի Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը, ով, ավելի վաղ, YouTube-ը անվանել էր «արևմտյան հետախուզական գործակալությունների գյուտ» և առաջարկել Ռուսաստանի համար առանձին փակ ինտերնետ ստեղծել։

Պետրոս Սիմոնյան, Երևանի պետական համալսարանի Քաղաքագիտության բաժնի ուսանող

Լուսանկարը՝ TACC գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter