HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայրամովը Հայաստանին մեղադրում է ԵՄ քաղաքացիական առաքելության չարաշահման մեջ

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը Արևելյան գործընկերության հարցերով Եվրամիության հատուկ բանագնաց Դիրկ Շուբելի հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, թե իբր «Հայաստանի կողմից վերջին շրջանում սադրանքների թվի մեծացումը համընկել է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության հետ»։ Ինչպես փոխանցում է Interfax.az-ը, Բայրամովը մեղադրել է Հայաստանին իր «պարտավորություններից խուսափելու մեջ՝ պնդելով, թե իբր հայկական կողմը մշտապես իրականացնում է ռազմաքաղաքական սադրանքներ ու վնաս հասցնում խաղաղության գործընթացին»։

«Հայաստանի կողմից վերջին շրջանում սադրանքների թվի աճը համընկել է Հայաստանում ԵՄ առաքելության գործունեության հետ։ <...> Անթույլատրելի է նշված առաքելության չարաշահումը որպես պատրվակ Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը խաթարելու համար»,- պնդել է Բայրամովը։

Ադրբեջանը շարունակում է տարբեր մակարդակներով իր դժգոհությունը հայտնել եվրոպական քաղաքացիական այս առաքելության Հայաստանում տեղակայման շուրջ։ Այս առումով Բաքվի ու Մոսկվայի շահերը համընկնում են, քանի որ վերջինս ևս դեմ է ԵՄ առաքելությանը՝ պնդելով, թե Բրյուսելը «ցանկանում է Ռուսաստանին դուրս մղել Հարավային Կովկասից»։ Ավելի վաղ, ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան հայտարարել էր, թե Բրյուսելը հետաքրքրված չէ Հայաստանի ու Ադրբեջանի միջև վստահության ձևավորման ու դիրքորոշումների մերձացման շուրջ։ Նրա խոսքով՝ «Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների առողջացման այլընտրանքային հիմք չկա, քան ռուսական միջնորդությամբ ստորագրված փաստաթղթերը»։

Հիշեցնենք, որ 2023 թվականի փետրվարի 20-ից Հայաստանում իր առաքելությունն է մեկնարկել ԵՄ դիտորդական քաղաքացիական առաքելությունը, որը տեղակայվել է հայ-ադրբեջանական սահմանին։ Առաքելությունը կգործի երկու տարի ժամկետով և ենթադրում է մշտական պարեկության իրականացում և տեղում իրավիճակի վերաբերյալ Բրյուսելի համար զեկույցների պատրաստում։ Ինչպես ավելի վաղ հայտարարել էր ԵՄ արտաքին քաղաքական ծառայության ղեկավար Ժոզեպ Բորելը, այս առաքելությունը կնպաստի տարածաշրջանում ԵՄ դիրքերի ամրապնդմանը։

Լուսանկարը՝ APA գործակալության

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter