HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ուսուցիչները դժգոհ են բնակարանի գնման պետական ծրագրին մասնակցելու պայմաններից

Երևանի Նիկոլ Աղբալյանի անվան թիվ 19 դպրոցի ուսուցիչները դիմել են «Հետքի» խմբագրություն և պատմել, որ չեն կարողանում օգտվել «Հանրային ծառայողներին մատչելի բնակարաններով ապահովման Կառավարության ծրագրից», ըստ որի՝ հանրային ծառայողները, ՊՈԱԿ-ների աշխատակիցները կարող են արտոնյալ պայմաններով մասնակցել նոր կառուցվող բնակելի թաղամասում բնակարանի գնման վիճակահանությանը։ 

2022-ի սեպտեմբերի 29-ին ընդունված Կառավարության որոշման համաձայն՝ ծրագրի շահառու կարող են լինել նաև Հայաստանի Հանրապետության վարչապետի համաձայնությամբ, որպես խրախուսում պետական և տեղական ինքնակառավարման մարմինների ենթակայության տակ գործող պետական և համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների այն աշխատակիցները, որոնց գործատուն և աշխատավայրը գտնվում են Երևան քաղաքում։ Այս դեպքում ծրագրի շահառու են հանդիսանում նաև Երևան համայնքի ենթակայության տակ գտնվող դպրոցների աշխատակիցները։ Բնակելի թաղամասը կառուցվում է Գյուլբենկյան 48 հասցեում։ 

Վարչապետի համաձայնությունը կարող է տրվել համապատասխան լիազոր մարմնի ղեկավարի գրավոր հիմնավորված միջնորդության առկայության դեպքում: 

Հայոց լեզվի և գրականության ուսուցչուհի Սուսաննա Սահակյանը 1986 թվականից աշխատում է դպրոցում։ Լսել է, որ առաջնահերություն տրվելու է խրախուսման արժանացած ուսուցիչներին։ «Մենք խրախուսման չենք արժանացել, իրենք էին մեզ պարգևատրողը, իրենք չեն պարգևատրել երբևէ, ուսուցիչներին միայն հիշում են պարսավանքի և նախատինքի ժամանակ, չէ՞ր կարելի առանց նման չափորոշիչների բոլոր ուսուցիչներին հնարավորություն տալ մասակցել ծրագրին։ Երբ հերթը հասնում է մեզ հատուկ պահանջնե՞ր են սահմանում, երբ հերթը հասնում է մանկավարժներին, ամեն ինչ մի քանի անգամ բարդացնում են»,-ասում է Սուսաննա Խաչատրյանը։

Ըստ ուսուցիչների՝ քաղաքապետարանի հանրակրթության վարչությունն արհեստական խոչընդոտներ է ստեղծում, որպեսզի ուսուցիչները չկարողանան օգտվել Հանրային ծառայողներին արտոնյալ պայմաններով բնակարանով ապահովման  ծրագրից։

Քաղաքապետարանից նրանց հայտնել են, որ շահառու կարող են դառնալ այն աշխատակիցները, որոնք երկարամյա փորձ ունեն և արժանացել են խրախուսանքների։ 

Երևանի քաղաքապետարանից մեզ հայտնեցին են, որ անկախ նրանից՝ մասնագետները խրախուսանքի արժանացել են, թե ոչ, կարող են դիմել ծրագրի շահառու դառնալու համար, իսկ խրախուսանքի արժանացած լինելը առավելություն կհամարվի։ Ընտրությունը կատարելու է ոչ թե հանրակրթության վարչությունը, այլ Քաղաքաշինության կոմիտեն: 

«Մեր կոչումների, պարգևների մասին մեր աշակերտները կարող են խոսել, ո՞վ է այսօր նման ցածր աշխատավարձով՝ 100 000  դրամով համաձայնում աշխատել, իսկ մենք սերունդներ ենք կրթում, որ հետո մեզ արհամարհե՞ն, 100 հատ նորմ սահմանեն մի արտոնությունից օգտվելու համա՞ր։ Շատ վիրավորված ենք, ամենաչգնահատված գործով ենք զբաղվում»,-ասում է քիմիայի ուսուցչուհի Սոնա Խաչատրյանը։

Կառավարության Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արմեն Խաչատրյանի խոսքով՝ որոշման նախագիծը կազմել է Քաղաքաշինության կոմիտեն, ուստի որոշմանն առնչվող բոլոր հարցերը պետք է ուղղել նրան: Քաղաքաշինության կոմիտեիցէլ հայտնեցին, որ որոշումը հաստատել է Կառավարությունը, բայց խրախուսված լինելը համարվելու է առավելություն, այն պարտադիր նախապայման չէ: Մանրամասները պատմում են ուսուցիչները՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter