HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

44-օրյա պատերազմ. հետախույզ Էրիկ Եգանյանը զոհվել է Դրախտիկի մերձակա դիրքերում

Էրիկ Եգանյանը 2011-ից ծառայում էր Հայաստանի Զինված ուժերի խաղաղապահ ստորաբաժանումում՝ հետախույզ էր։ Արցախի 44-օրյա պատերազմի առաջին օրը՝ սեպտեմբերի 27-ին, նա տանն էր։ Մայրը՝ Սաթիկ Դավթյանը պատմում է, որ Էրիկը պետք է մեկներ արտերկիր՝ խաղաղապահ առաքելությամբ, բայց քանի որ երկրից բացակայելու օրերը համընկնելու էին դստեր ծննդյան օրվան, նախընտրել էր մնալ Հայաստանում։ Երբ սկսվել է պատերազմը, հրամանատարությունից զանգել ու ասել են, որ իրերը հավաքի և գնա զորամաս։ Ընտանիքի անդամներն այդպես էլ չեն իմացել, թե Էրիկն առաջնագծի որ հատվածում է։

Հոկտեմբերի 21-ին հարազատներն այլևս չեն կարողացել Էրիկի հետ կապ հաստատել։ Անհանգստացել են, քանի որ նա օրվա ընթացքում մի քանի անգամ զանգել է հարազատներին, կասկածել են, որ Էրիկը վիրավոր է։

Էրիկի քրոջ՝ Քրիստինե Եգանյանի ամուսինը՝ Սևակ Ավագյանը, առաջինն է իմացել Էրիկի զոհվելու մասին։ Նրա խոսքով՝ Էրիկը զոհվել է հոկտեմբերի 21-ին, ժամը 14:30-ի սահմաններում, Հադրութի շրջանի Դրախտիկ գյուղի մոտակայքում։ Ընտանիքն Էրիկի մարմինը գտել է զոհվելուց մեկ շաբաթ անց։

Զորամասից եկել ու Էրիկի՝ բակում նստած ընկերոջը՝ Հովիկին հայտնել են Էրիկի զոհվելու մասին։ Վերջինս չի կարողացել ընտանիքի անդամներին հայտնել։ Բոլորը զանգահարել են Հովիկին, բայց նա հեռախոսազանգերին չի պատասխանել։ Ի վերջո, Սևակին հաջողվել է կապ հաստատել նրա հետ, եւ Հովիկը հայտնել է Էրիկի զոհվելու լուրը։ Սևակը կնոջը տեղեկացրել է, բայց խնդրել է դեռ ընտանիքի անդամներին չասել: Զորամասից Սեւակին ասել են, թե կկազմակերպեն նրա մարմնի տեղափոխումը։ 4 օր անց, երբ ոչ մի լուր չի եղել, Սևակը գնացել է Էրիկի մարմինը որոնելու։ Փնտրել է Հայաստանի բոլոր դիահերձարաններում, ի վերջո Էրիկ Եգանյանի մարմինը գտել է Արարատի մարզի Վեդի քաղաքի դիահերձարանում։ Ամբողջ այդ ընթացքում մայրն ու հայրը կարծել են, թե Էրիկը վիրավոր է։

«Որ չէինք գտնում, ուրախանում էինք, ասում էինք՝ հաստատ վիրավոր է, բայց դե Սևակը գիտեր ողջ ճշմարտությունը, ինքն ընկած ման էր գալիս Էրիկին, բայց մենք մինչև վերջ հույս ունեինք, որ ողջ կլինի, ինքն էնքան ուժեղ էր, շատ ուժեղ էր Էրիկը»,-ասում է մայրը։

Էրիկի կողքին է եղել նրա ընկերը՝ Ալիկ Մանուկյանը։ Նրանք խաղաղապահ ուժերում միասին էին ծառայում։ Դրախտիկ գյուղի դիրքերում հայտնվել են շրջափակման մեջ, թշնամու հետ դեմ առ դեմ մարտ վարել։ Եղել են 4 հոգով՝ հրամանատար Արտակ Տոնոյանը, Ալիկ Մանուկյանը, Էրիկը, փոխգնդապետ Սերգեյ Ավետիսյանը, որը մեքենայի ղեկին էր։ Ալիկը ոտքից է վիրավորվել, հրամանատարը՝ ձեռքից, իսկ Էրիկի ստացած վիրավորումը մահացու է եղել, քանի որ փամփուշտը վնասել է ներքին օրգանները։ Օգնության եկած զինվորները վիրավորներին հանել են շրջափակումից: Նրանց տեղափոխել են Կարմիր Շուկայի հոսպիտալ, ապա՝ Ստեփանակերտ։ Որոշ ժամանակ անց ընկերները Էրիկի մարմինը դուրս են բերել իրենց դիրքից եւ տեղափոխել Կարմիր Շուկայի հոսպիտալ: 

Այդ օրը՝ հոկտեմբերի 21-ին խաղաղապահ ստորաբաժանման հրամանատար գեներալ-մայոր Արտակ Տոնոյանի հրամանով ստորաբաժանման գումարտակները հետ են քաշվել զբաղեցրած դիրքերից: 

40-ամյա Էրիկ Եգանյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական Խաչ» 2-րդ աստիճանի շքանշանով և «Արիության համար» մեդալով։

Մանրամասները հարազատները պատմում են տեսանյութում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter