HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ռազմարդյունաբերական ցուցահանդեսում հայկական տաղավարի ծախսերը կազմել են 114 մլն դրամ. ԲՏԱՆ-ը գոհ է մերոնց մասնակցությունից

Աբու Դաբիում փետրվարի 20-24-ն անցկացված «IDEX-2023» միջազգային ռազմական ցուցահանդեսին Հայաստանից մասնակցել է 18 ընկերություն, որոնք հանդես են եկել միասնական տաղավարով: Ցուցահանդեսին մասնակցելու աշխատանքները համակարգել է ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության ենթակայությամբ գործող Ռազմարդյունաբերության կոմիտեն:

ԲՏԱՆ-ը հայկական մասնակցությունը գնահատում է դրական ու հաջողված

ԲՏԱ նախարարությունը, ի պատասխան «Հետքի» հարցման, հայտնել է, որ Հայաստանի մասնակցությունը ցուցահանդեսին գնահատում է դրական ու հաջողված, քանի որ ցուցահանդեսի ժամանակ հայկական միասնական տաղավարն աչքի է ընկել ցուցադրվող նմուշների բազմազանությամբ, պաշտպանական արդյունաբերության տարբեր ոլորտների ընդգրկմամբ, մասնակիցների արհեստավարժ մոտեցմամբ, ինքնատիպ կահավորանքով ու կառուցվածքով, ինչը նպաստել է «IDEX-2023»-ի ամբողջ ընթացքում տաղավարի հանդեպ մեծ հետաքրքրության պահպանմանը:

Հարցին, թե ինչ ձեռքբերումներ են ունեցել ցուցահանդեսի մասնակից հայկական ընկերությունները, ԲՏԱՆ-ից փոխանցել են. «Հայաստանյան ռազմարդյունաբերական ընկերությունները կարողացել են գործնական կապեր հաստատել արտերկրի գործընկերների հետ, ծանոթանալ պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառի նորագույն լուծումներին եւ ներկայանալի դառնալ արտաքին աշխարհում՝ նպաստելով ինչպես գործարար համբավի, այնպես էլ Հայաստանի՝ որպես պաշտպանական տեխնոլոգիաների բնագավառում դինամիկ զարգացող եւ առաջատար լուծումներ մշակող երկրի ճանաչմանը»:

1993-ից ԱՄԷ մայրաքաղաքում անցկացվող «IDEX»-ը (International Defence Exibition and Conference) պաշտպանական ոլորտի միջազգային ցուցահանդես ու կոնֆերանս է, որը կազմակերպվում է երկու տարին մեկ: Ցուցահանդեսը բավականին մեծ ճանաչում ու հարգանք ունի աշխարհում. այստեղ ներկայացվում են ռազմարդյունաբերական ոլորտի օդային, ծովային ու ցամաքային սեգմենտների տարատեսակ ցուցանմուշներ, ձեռք բերվում գործարար կապեր, հնարավորություն ստեղծվում նոր պատվերների ու ներդրումների համար: Այս տարի կազմակերպվել էր 16-րդ ցուցահանդեսը:

Հայաստանը ներայացված է եղել նաեւ նախորդ երկու ցուցահանդեսներին: 2019-ին մեր երկրից ցուցահանդեսին մասնակցել է 13 ընկերություն, 2021-ին՝ 14 (նախորդ ցուցահանդեսի մասնակիցներին կարող եք ծանոթանալ այստեղ):

Այս տարվա 18 մասնակիցներն են՝

«Երեւանի մաթեմատիկական մեքենաների գործարան» ՓԲԸ
«Էյրվորքեր» ՍՊԸ (մասնակցել է նաեւ 2021 թ.)
«Արմոր Արմ» ՍՊԸ (մասնակցել է նաեւ 2021 թ.)
«Դ.Վ.Բ.-Կոնարկ» ՍՊԸ (մասնակցել է նաեւ 2021 թ.)
«Էլեկտրոն» ԲԲԸ (մասնակցել է նաեւ 2021 թ.)
«Գառնի-Լեռ» ԳԱՄ ՓԲԸ
«ԷյԴիԻքս Սիստեմս» ՍՊԸ
«ԱՏԳ» ՓԲԸ
«Արագած» ՍՊԸ (մասնակցել է նաեւ 2021 թ.)
«ԷյԱյՓի Թեք» ՓԲԸ
«Սցիլլա» ՍՊԸ
«Արսենալ ԼՏԴ» ՍՊԸ (մասնակցել է նաեւ 2021 թ.)
«ԳեոՎայբ» ՓԲԸ
«Գեոկոսմոս» ՓԲԸ
«Դավիսուր» ՍՊԸ
«Էփրիկոթ» ՍՊԸ
«Ինստիգեյթ Ռոբոտիքս» ՓԲԸ
«Միլկոմ» ՓԲԸ

Ցուցահանդեսին մասնակցելու աշխատանքները համակարգել է ՌԿ-ն

Այս տարի, ինչպես տեղեկացել ենք ԲՏԱՆ-ից, «IDEX»-ին մասնակցելու աշխատանքները համակարգել է նրան ենթակա Ռազմարդյունաբերության կոմիտեն (ՌԿ)՝ նախարարության այլ կառուցվածքային ստորաբաժանումների ակտիվ մասնակցությամբ եւ աջակցությամբ:

Հիշեցնենք, որ 2019-ին եւս այս կոմիտեն էր համակարգողը, բայց այն ժամանակ վերջինս ենթարկվում էր ՊՆ-ին, իսկ 2021-ին, ինչպես փոխանցել էր «Հետքի» աղբյուրը, համակարգման պարտականությունը դրվել էր ոչ թե այդ ոլորտում բավարար փորձ ունեցող ՌԿ-ի աշխատակիցների վրա, այլ ԲՏԱ նախարարության շուկայի զարգացման վարչության աշխատողների, ինչն էլ շղթայական ձախողումների պատճառներից մեկն էր դարձել, եւ հայկական ընկերությունների 23 ցուցանմուշները Երեւան-Մոսկվա-Աբու Դաբի ճանապարհի կեսին՝ Ռուսաստանի մայրաքաղաքում, արգելափակվել էին, քանի որ ՌԴ մաքսավորները դրանց առնչվող փաստաթղթերում խնդիրներ էին տեսել: Ցուցանմուշները, այդպես էլ «IDEX-2021»-ին չմասնակցելով, Հայաստան էին վերադարձվել միայն 2022 թ. հուլիսին:

Ո՞վ է կազմակերպել լոգիստիկան. այն արժեցել է 5,4 մլն դրամ

Ըստ էության, ԲՏԱ նախարարությունը որոշ դասեր է քաղել 2021 թ. դառը փորձից, քանի որ այս անգամ ոչ միայն կրկին ՌԿ-ին է հանձնարարվել համակարգումը, այլեւ առանց խոչընդոտների է տեղի ունեցել ցուցանմուշների տեղափոխումը Աբու Դաբի: Հիշեցնենք, որ 2021-ին մի քանի մեծ ցուցանմուշների պատճառով Երեւան-Աբու Դաբի չվերթը պատվիրակվել էր ոչ թե արաբական կամ հայկական որեւէ ավիաընկերության, այլ ռուսական «Աէրոֆլոտին» (ԲՏԱՆ-ը նախկինում հերքում էր, որ ինքն է եղել փոխադրման պատասխանատուն, սակայն վերջերս մեզ հայտնել է, որ 2021-ին ինքն է եղել թե՛ բեռն ուղարկողը, թե՛ ստացողը 2022-ին):

Այս տարի ցուցանմուշների տեղափոխումը օդային ու ցամաքային ճանապարհով միջազգային գործընկերների հետ կազմակերպել է ԲՏԱՆ-ին ենթակա «Հատուկ կապ» ՓԲԸ-ն:

Այս ընկերության գործունեության հիմնական տեսակներն են ՀՀ նախագահի, Ազգային ժողովի, Կառավարության, վարչապետի, նախարարությունների, տարածքային կառավարման մարմինների, ՀՀ պետական եւ ոչ պետական բանկերի, պետական կառավարման եւ այլ մարմինների, ՀՀ տարածքում տեղակայված զորամասերի, ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցիչների փոստային օպերատիվ կապի ապահովումը, հատուկ կարեւորության, հույժ գաղտնի, գաղտնի ու այլ ծառայողական թղթակցությունների եւ ծրարների փոխադրումն ու դրանց պահպանությունը, ինչպես նաեւ ֆիզիկական ու իրավաբանական անձանցից թանկարժեք մետաղների եւ քարերի, դրանցից պատրաստված իրերի, փոխառությունների, արժեթղթերի, վիճակախաղերի տոմսերի ընդունումը, առաքումը եւ դրանց պահպանությունը:

Նախարարությունը չի հայտնել, թե կոնկրետ որ ավիաընկերության (ավիաընկերությունների) միջոցով են ցուցանմուշները տեղափոխվել ԱՄԷ եւ վերադարձվել Հայաստան: Այսինքն՝ հստակ չէ, թե ովքեր են «Հատուկ կապ» ՓԲԸ-ի՝ բեռնափոխադրմանը մասնակցած միջազգային գործընկերները, որոնց մասին նշել է ԲՏԱՆ-ը:

Սակայն հստակ է, որ նմուշներն այս անգամ Ռուսաստան չեն հասել, ինչպես 2021-ին: Դրանք անցել են Երեւան-Աբու Դաբի-Շարժա-Երեւան ուղեգծով: Տեղափոխման ամբողջական ծախսը, ըստ նախարարության, կազմել է 5.035.000 դրամ, մաքսային ձեւակերպումներն ու այլ ծախսերը՝ 400 հազ. դրամ:

Տաղավարին առնչվող եւ հարակից ծախսերը կազմել են 114 մլն դրամ

2021-ին ԲՏԱՆ-ը «IDEX»-ում հայկական տաղավարի վարձակալության ու ապահովագրության համար վճարել էր շուրջ 108 մլն դրամ: 23 մլն դրամ էլ վճարվել էր տաղավարի կառուցապատման ու դիզայներական աշխատանքների համար: 139 հազ. դրամ էլ կազմել էին ներկայացուցչական ծախսերը: Ընդհանուր՝ 131 մլն դրամ:

«IDEX-2023»-ում 172 քմ մակերեսով միասնական տաղավար վարձակալելու համար նախարարությունը վճարել է 77 մլն դրամ, ապահովագրությունն արժեցել է 800 հազ. դրամ, տաղավարի կառուցապատման ծախսերը կազմել են 28 մլն դրամ, 750 հազ. դրամ հատկացվել է տաղավարում ցուցադրված անիմացիոն հոլովակի պատրաստման համար, 618 հազ. դրամ էլ ծախսվել է՝ «IDEX-2023»-ի օրերին նկարահանումներ կատարելու եւ վիդեոնյութեր պատրաստելու համար: Եվս 744 հազ. դրամ վճարվել է՝ միասնական տաղավարում ներկայացված հայկական ընկերություններին ինտերնետով ապահովելու համար: Այսպիսով՝ տաղավարին առնչվող ծախսերը ընդհանուր եղել են 108 մլն դրամ: Եթե սրան գումարենք տաղավարում ներկայացված հայկական ցուցանմուշների լոգիստիկայի ծախսերը (տեղափոխություն եւ մաքսային ծախսեր), որոնք, ինչպես վերեւում նշեցինք, եղել են 5,4 մլն դրամ, ապա ընդհանուրը կկազմի 114 մլն դրամ:

«Tawazun»-ի հետ համագործակցության հստակ քայլեր դեռ չկան

«IDEX-2023»-ին այցելել է նաեւ ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը: Նախարարության փոխանցմամբ՝ Խաչատրյանը շրջել է «IDEX-2023»-ի 12 թեմատիկ ցուցասրահներով, ծանոթացել ցամաքային, ծովային եւ հակաօդային պաշտպանության ոլորտների վերջին տեխնոլոգիաներին, մտքեր փոխանակել հայկական ընկերությունների ներկայացուցիչների հետ:

ԱՄԷ կատարած այցի շրջանակներում ԲՏԱ նախարարը հանդիպել է ԱՄԷ կառավարության Կիբեռանվտանգության խորհրդի ղեկավարին, զրուցակիցներն անդրադարձել են կիբեռանվտանգության ոլորտում Հայաստանի եւ ԱՄԷ-ի երկկողմ համագործակցության հնարավորություններին: Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում կիբեռանվտանգության ոլորտին առնչվող փոխըմբռնման հուշագիր ստորագրել ոլորտային համագործակցությունը կանոնակարգելու նպատակով: Աբու Դաբիում Ռ. Խաչատրյանը հանդիպել է նաեւ Եգիպտոսի ռազմական արտադրության պետնախարարին, կողմերն անդրադարձել են ռազմաարդյունաբերության եւ ռազմատեխնիկական ոլորտներում առկա համագործակցությանն ու  հեռանկարներին: Բացի դրանից՝ հայ ու եգիպտացի պաշտոնյաները քննարկել են այս տարվա դեկտեմբերի 4-7-ը Կահիրեում կայանալիք ​​«EDEX-2023» պաշտպանական ցուցահանդեսի մանրամասները։

ԱՄԷ-ում նախարար Խաչատրյանը հանդիպումներ է ունեցել նաեւ այդ երկրի պաշտպանության պետնախարարի ու «Tawazun» տնտեսական խորհրդի գործադիր տնօրենի հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են հայ-արաբական ռազմատեխնիկական համագործակցության ներկա ընթացքն ու զարգացման հեռանկարները։ Կողմերն ընդգծել են նախկինում ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու, երկկողմ համագործակցության շարունակականությունն ապահովելու կարեւորությունը:

ԲՏԱ նախարարության հաղորդագրությունը Հայաստանի ու ԱՄԷ-ի միջեւ մինչ այս ձեռք բերված պայմանավորվածությունները կյանքի կոչելու եւ համագործակցությունը շարունակելու մասին հատկանշական է, քանի որ նույն «Tawazun» տնտեսական խորհրդի հետ իսկապես նախկինում եղել է գործնական պայմանավորվածություն:

ԱՄԷ-ի «Tawazun» տնտեսական խորհուրդն իր երկրում պատասխանատու է կայուն պաշտպանական եւ անվտանգային արդյունաբերության ստեղծման ու զարգացման համար: 2021-ին, հղում անելով ռազմարդյունաբերության ոլորտում մեր աղբյուրին, գրել էինք, որ «Tawazun»-ը դեռ «IDEX-2019»-ի ժամանակ գործնական հետաքրքրություն էր ցուցաբերել Հայաստանի հանդեպ. ըստ այդմ՝ այն պատրաստ էր ներդրումներ կատարել Հայաստանի ռազմարդյունաբերական ոլորտում, սակայն ծրագրերի իրականացմանը խանգարեցին կորոնավիրուսի համավարակն ու 2020 թ. պատերազմը: Բնականաբար, «IDEX-2019»-ի շնորհիվ «Tawazun»-ի հետ ձեռք բերված գործարար կապը միակը չի եղել, բայց այն եղել է նշանակալի հաջողություն:  

Հաշվի առնելով, որ Ռ. Խաչատրյանն այս տարի հանդիպել է «Tawazun»-ի գործադիր տնօրենին՝ ԲՏԱՆ-ից հետաքրքրվել էինք, թե արդյոք կարելի է ասել, որ արաբական կողմն առաջիկայում ներդրումներ է անելու Հայաստանում, թե, ամեն դեպքում, վաղ է այդ մասին խոսելը: Նախարարությունից արձագանքել են. «Այս մասով դեռ վաղ է խոսել, տեղեկատվություն կարող ենք տրամադրել միայն համագործակցության վերաբերյալ հստակ քայլերի եւ արդյունքների դեպքում»:

Լուսանկարները՝ ԲՏԱՆ-ի կայքից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter