HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Պա հիբա՞ անջատվում լյուսը. շրջափակման 126-րդ օր

Արմինե Լազարյանի օրը վազքով է սկսվում․ նախաճաշ պատրաստել երեխաների համար, հագցնել նրանց, ուղարկել դպրոց, հասցնել պատրաստվել աշխատանքի։ Երբ առավոտյան ժամը 7-ին էլեկտրականությունն անջատվում է, Արմինեն գործերը կիսամութ սենյակներում է անում։ Ասում է՝ ամենադժվար ժամն է։ «Առավոտյան 9-ին աշխատանքի ենք, երեխաները՝ դասի։ Երբ 7-8-ը լույս չի լինում, ստիպված եմ լինում ամեն ինչ վերջին պահին անել»,- պատմում է նա։ 

Արմինեի երեխաները՝ Լիոնան ու Մհերը հաճախում են Ստեփանակերտի թիվ 5 դպրոց․ Լիոնան՝ 3-րդ դասարան, Մհերը՝ նախադպրոցական խումբ։ Երեխաների համար վարսակով ապուրը պատերազմի ժամանակ ձեռք բերած գազաբալոնին է պատրաստում։ Ասում է՝ էլեկտրական սալ ունի, բայց աշխատում է չօգտագործել։ 

«Լոգարանի ջուրն էլեկտրականությամբ է տաքանում, միշտ ասում եմ՝ «մեր փայ լյուսը էդ ա», դրա համար աշխատում եմ հնարավորինս կրճատել էլեկտրականության մյուս ծախսերը։ Այս գազաբալոնից բացի՝ մի փոքրն էլ ունենք։ Գազն էլ եմ խնայում, թեկուզ պարբերաբար լիցքավորելու հնարավորություն ունենում ենք»,- ասում է Արմինե Լազարյանը։ 

Էլեկտրականության առաջին անջատումների մասին պատմելիս Արմինեն հիշում է 2020 թվականի նոյեմբերի վերջը, երբ Երևանի փոքր հյուրանոցից նոր էին վերադարձել Ստեփանակերտի Վաղարշյան փողոցում գտնվող իրենց տուն։ «Խոր աշուն էր, տանը գազ ու լույս չկար, երեխաները մի քանի օր վերարկուներով են քնել։ Երբ լույսի առաջին անջատումների հետ գազամատակարարումն էլ էր դադարեցվել, տպավորություն էր՝ պատերազմին հաջորդած ժամանակներն են։ Մի քանի օր տևեց, մինչև փայտի վառարան գտանք։ Մինչ այդ գազի վառարան էինք օգտագործում»,- հիշում է Արմինեն։ Ասում է՝ երբ էլեկտրականությունը երկու ժամ անընդմեջ էին անջատում, երկրորդ ժամն անտանելի ցուրտ էր լինում։ 

Արմինեն պատմում է, որ հոր շնորհիվ դեռ փոքրուց էր գլուխ հանում էլեկտրականությունից ու էլեկտրական սարքերից։ «Հայրս էլեկտրացանցում էր աշխատում։ Ինձ սովորեցրել էր, թե էլեկտրական որ սարքերն են ամենածախսատարները։ Անջատումներն ինչ սկսել են, գրեթե բացառել եմ փոշեկուլի, արդուկի, ջեռոցի և էլեկտրական սալի օգտագործումը։ Տան գորգերը հանել, միայն մեկն եմ թողել, որ փոշեկուլի կարիք շատ չլինի։ Միայն խիստ անհրաժեշտության դեպքում էլ արդուկում եմ վերևի հագուստը։ Տանը միայն լեդ լամպեր ենք օգտագործում, լիցքավորվող լամպեր չեմ էլ գնել»,- պատմում է նա։ 

Երեկոյան անջատումներին լամպ էին վառում։ «Ռոմանտիկա է մերը։ 30 տարեկան լամպ է։ Հանել եմ, լվացել, որ օգտագործենք։ Հին իրերի դարակում էինք պահում։ Հիմա միշտ անձեռոցիկով մաքրում եմ, որ դուրս գցած յուղը լամպը չսևացնի։ Ամուսինս այնքան ասաց՝ զգու՛յշ եղիր, չկոտրես, որ վերևի մի փոքր հատվածը ճաքացրեցի։ Բայց լուրջ բան չկա, երեկոները դեռ երբեմն վառում ենք»,- ասում է նա։  

Արմինեն 33 տարեկան է։ Լամպ վառելու մանրամասները դեռ մանկուց է հիշում, երբ Արցախյան առաջին պատերազմից հետո հաճախ էին էլեկտրականության անջատումներ լինում։ Մայրը պտուտակով բարձրացնում էր լամպի լեզվակը, վառում այն, ու միայն իջեցնելուց հետո դնում լամպի ապակին։ Ասում է՝ լեզվակն իջեցնելն ամենակարևոր պահն է, եթե ապակին դնես առանց լեզվակն իջեցնելու, այն կպայթի։

Երբ 2023-ի հունվարի 9-ին վնասվեց Արցախը սնուցող էլեկտրագիծը, հունվարի 10-ից սկսվեցին հովհարային առաջին անջատումները։ Հունվարի 17-ից անջատումներն օրական երեք անգամ էին՝ երկու ժամ տևողությամբ, փետրվարի 10-ից 6 անգամ` մեկ ժամ տևողությամբ։ Իսկ արդեն մարտի 31-ից անջատումներն իրականացվում են օրական 3 անգամ` մեկ ժամ տևողությամբ, երեկոյան ժամը 7-ից հետո անջատումներ չեն լինում։ Ըստ Արցախէներգոյի տարածած հայտարարության՝ հովհարային անջատումները վերանայվել են, որովհետև «հանրապետության տարածքում գործող մի շարք ձեռնարկություններ, որոնք հանդիսանում են էլեկտրաէներգիայի խոշոր սպառող, շրջափակման պատճառով գործունեություն չեն ծավալում, ինչպես նաև բարենպաստ եղանակային պայմանների պատճառով կրկնակի նվազել է ընդհանուր սպառումը ու շուրջ 40%-ով աճել գետերի հունի վրա աշխատող փոքր հէկերի արտադրանքը»։ 

«Երեկոյան ժամը 7-ից հետո լույս ունենալն իսկական տոն է։ Երեխաները դեռ չեն հարմարվել։ Անընդհատ հարցնում են՝ «պա հիբա՞ անջատվում լյուսը», մտածում են՝ պետք է անջատվի»,- նշում է Արմինե Լազարյանը։ Ասում է՝ ինչ անձրևները սկսվել են, հանգիստ է, գիտի, որ գոնե ներկա ռեժիմով որոշ ժամանակ դեռ էլեկտրականություն կունենան։ 

«Ցերեկները երեք ժամ անընդմեջ լույս ենք ունենում։ Անընդհատ հետևում եմ անջատումների գրաֆիկին։ Պարզապես պետք է ամեն ինչ պատասխանատվությամբ պլանավորել։ Եթե լույսերը տալիս են, իսկ դու լվացքի մեքենան չես հասցրել միացնել ու անել լվացքդ, վերջ, ժամանակդ կորցնում ես։ Պետք է մի քանի ժամ նորից սպասես ու հնարավոր է՝ չհասցնես էլ այդ օրը գործդ վերջացնել»,-ասում է Արմինեն։  

Երբ գազամատակարարումը վերականգնվում է, նա եփում է տանն եղած միսը, հետո այն մաս-մաս տեղավորում տոպրակների մեջ ու պահում սառցարանում։ «Պլիտին կամ գազին բալոնչիկին յիրա քանե՞ ժամ պիտի մես իփիմ․ համ էտ լյուսնա մղափուն, համ գազը»,- ասում է Արմինեն։ Կերակուր պատրաստելիս հանում է նախօրոք եփած, սառեցրած միսը և միանգամից ավելացնում եռացող ճաշի մեջ։ Բացի այդ, ձավարեղեն պատրաստելիս նախօրոք դրանք թրջում է։ «Առավոտյան հնդկաձավարի վրա տաք ջուր եմ լցնում, կեսօրին, երբ գալիս եմ տուն՝ ընդմիջման, արդեն պատրաստ է լինում։ Մնում է միայն 10 րոպե տաքացնել, աղ ու ձեթ ավելացնել։ Այդպես կարողանում եմ խնայել էլեկտրականությունն էլ, գազն էլ»,- էլեկտրականությունը խնայելու եւ ամեն ինչ տնտեսելու իր փորձն է փոխանցում նա։ 

Չնախատեսված անջատումներ նույնպես լինում են, որի մասին նախօրոք տեղեկացվում են։ Շատ հաճախ նախատեսվածից երկար է տևում։ Արմինեին այցելելու ամբողջ ընթացքում տանը լույս չկար ու չգիտեր, թե երբ է լինելու։ 

Արցախը Հայաստանից սնուցող բարձրավոլտ էլեկտրագծի վթարից հետո երկրում էլեկտրաէներգիայի հիմնական արտադրողը Սարսանգի հէկն է, որը հագեցած է երկու հիդրոտուրբիններով՝ յուրաքանչյուրը 25 ՄՎտ դրվածքային հզորությամբ և վայրկյանում 33,2 խմ ջրի օգտագործման ծավալներով։ Ըստ «Արցախ հէկի» կայքէջում հրապարակված տվյալների՝ 2019 թվականին ընկերության արտադրության ծավալը կազմել է 184,9 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, որը շուրջ 80 մլն կՎտ/ժ-ով ավելի է 2011 թվականի ծավալից։ 2019 թվականին Սարսանգ հէկի արտադրության ծավալը կազմել է 84,2 մլն կՎտ/ժ էլեկտրաէներգիա, ինչն ընդհանուր արտադրված էլեկտրաէներգիայի շուրջ 45 տոկոսն է։ Էլեկտրագծի վթարից հետո հէկն աշխատում է ամբողջ հզորությամբ։ Նախորդ տարվա համեմատությամբ էլեկտրաէներգիա արտադրելու համար ներկայումս 2,5 անգամ ավելի շատ ջուր է ծախսվում։ Այս մասին «Հետքին» հայտնել են «Արցախ հէկ»-ից։ Մեզ նաև տեղեկացրել են, որ ջրամբարի ջրի մակարդակը 2022 թվականի նույն շրջանի համեմատությամբ իջել է մոտ 10 մետրով։ Օրվա պահանջարկից կախված՝ միջինում ջրի մակարդակն օրական իջնում է 25-30 սմ-ով։ 

«Արցախ հէկ»-ից հավելել են, որ եթե առաջիկա ամիսներին մթնոլորտային առատ տեղումներ չլինեն, 2023 թվականի աշնանը հիդրոէլեկտրակայանը հնարավորություն չի ունենա էլեկտրաէներգիա արտադրել։ 

Արցախի Ջրային կոմիտեի նախագահի պաշտոնակատար Արարատ Խաչատրյանի խոսքով՝մեկ օրվա ընթացքում Սարսանգի ջրամբար է մտնում 0,5 մլն խմ ջուր, դուրս է գալիս՝ 2 մլն խմ։ «Սրանք մոտավոր թվեր են։ Թարթառ գետի հոսքը նախորդ տարվա համեմատությամբ գրեթե նույնն է, սակայն տարեցտարի ոչ միայն Թարթառի, այլ Արցախում բոլոր գետերի հոսքը պակասել է։ Սրա հիմնական պատճառը երաշտն է»,- ասում է Արարատ Խաչատրյանը։ Նա նշում է, որ մարդածին գործոններից որոշակի ազդեցություն ունեն անտառահատումները, սակայն՝ շատ քիչ։ «Սարսանգի ջրի վերականգնումը հնարավոր է միայն Թարթառ գետի հաշվին։ Եթե լինեն տեղումներ, ջրամբարի մակարդակը կվերականգնվի»,- ասում է նախագահի պաշտոնակատարը։ Սարսանգի ջրի վերականգնման այլընտրանքային տարբերակների կամ ծրագրերի քննարկման աշխատանքներ չեն տարվում, Կոմիտեն նման առաջարկներ Կառավարությանը չի ներկայացրել։ «Հետքը» Ջրային կոմիտեին հարցրել է նաև Սարսանգի ջրամբարի մեռյալ հատվածում (մեռյալ հատվածը ջրամբարում պահվող ջրի այն ծավալն է, որն օգտագործման ենթակա չէ) կոշտ նյութերի կուտակման, դրա ներկայիս չափի հաշվարկման, ջրամբարի մակարդակի նվազմամբ պայմանավորված՝ պատճառված վնասների գնահատման աշխատանքների մասին։ Կոմիտեի նախագահը հայտնել է, որ ջրամբարի մեռյալ հատվածը տարեցտարի լցվում է, սակայն ջրամբարի թասում հավաքված կոշտ նյութերի քանակի որևէ հաշվարկ չկա, ինչպես նաև՝ որևէ խոսք չի կարող լինել ջրամբարի թասի մաքրման մասին։ «Դա մեծ աշխատանք է ու անիմաստ, քանի որ հողի այդ շերտը հանելու համար բավականին մեծ ծախս է պահանջվում, այդպիսի բան չեն անում»,- ասում է Կոմիտեի նախագահը։ Ինչ վերաբերում է հասցված վնասների գնահատման աշխատանքներին, խոսքը մասնավորապես նաև ջրամբարում առկա ձկան որոշ պաշարի մասին է, այդպիսիք նույնպես չեն իրականացվում։ Հիշեցնենք, որ 2021 թվականի ապրիլին 40 հազար մանրաձուկ է բաց թողնվել Սարսանգի ջրամբար։ Միաժամանակ, ջրի մակարդակի իջնելու պատճառով կան բացված հողատարածքներ, որոնց մակերեսի հաշվարկ նույնպես չկա։ Տեղացիների խոսքով՝ այդ հատվածներից իրենք ձուկ են հավաքել։ 

Աշխարհագրական գիտությունների թեկնածու Վիլեն Սաֆարյանի խոսքով՝ Սարսանգ թափվող գետերի տարեկան գումարային հոսքը 750 մլն խմ էր, որը բավական էր ջրամբարը միշտ լցված պահելու համար։ «Տարածաշրջանում ընդհանուր տեղումների քանակը քչացել է։ Մենք մոնիթորինգային գործող նորմալ ցանց չունենք տեղումների քանակը հստակ հաշվարկելու համար, սակայն մեզ հասանելի որոշ տվյալներ ցույց են տալիս, որ տարածաշրջանում վերջին 30 տարում ջերմաստիճանը բարձրացել է 0,8 աստիճանով։ Դա բավականին բարձր ցուցանիշ է։ Սրանով պայմանավորված՝ քչացել է տեղումների քանակը, փոխվել է տեղումների տարածաժամանակային բաշխումը, նվազել է գետային հոսքը։ Թարթառի տարեկան հոսքը ներկայումս չի գերազանցում 600-650 մլն խմը։ Գործարկումից ի վեր գետը կոշտ նյութեր է տեղափոխում, որը նստում է ջրամբարի թասում։ Իմ հաշվարկներով՝ մինչև 35 մլն խմ ծավալի նյութ է կուտակվել, որն իր հերթին մեծ քանակությամբ ջուր է ներծծում։ Միաժամանակ, ջրամբարի հայելու մակերեսը բավական մեծ է (14,2 քկմ), և մեծ քանակությամբ ջուր էլ, սրանով պայմանավորված, գոլորշիանում է։ Այս կորուստները հաշվի առնելով՝ ջրամբարի լրիվ դատարկվելու դեպքում այն հնարավոր կլինի լցնել, եթե մի տարի ջրամբարից ընդհանրապես ջուր չվերցվի»,- պարզաբանում է Սաֆարյանը։ 

Սարսանգի ջրամբարն Արցախի և Հայաստանի Հանրապետության ամենամեծ ջրամբարն է։ Դրա ընդհանուր ծավալը 565 մլն խմ է, որից օգտակար ծավալը՝ 495 մլն խմ։ 

Այն սկսել է կառուցվել 1965 թվականից։ Սրա մասին տեղեկանում ենք «Սովետական Ղարաբաղ» թերթի 1967 թվականի ապրիլի 8-ի համարում լույս տեսած «Լեռները, գետը և մարդիկ» հոդվածից։ Հոդվածում ասվում է, որ առաջին շինարարները Սարսանգի ձոր ոտք են դրել 1965 թվականի հուլիսին։ Կառուցման աշխատանքներն ավարտվել են 1976 թվականին։ Ջրամբարը նախատեսված է եղել ոչ միայն էլեկտրաէներգիա արտադրելու, այլ ոռոգման նպատակով օգտագործելու համար։ Խորհրդային տարիներին Սարսանգի ջրով էին ոռոգվում ադրբեջանական ու հայկական հազարավոր հեկտար հողեր։ Արցախյան առաջին պատերազմից հետո Մատաղիսի ջրամբարից սկիզբ առնող ջրատարի ներքևի պոմպակայանը մնացել էր Ադրբեջանի վերահսկողության տակ։ Դրա պատճառով Մատաղիսի ներքևից դեպի Մարտակերտ և Ակնա գնացող ջրանցք ջուր չէր մտնում, որի հետեւանքով այս բնակավայրերի հողերը չէին ոռոգվում։ 

2022 թվականի օգոստոսի 23-ին Սարսանգի ջրամբարի մոտ հանդիպել էին Արցախի Հանրապետության Ջրային կոմիտեի աշխատակիցները և Ադրբեջանի «Մելիորացիա և ջրային տնտեսություն» ընկերության ներկայացուցիչները։ Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի տարածած հայտարարության՝ հանդիպումը կազմակերպվել էր «Սարսանգի ջրերի փոխշահավետ օգտագործման հարցի քննարկման նպատակով»։ Հայտարարության մեջ միաժամանակ ասվում է, որ քննարկվել են ջրային ռեսուրսների ռացիոնալ օգտագործման հնարավոր տարբերակներ՝ «հաշվի առնելով Սարսանգի ջրամբարի հանդեպ Արցախի Հանրապետության վերահսկողությունը, իսկ ոռոգման ենթակառուցվածքների հանդեպ՝ ադրբեջանական վերահսկողությունը»։ Ջրային կոմիտեի նախկին նախագահ, Արցախի գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանիխոսքով՝ այդ հանդիպմանը քննարկվել է ապագայում Սարսանգի ջուրը համատեղ օգտագործելու հարցը։ 

«Խորհրդային տարիներին Սարսանգի ջրով ոռոգման ենթակառուցվածքի մի ճյուղը ոռոգում էր Մարտակերտի հողերը, որի շարունակությունը Աղդամի շրջանի հողերն էին։ Մենք քննարկել ենք այդ ոռոգման համակարգը վերագործարկելու հարցը, որ մենք էլ կարողանանք Մարտակերտի շրջանի 5000 հեկտարից ավելի հողերը ոռոգենք։ Մարտակերտի շրջանի հողերը չեն ոռոգվում արդեն 30 տարի։ Առաջներում տարվա այս ժամանակաշրջանում մենք էլեկտրաէներգիա չէինք արտադրում, բնականաբար ջուր չէինք տալիս Ադրբեջանին։ Քննարկումները եղել են այսպես՝ եթե ոռոգման համար հայկական կողմը ջուր պետք է տա, ապա Մարտակերտի շրջանի ոռոգմանը ադրբեջանական կողմը չպետք է խոչընդոտի։ Սակայն ոչ մի վերջնական պայմանավորվածություն ձեռք չի բերվել, եղել են միայն քննարկումներ և քննարկումները շարունակելու պայմանավորվածություններ։ Օգոստոսի 23-ից հետո հաջորդ հանդիպումը պետք է լիներ հոկտեմբերի 31-ին, սակայն այդպես էլ չենք հանդիպել»,- ասում է Հայրիյանը։ 

Երբ հէկը հոսանք է արտադրում, ջուրը ռելիեֆով հոսում է Ադրբեջան, և առնվազն հիմա ոռոգման խնդիր Ադրբեջանը չունի։

Տես նաեւ՝ Արցախի ջրամբարները. ռեկորդակիր Սարսանգից մինչեւ ներհամայնքային լճակներ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter