HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Բայրամովն ու Աբդոլահյանը հեռախոսազրույց են ունեցել

Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովը ուրբաթ օրը՝ ապրիլի 14-ին հեռախոսազրույցն է ունեցել Իրանի Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլահյանի հետ։ 

Ադրբեջանի ԱԳՆ տարածած հաղորդագրության համաձայն՝ հեռախոսազրույցի ընթացքում նախարարները քննարկել են Ադրբեջանի և Իրանի միջև երկկողմ հարաբերությունների ընթացիկ իրավիճակը։

Կողմերը հայտարարել են բանակցությունների շարունակման հնարավորության մասին և, անհրաժեշտության դեպքում, երկկողմ այցերի իրականացման։

Ադրբեջանի ԱԳՆ-ից նաև նշել են, որ երկու երկրների արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի շուրջ։

Վերջին անգամ երկու երկրների ԱԳ նախարարները հեռախոսազրույց էին ունեցել կիրակի օրը՝ ապրիլի 9-ին։ Դրա ընթացքում կողմերը քննարկել էին «երկու երկրների միջև առաջացած թյուրըմբռնումները»։ 

Արդեն մի քանի տարի է՝ խիստ լարված են հարևան այս երկու երկրների հարաբերությունները։ Թեհրանը պարբերաբար զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի սահմաններին, իսկ Ադրբեջանն իր հերթին հակաիրանական քարոզչություն է տարածում ոչ միայն երկրի ներսում, այլև արտաքին դաշտում՝ զարգացնելով Իրանի վաղեմի հակառակորդներից մեկի՝ Իսրայելի հետ հարաբերությունները։ Վերջին օրերին հարաբերությունները խիստ լարվել են Իսրայել Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի այցի պատճառով։ Բայրամովի հետ հանդիպումից հետո կայացած մամլո ասուլիսի ժամանակ Իսրայելի արտաքին գործերի նախարար Էլի Քոենը հայտարարել էր, որ Իսրայելն ու Ադրբեջանն ամրապնդում են համագործակցությունը իրանական վտանգը չեզոքացնելու համար։

Իրավիճակը սրվեց նաև Թեհրանում Ադրբեջանի դեսպանության վրա զինված հարձակումից հետո, որի հետևանքով զոհվեց դիվանագիտական ներկայացուցչության անվտանգության պետը, ևս երկուս աշխատակից էլ վիրավորվել էին։ 

Դրանից հետո Ադրբեջանի դեսպանությունը դադարեցրեց իր դիվանագիտական գործունեությունը, իսկ դրա աշխատակիցներն ու նրանց ընտանիքի անդամները տարհանվեցին Բաքու։

Լուսանկարը՝ արխիվային/Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայություն

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter