
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն մտադիր չէ մասնակցել նախագահական ընտրությունների մրցավազքին
ԱՄՆ նախկին պետքարտուղար Մայք Պոմպեոն հայտարարել է, որ հրաժարվել է 2024 թվականի նախագահական ընտրություններին մասնակցելու իր մտադրությունից։ Այդ մասին ամերիկյան Fox News հեռուստաընկերությանը տված հարցազրույցում հայտարարել է ամերիկյան արտաքին քաղաքական գերատեսչության նախկին ղեկավարը։
«Ես որոշում եմ ընդունել»,- հայտարարել է Պոմպեոն՝ նշելով, որ մի քանի ամիս շարունակ իր կնոջ հետ միասին դիտարկել է նախագահական մրցավազքի մեջ մտնելու տարբերակը՝ որպես Հանրապետական կուսակցությունից թեկնածու։
«Մենք եկել ենք այն եզրահանգման, որ չենք մտնի 2024 թվականի ընտրությունների մրցավազքի մեջ։ Չնայած մենք անհանգստանում ենք Ամերիկայի համար և մտահոգ ենք մի շարք հարցերի շուրջ, որոնց մասին ես խոսել եմ վերջին 1,5 տարվա ընթացքում<...>, բայց հիմա մեր ժամանակը չէ»,- ընդգծել է Դոնալդ Թրամփի նախագահության տարիներին ԱՄՆ պետքարտուղարությունը ղեկավարած Մայք Պոմպեոն։
Այն ճշգրտող հարցին, թե արդյոք այդ որոշման վրա ազդել է ընտրություններին Թրամփի մասնակցության որոշումը, Պոմպեոն բացասական է պատասխանել։ Ընդորում, նա ընդգծել է, որ կաջակցի ԱՄՆ նախագահի պաշտոնում Հանրապետական կուսակցությունից ցանկացած թեկանածուի, «ով էլ, որ նա լինի»։ Ավելի վաղ, Մայք Պոմպեոն հայտարարել էր, որ դիտարկում է առաջիկա ընտրություններին առաջադրվելու մտադրությունը։
ԱՄՆ-ում նախագահական հաջորդ ընտրությունները կկայանան 2024 թվականի նոյեմբերի 5-ին։ Ընտրություններին մասնակցելու իր մտադրության մասին արդեն իսկ հայտարարել է նախկին նախագահ Դոնալդ Թրամփը։ Հունվարի վերջին նա Նյու Հեմփշիր և Հարավային Կարոլինա նահանգներում իր ելույթներով սկսել էր նախընտրական իր քարոզարշավը։ Այս նահանգներն աչքի են ընկնում նրանով, որ այստեղ բավականին շուտ են կայանում նախնական ընտրությունները։
ԱՄՆ գործող նախագահ Ջո Բայդենն էլ նշել էր, որ շուտով ևս կհայտարարի նման մտադրության մասին։ «Ես արդեն արել եմ այդ հաշվարկները։ Մենք դրա մասին կհայտարարենք համեմատաբար շուտով։ Ես ձեզ ասել եմ, որ իմ պլանն է կրկին մասնակցելը»,- Դուբլինում հայտարարել էր ամերիկյան առաջնորդը։
Լուսանկարը՝ Alex Wong/Getty Images
Մեկնաբանել