HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Պեկինի պնդմամբ՝ Չինաստանը զենք չի վաճառի ուկրաինական հակամարտության կողմերին

Չինաստանի արտաքին գործերի նախարարը հայտարարել է, որ Պեկինը զենք չի վաճառի Ուկրաինայում հակամարտության կողմերին և կվերահսկի երկակի նշանակության ապրանքների արտահանումը։

Ցին Գանը այսպես է արձագանքել ԱՄՆ-ի և մյուս երկրների այն մտահոգություններին, որ Չինաստանը, հնարավոր է, դիտարկում է Ռուսաստանին ռազմական օգնության ցուցաբերման հնարավորությունը, որին Պեկինն աջակցում է քաղաքական և հռետորական պլանում՝ պաշտոնապես հայտարարելով իր չեզոքության մասին։

«Ինչ վերաբերում է ռազմական արտադրության արտահանմանը, Չինաստանի հակված է զգույշ և պատասխանատու մոտեցմանը»,- հայտարարել է Ցին Գանը՝ Գերմանիայի արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքի հետ համատեղ մամլո ասուլիսի ժամանակ։ 

«Չինաստանը զենք չի մատակարարի հակամարտության կողմերին և նաև կկառավարի ու կվերահսկի երկակի նշանակության ապրանքների արտահանումը՝ օրենքներին ու կանոններին համապատասխան»,- հավելել է նա։

Ցին Գանը նաև հաստատել է Չինաստանի պատրաստակամությունը նպաստելու հակամարտության խաղաղ կարգավորման բանակցություններին և հայտարարել, որ բոլոր կողմերը պետք է մնան «օբյեկտիվ և հանգիստ»։

2023 թվականի մարտի 20-22-ը Չինաստանի առաջնորդ Սի Ծինփինը գտնվում էր Մոսկվայում։ Այցի ընթացքում նա հանդիպել էր Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին։ ԱՄՆ-ում հայտարարել էին, որ Մոսկվա Սի Ծինփինի այցը վկայում է այն մասին, որ Չինաստանը պատրաստում է «դիվանագիտական շղարշ»՝ Ուկրաինայում ռուսական հանցագործությունների համար։

2023 թվականի փետրվարին ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հայտարարել էր, որ Չինաստանը Ռուսաստանին տրամադրում է ոչ մահացու ռազմական օգնություն, ինչպես նաև դիտարկում զենքի մատակարարման հնարավորությունը։ Ամերիկյան The New York Times պարբերականը Ռուսաստան Սի Ծինփինի այցից առաջ հայտնել էր, որ չինական ընկերությունները ՌԴ-ին են վաճառում զենքեր ու անօդաչուներ, ինչպես նաև մատակարարում էլեկտրոնային կոմպոնենտներ, որոնք կարող են կիրառվել ռազմական նպատակներով։

Լուսանկարը՝ iStock-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter