HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան դատապարտել է Երևանում տեղի ունեցած միջադեպը

Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիան (European Weightlifting Federation - EWF) հայտարարություն է տարածել ապրիլի 14-ի երեկոյան Երևանում ծանրամարտի Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ Ադրբեջանի դրոշը այրելու միջադեպի առնչությամբ։

Հիշեցնենք, որ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում տեղի ունեցած միջոցառման ժամանակ դիզայներ Արամ Նիկոլյանը մոտեցել էր Ադրբեջանի դրոշը բեմ դուրս բերած աղջկան, նրա ձեռքից վերցրել դրոշը և այրել։ Այս միջադեպի պատճառով Երևան ժամանած ադրբեջանցի մարզիկները հրաժարվել են մասնակցել առաջնությանը։

«Ծանրամարտի Եվրոպական ֆեդերացիան վճռականորեն դատապարտում է Երևանում՝ Եվրոպայի առաջնության բացման արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, երբ անձը այրել է Ադրբեջանի դրոշը»,- ասվում է եվրոպական ֆեդերացիայի հայտարարությունում։

Եվրոպական ֆեդերացիան իր համերաշխությունն է հայտնել Ադրբեջանի հավաքականին և նշել, որ պատրաստ է ցանկացած տեսակի աջակցության՝ մարզական ոգու և արդար խաղի սկզբունքներով։

«EWF-ն անհապաղ արձագանքել է այդ միջադեպին՝ հայտնելով իր կոշտ դիրքորոշումը մրցաշարի Կազմկոմիտեին և պահանջելով մրցաշարի բոլոր մասնակիցների համար անվտանգության լրացուցիչ երաշխիքենր։ EWF-ն այս միջադեպը եզակի է համարում և կհետևի Կազմկոմիտեի կողմից լրացուցիչ միջոցառումների իրականացմանը»,- ասվում է Ծանրամարտի եվրոպական ֆեդերացիայի հայտարարությունում։ 

Նշենք նաև, որ միջադեպի առնչությամբ հայտարարություն է արել նաև ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը՝ շեշտելով, թե մտահոգիչ է Ադրբեջանի մարզիկների հետագա մասնակցությունը դադարեցնելու վերաբերյա Ադրբեջանի երիտասարդության և սպորտի նախարարության և Ազգային օլիմպիական կոմիտեի կայացրած որոշումը՝ մարզական էթիկայի տեսանկյունից։

«Հայաստանի Հանրապետությունն ի սկզբանե ապահովել է անվտանգության բոլոր չափանիշները, և առաջնությանը մասնակցելու նպատակով Երևան ժամանած ծանրորդների անվտանգության հետ կապված որևէ խնդիր չի առաջացել և չէր կարող առաջանալ։

Բացման հանդիսավոր արարողության ժամանակ տեղի ունեցած միջադեպը, որը շատ արագ հարթվել է, որևէ առնչություն չունի մարզիկների անվտանգության և նրանց բնականոն մրցելույթների ապահովման հետ։ Անհրաժեշտ բոլոր պայմանները լիարժեքորեն ապահովված են եղել։

Հայաստանի Հանրապետությունը հավատարիմ է մնում ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նկատմամբ ստանձնած պարտավորությունների կատարմանը և վերահաստատում Եվրոպայի 2023թ. առաջնությունը բարձր մակարդակով անցկացնելու պատրաստակամությունը»,- նշված է ԿԳՄՍ նախարարության հայտարարությունում։

Հավելենք, որ այսօր՝ ցերեկն ադրբեջանական պատվիրակութունը հեռացել է Հայաստանից:

Լուսանկարը՝ մրցաշարի ՖԲ պաշտոնական էջից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter