HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Տիտան օյլ» բենզալցակայանի սեփականատիրոջ և շահագործողի փաստաբանների հայտարարությունը

Երևանի Արաբկիր վարչական շրջանում գործող «Տիտան օյլ» բենզալցակայանի սեփականատիրոջ և շահագործող ընկերության փաստաբանների խումբը ի պատասխան «Հետքում» հրապարակված երկու հոդվածի` հայտարարությամբ են հանդես եկել։

«Պետական կառույցները չեն կարողանում փակել ապօրինի գործող բենզալցակայանը» և «Ապօրինի գործող բենզալցակայանը չփակելու համար քրեական վարույթ է նախաձեռնվել» վերնագրերով հոդվածներում անդադարձել էինք հրդեհային անվտանգության նորմերի խախտումներով շահագործվող «Տիտան օյլ» բենզալցակայանի գործունեությանը։ 

Փաստաբանական խմբի հայտարարությունը ներկայցնում ենք ստորև․

«Արդեն տևական ժամանակ է, ինչ հայտնի օլիգարխներին պատկանող ՌԻՈ Առևտրի և զվարճանքի կենտրոնը բոլոր հնարավոր, այդ թվում՝ հակաօրինալկան և կոռուպցիոն կասկածներ հարուցող միջոցներով ջանքեր է գործադրում իր հարևանությամբ գտնվող բենզալցակայանի գործունեությունը դադարեցնելու նպատակով։

Հիմնավոր կասկածներ ունենք, մասնավորապես, ՌԻՈ-ի և ՀՀ Քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի հանցավոր համաձայնության վերաբերյալ, որի արդյունքում տեսչական մարմնի կողմից ընդամենը օրերի պարբերականությամբ, օրենսդրությանը հակասող ընթացակարգով, ուղղորդված ստուգումներ են իրականացվում և տուգանքներ նշանակվում բենզալցակայանը շահագործող ՏԻՏԱՆ ՕՅԼ ընկերության նկատմամբ։ Այս կապակցությամբ ունենք հիմնավոր կասկածներ, որ կատարվել և կատարվում են կոռուպցիոն գործարքներ, որոնց արդյունքում հանցավոր համաձայնության եկած կողմերը հնարավոր բոլոր միջոցները գործի են դնում՝ փակելու համար օրինական հիմքով գործունեություն ծավալող բենզալցակայանը: 

Շեշտում և պնդում ենք, որ Հրաչյա Քոչար-Փափազյան խաչմերուկում գործող, ՍԻՎԱՍ ՍՊԸ-ին պատկանող բենզալցակայանը կառուցվել և շահագործվում է 2001 թվականից՝ բոլոր գործող նորմերին և չափանիշներին համապատասխան, և այդ ընդամենը 2017 թվականին շահագործման հանձնված ՌԻՈ Առևտրի կենտրոնն է, որ խախտել է շինարարական նորմերն ու չափանիշները, անթույլատրելի տարածությամբ մոտենալով գործող բենզալցակայանին և ստեղծելով գործող նորմերին հակասող իրավիճակ։ 

Հարց է առաջանում․ այդ ո՞վ և ի՞նչ հիմքով է թույլատրել և հաստատել նման կառույցի նախագծումը և շինարարությունը։ Ակներև քրեական վարույթի թեմա է, իսկ ՌԻՈ Առևտրի կենտրոնը՝ ապամոնտաժման ենթակա։ 

Վստահ ենք, որ Հայաստանում անցել են այն ժամանակները, երբ պետական կառույցները կոռուպցիոն գործարքների արդյունքում օգտագործվում էին օլիգարխների կողմից՝ մասնավոր ընկերություններին ճնշելու և ռեյդերային գրավում իրականացնելու նպատակով։ Այդ կառույցներին խստիվ զգուշացնում ենք․ նմանատիպ ուղղորդված գործողությունները շարունակվելու դեպքում կարժանանան քրեկան գնահատման»։        

«Տիտան օյլ» ՍՊԸ և «Սիվաս» ՍՊԸ ընկերությունների փաստաբանական խմբի անունից՝ Փաստաբան Նարինե Աբելյան (արտոնագիր համար 2654):

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter