HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Ռուսաստանից փողերի ռեկորդային ներհոսքը Հայաստան շարունակվում է

Ռուսաստանից շարունակում են մեծ ծավալների գումարներ հոսել Հայաստան: Կենտրոնական բանկի տվյալները ցույց են տալիս, որ 2022 թվականին սկսված միտումը շարունակվել է նաև 2023 թվականի սկզբին. ամսական տվյալներով ռեկորդային ցուցանիշներ են գրանցվում:

Միայն 2023 թվականի փետրվարին արտասահմանից Հայաստան է փոխանցվել մոտ 714 մլն դոլար, որից 601 մլն դոլարը կամ ամբողջ ներհոսքի 84%-ը Ռուսաստանից է: Նախորդ տարվա նույն ամսվա համեմատ արտասահմանից Հայաստան դրամական փոխանցումները աճել են մոտ 4 անգամ, իսկ միայն Ռուսաստանից կատարված փոխանցումները՝ 7 անգամ:

Հունվարին ևս արտասահմանից Հայաստան էական գումարներ են փոխանցվել` 386 մլն դոլար (աճը՝ 3 անգամ): Միայն Ռուսաստանից փոխանցումները կազմել են 281 մլն դոլար՝ աճելով 6.9 անգամ:

Արդյունքում 2023 թվականի առաջին երկու ամսում՝ հունվար-փետրվարին, Ռուսաստանից Հայաստան է փոխանցվել 882 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 7.2 անգամ։ 

Ինչ վերաբերում է Հայաստանից փողերի արտահոսքին, 2023 թվականի հունվար-փետրվարին ֆիզիկական անձինք բանկերի միջոցով Հայաստանից արտասահման են փոխանցել 598 մլն դոլար, որը նախորդ տարվա նույն ամիսների համեմատ աճել է 3 անգամ։ Բացի ՌԴ-ից ու ԱՄՆ-ից, մյուս երկրների կտրվածքով ԿԲ-ն դեռևս չի ներկայացրել փողերի արտահոսքի վիճակագրությունը։ Իսկ ՌԴ-ն (11%) ու ԱՄՆ (9%) ոչ մեծ կշիռ ունեն։

Ռուսաստանից Հայաստան դրամական փոխանցումների կտրուկ աճը սկսվել է 2022 թվականի մարտից: Դրան նախ նպաստեց ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստան ժամանած ռուսաստանցիների գործոնը։ Նրանց մի մասը իր կապիտալը տեղափոխեց Հայաստան, տներ ու բնակարաններ վարձակալեց այստեղ։ Բացի բիզնես նպատակներից, ռուսաստանցիները Հայաստանում գումարներ են ծախսում նաև հանգստի, ժամանցի, տան վարձակալության և այլ նպատակներով։

Բացի այդ, գումարների մի մասը փոխանցվում է առևտրային նպատակներով. Արևմուտքի պատժամիջոցների տակ հայտնված Ռուսաստանը մի շարք եվրոպական երկրներից և ԱՄՆ-ից չի կարողանում ներմուծումներ իրականացնել։ Այս պատժամիջոցներից հետո Հայաստանը դարձել է «տարանցիկ» երկիր՝ եվրոպայից և ԱՄՆ-ից ներմուծվում են ապրանքներ և վերաարտահանվում Ռուսաստան։  

Նաև դա նպաստեց, որ Հայաստանից Ռուսաստան արտահանումը կտրուկ աճեց 2022 թվականին։ Վիճակագրական կոմիտեի տվյալներով՝ 2022 թվականին Հայաստանից Ռուսաստան արտահանումը կազմել է 2.4 մլրդ դոլար, որը նախորդ տարվա համեմատ 2.9 անգամ աճել է։ Թե սրա որ մասն է վերաարտահանումը, հայտնի չէ։

Այս բարձր տեմպը շարունակվել է նաև 2023 թվականի սկզբին։ Հունվար-փետրվարին Հայաստանից Ռուսաստան է արտահանվել մոտ 510 մլն դոլարի ապրանք՝ 3.4 անգամ ավելի, քանի 2022 թվականի նույն ժամանակաշրջանում։

Հիշեցնենք, որ 2022 թվականի տարեկան տվյալներով՝ ֆիզիկական անձինք բանկերի միջոցով արտասահմանից Հայաստան են ուղարկել 5 մլրդ 190 մլն դոլար: Միայն Ռուսաստանից փոխանցվել է 3 մլրդ 598 մլն դոլար, որը աճել է 4 անգամ: Տրանսֆերտների այս ներհոսքն աննախադեպ էր Հայաստանի համար: Մինչև 2022 թվականը, առավել շատ դրամական փոխանցումներ կատարվել են 2013 թվականին՝ 2.3 մլրդ դոլար: Դրանից հետո այն տատանվել է՝ կրճատվելով ու ավելանալով, սակայն 2022 թվականի ցուցանիշին այն անգամ մոտ չի եղել: Ինչպես ցույց են տալիս տվյալները, 2022-ի փոխանցումների 70%-ի աղբյուրը Ռուսաստանն է:

Տես նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter