HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Արցախի ՊՆ նախկին նախարար Միքայել Արզումանյանը կմնա կալանքի տակ

Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանի նկատմամբ խափանման միջոց ընտրված կալանքը երկարաձգվել է 3 ամսով։ Հակակոռուպցիոն դատարանում այսօր տեղի է ունեցել գործով առաջին դռնփակ դատական նիստը։ Կալանքի երկարաձգման որոշման մասին Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում, մասնավորապես, նշել է․

«Պաշտպանության կողմն անհիմն է գնահատում դատարանի որոշումը, քանզի դատախազների միակ փաստարկը, որի հիման վրա պնդում էին, որ պետք է երկարաձգվի կալանքի ժամկետը, այն էր, որ Միքայել Արզումանյանը նախկինում հանդիսացել է ՊԲ հրամանատարը և ունի մեծ հեղինակություն, որից ելնելով էլ՝ կարող է խոչընդոտել գործի քննությանը։

Նշեմ, որ Միքայել Արզումանյանն արդեն շուրջ 8 ամիս կալանքի տակ է պահվում հենց այդ հեղինակության համար։ Որևէ այլ հիմնավորում երբևէ չի ներկայացվել։ Ի հակառակ դրա, նշեմ, որ ՀՀ վճռաբեկ դատարանի և Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային որոշումներով՝ շատ հստակ սահմանված է, որ եթե քննության սկզբնական փուլում անձին իր նախկին պաշտոնեական դիրքով պայմանավորված կարելի է պահել կալանքի տակ, ապա երբ քննությունը զարգանում է և հիմնական ապացույցները հավաքվում են, այլևս անթույլատրելի է բացառապես այդ հիմքով նրան երկարատև կալանքի տակ պահելը։ 

Պաշտպանության կողմը դատարանին միջնորդեց, որպեսզի Միքայել Արզումանյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվեն տնային կալանքը՝ այլ անձանց հետ շփվելու արգելքով, գրավը և բացակայելու արգելքը միասին, որոնք միանշանակ ի զորու են բացառել հնարավոր ոչ պատշաճ վարքագիծը, որը դրևսորելու ցանկություն Միքայել Արզումանյանը երբեք չի էլ ունեցել, սակայն այդ միջնորդությունը ևս մերժվեց։ 

Ընդգծեմ, որ սույն քրեական գործով դատարանում պետք է հարցաքննվեն առնվազն 161 վկաներ, ինչի համար մի քանի տարի ժամանակ անհրաժեշտ կլինի, և ակնհայտորեն այդ ժամկետում Միքայել Արզումանյանը կալանքից պետք է ազատ արձակվի, ուստի ներկայումս կալանքի ժամկետի երկարաձգումն այս առումով ևս առավել քան անհիմն էր»։

Մինչ դատական նիստը, Միքայել Արզումանյանի պաշտպան Երեմ Սարգսյանը լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ հաշվի առնելով գործի հնչեղությունը և կարևորությունը՝ միջնորդելու է, որ նիստը անցկացվի դռնբաց։ Սակայն դատարանը մերժել է նաև պաշտպանի այս միջնորդությունը։ Նա նաև բացարկի միջնորդություն է ներկայացրել դատախազներին, ինչը նույնպես մերժվել է։

«Ես վստահ ասում եմ ձեզ, կապացուցեմ, որ այս մեղադրանքը, մեղմ ասած, փուչիկ է և այն, ինչ վերագրվում է Միքայել Արզումանյանին, աբսուրդ է»,- ասաց պաշտպանը լրագրողներին։

Անդրադառնալով գործում առկա Շուշիի դրվագին՝ Երեմ Սարգսյանն ասաց, որ Միքայել Արզումանյանը նշանակվել է ՊԲ հրամանատար 2020-ի հոկտեմբերի 26-ին, այսինքն՝ այն պահին, երբ 1 ամիս անցել էր պատերազմից, և բանակը գտնվում էր ծայրահեղ վատ վիճակում։ «Այս տրամաբանության մեջ կան կոնկրետ իրավասու պաշտոնատար անձանց ցուցմունքներ, ովքեր իրավասու են գնահատական տալու, և նրանց ցուցմունքների համաձայն՝ Միքայել Արզումանյանի նշանակումից հետո առաջիկա մի քանի օրը իրավիճակը կտրուկ փոխվել է հօգուտ յուրային ուժերի, և թշնամին շատ քիչ է հնարավորություն ունեցել առաջխաղացումների, և յուրայինների զոհերի քանակը մի քանի անգամ կրճատվել է»,- ասաց պաշտպանը։

Սարգսյանը նշեց, որ չպետք է միայն հաշվի առնել այն հարցերը, թե ինչու հնարավոր չեղավ պատերազմը հաղթել, չթողնել, որ Շուշին գրավվի։ Պաշտպանի խոսքով՝ ուժերն ու միջոցները բավարար չեն եղել։ Իսկ Միքայել Արզումանյանի արարքների գնահատականները տալիս են քննիչն ու դատախազը, որոնք իրավասություն չունեն այս գործով մեղադրանքներ տալու։ Նրա համոզմամբ՝ իրավասու անձանց կողմից պետք է ձևավորվեր հատուկ ռազմագիտական հանձնաժողով, որպեսզի նրանք ռազմական իրադրությունները գնահատեին: «Թե չէ՝ ինչի էին ՊԲ հրամանատար նշանակում Միքայել Արզումանյանին։ Եկեք գործով քննիչին ու դատախազին ուղարկեինք, թող ՊԲ հրամանատար աշխատեին, իրենք ավելի լավ կիմանային՝ ինչ պետք է անել»,- ասաց Երեմ Սարգսյանը:

Պաշտպանը նշեց, որ Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել «այլ անձանց դեմքերը պարզեցնելու համար»։

Իսկ ինչ վերաբերում է Քննչական կոմիտեի պնդմանը, որ Արեգա բարձունքը ադրբեջանական կողմի գրավումից ազատած յուրայիններին նահանջի հրաման է տվել Միքայել Արզումանյանը, պաշտպանն ասաց, որ նման հրաման չի տրվել, և Արեգա բարձունքը առհասարակ չի անցել յուրայինների վերահսկողության տակ, պարզապես որոշակի հաջողությունների է հնարավոր եղել հասնել։ 

Հիշեցնենք, որ գեներալ-լեյտենանտ Միքայել Արզումանյանը 2022 թվականի սեպտեմբերի 1-ից կալանավորված է։ Նա մեղադրվում է 2020 թվականի հոկտեմբերի 30-ից մինչև նոյեմբերի 9-ն ընկած ժամանակահատվածում Շուշի քաղաքի և հարակից շրջանների պաշտպանության կազմակերպման ընթացքում իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, ինչի հետևանքով, ըստ Քննչական կոմիտեի, հակառակորդի զինված ուժերն ամբողջությամբ իրենց վերահսկողության տակ են վերցրել Շուշի քաղաքը և մատույցները, հայկական ստորաբաժանումները կրել են զոհեր և վիրավորներ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter