HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Արտաշատի շուկայի կրպակատերերի բողոքի հիման վրա քրեական վարույթ է նախաձեռնվել

Նախկին ոստիկանապետ Ալիկ Սարգսյանի ընտանիքի հետ կապվող Արտաշատում գտնվող շուկայի դեմ տարածքի կրպակատերերի բողոքներից հետո քրեական վարույթ է նախաձեռնվել։ Այս մասին «Հետք»-ը տեղեկացավ շուկայի հարևանությամբ գործող կրպակ-տաղավարների սեփականատերերից։ Քննչական կոմիտեի նախագահի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանն էլ հայտնեց, որ քրեական վարույթը նախաձենվել է ՀՀ քրեական օրենսգրքի 460-րդ հոդվածի՝ ինքիրավչության հատկանիշներով։ Վարույթի համար հիմք է հանդիսացել կրպակատերերի հաղորդումները։

Արտաշատի շուկայի, տարածքի կրպակատերերի և համայնքապետարանի միջև մի քանի ամիս է՝ վեճ է առաջացել։ Տարիներ շարունակ Արտաշատի շուկայի տնօրինությանը տարածքի վարձակալության վճար տված կրպակատերերը նախորդ տարի պարզել են, որ իրենց կրպակների զբաղեցրած հողատարածքը պատկանում է Արտաշատ համայնքին, ոչ թե շուկան շահագործող ընկերությանը։ Այդ ամենից հետո սկսել են վարձավճար չվճարել։ Ավելին՝ դիմել են Արտաշատի քաղաքապետին, որ ինքնակամ կառուցած կրպակներն օրինականացնեն։ Շուկայի տնօրինությունն էլ սպառնում է նրանց ապամոնտաժել կրպակները, քանի որ սեփականության վկայական ունեն, ըստ որի՝ կրպակները գտնվում են իրենց հողատարածքում։ «Հետքը» նախորդ շաբաթ գրել էր, որ շուկայի ունեցած սեփականության վկայականի հիմքերը կասկածելի են, չկան հողամասը շուկային վաճառելու մասին Արտաշատ համայնքի ավագանու և համայնքապետի համապատասխան որոշումները։ Ըստ կրպակատերերի՝ Արտաշատի ՔՊ-ական քաղաքպետն էլ զբաղված է նախկին ոստիկանապետի ընկերության շահերը սպասարկելով։

Արտաշատ համայնքի ղեկավար Կառլեն Մկրտչյանին գրավոր հարցմամբ խնդրեցինք տրամադրել բոլոր այն որոշումների պատճենները, որոնցով համայնքին պատկանած հողամասը սեփականության իրավունքով փոխանցվել է «Արտաշատի շուկա» ՍՊԸ-ին։

Կառլեն Մկրտչյանը մեզ տրամադրել է «Արտաշատի շուկա» ՍՊԸ-ի սեփականության վկայականը, Արտաշատի քաղաքապետի 2008թ․ տրված տեղեկանքը, Արտաշատի քաղաքապետրանի և «Արտաշատի շուկա» ՍՊԸ-ի միջև 2004թ․ կնքված հողի վարձակալության պայմանագիրը, և հողամասը վարձակալության տրամադրելու մասին Արտաշատ համայնքի ղեկավարի 2004թ․ որոշումը։

Ներկայացված փաստաթղթերի մեջ, ինչպես տեսնում ենք, չկա համայնքային հողամասը «Արտաշատի շուկա» ՍՊԸ-ին սեփականության իրավունքով փոխանցելու որևէ հիմք։ Կադաստրի կոմիտեի «Արտաշատ» սպասարկման գրասենյակի կողմից 2008թ․ տրամադրած սեփականության վկայականում գույքի նկատմամբ սեփականության իրավունքի ձեռքբերման հիմքերի հատվածում դրված է շահագործման թույլտվություն, փաստագրման ակտ, քանդման թույլտվություն։ Որևէ նշում չկա հողամասը ձեռքբերելու մասին։

Արտաշատի շուկայի հարևանությամբ կրպակներ կառուցած քաղաքացիները մեզ ներկայացրել էին Արտաշատի համայնքապետի 1998թ․ տրամադրած թույլտվություններ, որով իրենք համայնքային հողամասի վրա ժամանակավոր կրպակ տեղադրելու իրավունք են ստացել։ 2022 թվականին էլ Կադաստրի կոմիտեից ստացել են տեղեկանք, որ կրպակների զբաղեցրած հողամասը Արտաշատ համայնքի սեփականությունն է, ոչ թե Արտաշատի շուկայի։ Կրպակատերերը հույս ունեն, որ իրավապահներին հասցեագրած իրանց դիմումների հիման վրա պատշաճ քննություն կիրականացվի։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter