HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Լուսինե Հակոբյան

Լուսինե Սահակյանը «խլոցի» և «քցոցի» բառերի համար իր նկատմամբ կիրառված սանկցիան բողոքարկել է վերադաս ատյան

Հակակոռուպցիոն դատարանում ապրիլի 26-ին շարունակվեց «Վստրեչի Ապեր» անունով հայտնի Արամ Վարդանյանի, նրա որդու և դստեր դեմ Գլխավոր դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչության ներկայացրած հայցադիմումի քննությունը՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման պահանջով։ 

Ինչպես այս գործով նախորդ նիստերին, այսօր ևս նիստը ընթացավ լարված մթնոլորտում։ Նիստի սկսվելուն պես բանավեճ ծագեց դատավոր Կարապետ Բադալյանի և պատասխանող կողմի ներկայացուցիչների միջև։ Պատճառն այն էր, որ նիստին չէին ներկայացել գործում նոր պատասխանող ներգրավված Ալինա Գևորգյանը, որը եղել է Արամ Վարդանյանի կինը, և երրորդ անձ ներգրավված Վարդան Հովսեփյանը, որը գնել է Արամ Վարդանյանին պատկանած ենթադրյալ ապօրինի 2 գույք։ Դատարանը հայտնեց, որ նրանք պատշաճ ծանուցվել են, և կողմերից դիրքորոշում հարցրեց՝ առանց վերջիններիս ներկայության գործի քննությունը շարունակելու մասին։

Պատասխանողների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանը ցանկացավ տեսնել ծանուցագրերը և դրանից հետո հայտնել իր դիրքորոշումը։ Դատավորը հայտնեց, որ նրանք պատշաճ ծանուցված եղել են, իսկ ծանուցագրերը հնարավոր է տեսնել դատական նիստից հետո։ Լուսինե Սահակյանը պնդեց, որ ցանկանում է տեսնել, քանի որ դրանից է կախված, թե ինչ դիրքորոշում է հայտնելու։ Դատարանը կրկնեց, որ նրանք եղել են պատշաճ ծանուցված, իսկ ծանուցագրերին կարող են ծանոթանալ նիստից հետո։ Պատասխանողների ներկայացուցիչ Արամազդ Կիվիրյանն էլ հայտնեց, որ ցանկանում են տեսնել՝ ո՞ր հասցեով է ուղարկվել ծանուցումը և ինչպիսի՞ նշումով է վերադարձվել դատարանին։

Ի վերջո, դատարանը որոշեց գործի քննությունը շարունակել առանց պատասխանող Ալինա Գևորգյանի և երրորդ անձ Վարդան Հովսեփյանի։ Պատասխանող կողմի ներկայացուցիչները կրկին պնդեցին, որ դատական նիստը չտեսալուսանկարահանվի, քանի որ ըստ նրանց՝ այս դատական գործը պարունակում է անձնական բնույթի գաղտնի տեղեկություններ։ Դատարանը թույլատրեց լուսանկարահանել միային դատարանին և հայցվոր կողմին։

Դատախազ Նելլի Տեր-Թորոսյանը հայցի առարկայի փոփոխության վերաբերյալ միջնորդություն ներկայացրեց։ Դատախազն ասաց, որ հայցի առարկայի փոփոխության անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ ավելացել է նոր պատասխանող՝ ի դեմս Ալինա Գևորգյանի։ Կան երկու անշարժ գույքեր, որոնք ձեռք են բերվել Արամ Վարդանյանի և Ալինա Գևորգյանի ամուսնության ընթացքում․ «Արդեն որպես այդ գույքերի բռնագանձման պահանջ՝ ներկայացվում է նաև Ալինա Գևորգյանին»,- ասաց դատախազը։

Այդ երկու գույքերն են՝ 

  • Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/8 հասցեում գտնվող շինության քառորդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 93 մլն 970 հազար դրամ։
  • Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/10 հասցեում գտնվող տարածքի քառորդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 7 մլն 355 հազար դրամ։

Պատասխանող կողմի ներկայացուցիչների կարծիքով՝ միջնորդությունն անհիմն է և ենթակա է մերժման։

Դատական նիստն այսքանով ավարտվեց, քանի որ Ալինա Գևորգյանը և Վարդան Հովսեփյանը չէին ներկայացել։ Դատարանը հայտնեց, որ միջնորդության մասին որոշումը կհրապարակվի առանձին դատական ակտի ձևով։

Նշենք, որ նախորդ նիստին դատարանը սանկցիա էր կիրառել պատասխանողների ներկայացուցիչ Լուսինե Սահակյանի նկատմամբ, քանի որ դատարանի կողմից մի քանի անգամ զգուշացվելուց հետո Լուսինե Սահակյանը շարունակում էր հայցադիմումը «խլոցի» և «քցոցի» որակել։ Դատական նիստից հետո Լուսինե Սահակյանը «Հետքի» հետ զրույցում հայտնեց, որ սանկցիայի կիրառման մասին որոշումը բողոքարկել է։ Վերջինիս գնահատմամբ՝ դատական սանկցիան ապօրինի է եղել, և դատարանը միջամտություն է իրականացրել իր վստահորդների շահերին։

«Պրոցեսը ցույց է տալիս, որ դատավորը հետևողականորեն ամեն ինչ անում է, որ պատասխանող կողմը չկարողանա իր դիրքորոշումները հայտնել»,- նշեց Սահակյանը։

Փաստաբանը հայտնեց, որ այս գործով իր նկատմամբ ևս մեկ սանկցիա էր կիրառել դատարանը՝ նկատողության տեսքով։ Սահակյանի խոսքով՝ պատճառը եղել է այն, որ ցանկացել են դատավորին ինքնաբացարկի միջնորդություն ներկայացնել, և դատարանը չի թույլատրել։ Սակայն սանկցիան կիրառելուց հետո, ըստ փաստաբանի, դատարանը թույլ է տվել ներկայացնել միջնորդությունը։ Իսկ այժմ դատարանը, հաշվի առնելով, որ երկրորդ անգամ է, ավելի խիստ սանկցիա է կիրառել՝ 20 հազար դրամ տուգանքի տեսքով։ 

Լուսինե Սահակյանի փոխանցմամբ՝ վիճարկել են նաև առաջին սանկցիան, քանի որ դատարանը իր երկրորդ սանկցիայի որոշման մեջ հաշվի է առել նաև առաջին սանկցիա կիրառելու հանգամանքը։ Սահակյանը փաստաբանների նկատմամբ կիրառվող սանկցիաների հետ կապված իր մտահոգությունն արտահայտեց․ «Սա կարող էր լինել լուրջ գործիք, որ դատարանները փորձեին լռեցնել փաստաբաններին, և այդպես էլ եղավ»,- ասաց նա։

Նա հույս հայտնեց, որ վերադաս ատյանը իր բողոքը քննելիս օրենքով և իրավունքով կղեկավարվի։ «Մինչև վերջին ատյան բողոքարկելու եմ, և այս հարցը շատ ավելի մեծ իմաստով  ներկայացնելու եմ Եվրոպական դատարանում»,- ասաց Լուսինե Սահակյանը։

Հիշեցնենք, որ Դատախազությունը պահանջում է Արամ Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության բռնագանձել՝ 

  • Երևանի Էրեբունի վարչական շրջանի Ռոստոմյան փողոց 7/5 հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 37 մլն 880 հազար դրամ։
  • Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/8 հասցեում գտնվող շինության քառորդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 93 մլն 970 հազար դրամ։ 
  • Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/9 հասցեում գտնվող շինության քառորդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 120 մլն 405 հազար դրամ։
  • Երևանի Սայաթ-Նովա պողոտայի 2/10 հասցեում գտնվող տարածքի քառորդ մասը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 7 մլն 355 հազար դրամ։
  • Երևանի Նորք-Մարաշ վարչական շրջանի Հովսեփյան փողոցի 24/3 հասցեում գտնվող բնակարանի ներկայիս միջին շուկայական արժեքը՝ 77 մլն 110 հազար դրամ։
  • Bentley Continental GT տրանսպորտային միջոցի ներկայիս միջին շուկայական արժեքի՝ 17 մլն դրամի և 1 մլն դրամի տարբերության 9․4 %-ը, այն է՝ 14 մլն 304 հազար դրամ։
  • BMW X6 ավտոմեքենայի ներկայիս շուկայական արժեքի և արդեն վճարված 1 մլն դրամի տարբերությունը՝ 6 մլն 805 հազար դրամ։
  • 104 մլն 13 հազար 540 դրամ գումար, որը չի հիմնավորվում անձի օրինական եկամուտներով, ունի ապօրինի ծագում, փոխանցվել է բարեխիղճ ձեռքբերողի կամ հնարավոր չէ նույնականացնել և բռնագանձել։
  • 130 մլն 763 հազար 776 դրամ վարկերի և լիզինգի պայմանագրերի շրջանակներում ոչ օրինական եկամուտներից կատարված վճարումների գումարը, որը փոխանցվել է բանկերին։ 
  • 70 մլն դրամ՝ «Հանդիպում առաջին» ՍՊԸ-ի մասնակցության օտարումից ստացված դրամական միջոցներ։
  • 12 մլն դրամ՝ Քաջազնունի փողոց 4/5 հասցեի կաթսայատան օտարումից ստացված դրամական միջոցներ։
  • 24 մլն 300 հազար դրամ Երևանի Հակոբյան փողոց 2/49 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված դրամական միջոցներ։
  • 45 մլն դրամ՝ Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտա 17/8 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված դրամական միջոցներ։
  • 35 մլն դրամ՝ Էրեբունի վարչական շրջանի Արցախի պողոտա 17/9 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված դրամական միջոցներ։
  • 46 մլն 98 հազար 106 դրամ՝ Էրեբունի վարչական շրջանի Խաղաղ Դոնի փողոցի 1 նրբանցք 5 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարումից ստացված դրամական միջոցներ։ 
  • 21 մլն 600 հազար դրամ՝ Արցախի պողոտայում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից եկամուտ։
  • 6 մլն 300 հազար դրամ՝ Արցախի պողոտայում գտնվող անշարժ գույքի վարձակալությունից եկամուտ։
  • Քաջազնունի փողոց 4/5 հասցեի կաթսայատան ներկայիս շուկայական արժեքի, այն է՝ 145 մլն 560 հազար դրամի և արդեն վճարված 12 մլն դրամի տարբերությունը՝ 133 մլն 560 հազար դրամ։
  • Կարեն Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Կոտայքի մարզի Քաղսի 4-րդ թաղամասի 110 հասցեում գտնվող բնակելի տունը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 12 մլն 930 հազար դրամ։
  • Արցախի պողոտա 10 Բ շենքի 26 բնակարանը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 22 մլն 850 հազար դրամ։
  • Արամ Վարդանյանին պատկանող Արցախի պողոտայում գտնվող բնակելի տներից մեկը, իսկ անհնարինության դեպքում՝ բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 243 մլն 885 հազար դրամ։
  • Արցախի պողոտայի 10/7 խանութը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 44 մլն 555 հազար դրամ։
  • Արցախի պողոտայի 14/20 հասարակական շինությունը՝ անհնարինության դեպքում՝ բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 78 մլն 380 հազար դրամ։
  • Կոտայքի մարզի Հրազդանի Վանատուր թաղամասի Հայ ֆիդայիների փողոցի 46 հողամասը, անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 1 մլն 660 հազար դրամ։
  • Կոտայքի մարզի Քաղսի համայնքում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 4 մլն 85 հազար դրամ։
  • Տավուշի մարզի Դիլիջան քաղաքի Սարալանջի փողոցի 6-րդ նրբանցքի 23-րդ հողամասը։ Իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել միջին շուկայական արժեքը՝ 9 մլն 910 հազար դրամ։
  • Toyota LC ավտոմոքենան, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 13 մլն 350 հազար դրամ։ 
  • Ելենա Վարդանյանից հօգուտ Հայաստանի Հանրապետության, որպես ապօրինի ծագում ունեցող գույք, բռնագանձել Արցախի փողոց 19/10 հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 95 մլն 100 հազար դրամ։ 
  • Արցախի փողոց 19/15 հասցեում գտնվող անշարժ գույքը, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 169 մլն 605 հազար դրամ։ 
  • Mercedes-Benz S 320 մակնիշի ավտոմեքենան, անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 3 մլն 200 հազար դրամ։
  • Արցախի պողոտա 11/9 հասցեում գտնվող անշարժ գույքի օտարման գործարքից 45 մլն դրամ ստանալու պահանջի իրավունքը։
  • Արցախի պողոտայում գտնվող ևս մեկ անշարժ գույքի օտարման գործարքից 45 մլն դրամ ստանալու պահանջի իրավունքը։
  • Range rover evoque 2.0 ավտոմեքենան, իսկ անհնարինության դեպքում՝ Արամ Վարդանյանից բռնագանձել գույքի միջին շուկայական արժեքը՝ 12 մլն 775 հազար դրամ։ 

Գլխավոր լուսանկարում՝ դատավոր Կարապետ Բադալյանն ու փաստաբան Լուսինե Սահակյանը

Կարդացե՛ք նաև՝

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter