HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ռիմա Գրիգորյան

Փողերի լվացման մեջ հայերի ներգրավվածության մասին «Հետքի» հոդվածը Դատախազությունն ուղարկել է իրավասու մարմին

Գլխավոր դատախազությունից տեղեկացնում են, որ այս տարվա մարտի 28-ին «Հետքի» հրապարակած «Հայաստանի քաղաքացիները արտերկրում ներքաշվել են փողերի լվացման սխեմաներում. օլիգարխները նրանց օգտագործել են» հոդվածն ուղարկվել է համապատասխան իրավասու մարմին՝ «Օպերատիվ-հետախուզական գործունեության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով ստուգելու նպատակով։ Գլխավոր դատախազության պատասխան նամակում չի մասնավորեցվում, թե որ իրավասու մարմնի մասին է խոսքը։ 

Նախորդ ամիս «Հետքը» և Forensic News-ը համատեղ հետաքննությամբ պարզել էին, որ Հայաստանի շուրջ 100 քաղաքացիներ արտերկրում ներգրավվել են փողերի լվացման սխեմաներում։ Այս մարդիկ տարբեր տարիների ընթացքում մեկնել են եվրոպական մի շարք երկրներ, որտեղ իրենց անուններով բացել են բանկային հաշիվներ և գրանցել ընկերություններ։ Այդ ընկերությունները հետագայում կատարել են բազմաթիվ կասկածելի գործարքներ, մասնավորապես՝ խոշոր չափի գումարներ են փոխանցել այնպիսի քաղաքական գործիչների քարոզչություն հովանավորելու նպատակներով, ինչպիսին է Յուլիա Տիմոշենկոն։

Այս սխեմաներում ներքաշված Հայաստանի քաղաքացիներից շատերը թեև տեղյակ են եղել, որ իրենց անուններով ընկերություններ են գրանցվում, սակայն թե ինչով էին զբաղվելու այդ ընկերությունները հետագայում, այնքան էլ լավ չէին պատկերացնում։ Մեզ հետ հանդիպումների ժամանակ այդ մարդկանցից ոմանք հերքեցին, որ երբևէ կապ են ունեցել նման ընկերությունների հետ, ոմանք էլ պատմեցին, որ ընկերների, ծանոթների խնդրանքով են գնացել արտերկիր և բացել բանկային հաշիվներ ու գրանցել ընկերություններ։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter