HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Ավստրիացի աստղագետ. «Հայաստանը ոչ թե մուտք է գործում տիեզերական դաշտ, այլ նորից մտնում է տիեզերական խաղի մեջ»

2024 թ. մարտի-ապրիլ ամիսներին մեր իսկ երկրում հնարավոր կլինի տեսնել տիեզերակայան, մարսագնացներ, ռոբոտներ։ Եվ դա լինելու է ոչ թե դրվագ ֆանտաստիկ ֆիլմից, այլ իրական գիտական հետազոտություն, որի նմանները վերջին տարիներին անցկացվում են դեպի Մարս թռիչքին նախապատրաստվելու շրջանակներում։ Դեպի Կարմիր մոլորակ առաջին թռիչքը գուցե լինի 20 կամ 30 տարի հետո։ «Հետքի» հետ զրույցում այս կարծիքն է հայտնում Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրեն, աստղագետ, աստղակենսաբան Գերնոտ Գրյոմերը (Gernot Grömer)։ Հենց այս ֆորումն է մարսյան անալոգային հետազոտությունների նախաձեռնողը:

Ավստրիացի մասնագետը ժպտում է, երբ խոսում ենք Մարսի վրա Գառնի անունը ստացած խառնարանի մասին։ Ըստ ՆԱՍԱ-ի՝ այս խառնարանում հայտնաբերվել են ջրի հետքեր։ 2015 թ․ ապրիլի 24-ին խառնարանին տրվել է Գառնի տեղանունը։ Դոկտոր Գրյոմերն ասում է, որ վերջերս այցելել է Գառնի տաճար, եւ հույս ունի, որ մի օր էլ կկարողանա Մարսի Գառնին տեսնել։

Ավստրիացի գիտնականը Հայաստանում է երկրորդ անգամ։ Առաջին անգամ եկել էր 2022 թ. աշնանը, երբ քննարկվում էր Հայաստանի հայտը Մարսի անալոգային հետազոտություններից հերթականը մեր երկրում անցկացնելու վերաբերյալ։ Իսկ այս ապրիլին Գրյոմերն ու գործընկերներն արդեն Հայաստան են եկել՝ «AMADEE-24» հետազոտության մասին հուշագիրը ստորագրելու համար: Հուշագիրը ստորագրվել է ապրիլի 17-ին Երեւանում Ավստրիական տիեզերական ֆորումի եւ «Հայաստանի աերոտիեզերական գործակալություն» ՓԲԸ-ի միջեւ:

Ինչպե՞ս ընտրվեց Հայաստանը

Ավստրիական տիեզերական ֆորումը 2024 թ. հետազոտությունն իրենց տարածքում անցկացնելու համար հայտ էր ստացել 4 երկրից՝ Հայաստանից, Եգիպտոսից, Բահրեյնից եւ Ավստրալիայից։ «Հետքի» հետ զրույցում Գ. Գրյոմերը նշում է, որ ընդունող երկրի ընտրությունը բավական նուրբ գործընթաց է: Տվյալ պարագայում Հայաստանի ընտրությունը շուրջ 2 տարի է տեւել։

Ավստրիացի գիտնականն ասում է, որ 4 մրցակից թեկնածուները երկրաբանական պոտենցիալով նմանություններ ունեն, ինչը բարդացնում էր ընտրությունը։ Հայաստանն ընտրելու ամենակարեւոր գործոնը նորարարական մշակույթն է եղել։ Ավստրիացի մասնագետի խոսքով՝ Հայաստանում շատ ստարտափներ ու հիանալի ուղեղներ կան, եւ իրենք մտածել են, որ մեր երկիրն ունի տեխնիկական եւ գիտական ներուժ՝ ընդունելու 2024 թ. մարսյան անալոգային հետազոտությունը։ Բացի դրանից՝ նշանակություն է ունեցել կարեւոր ենթակառուցվածքների (օրինակ՝ բժշկական) առկայությունը, որոնք անհրաժեշտ են ծրագրի իրականացման համար:

Ավստրիական տիեզերական ֆորումի գործընկեր դարձած «Հայաստանի օդատիեզերական գործակալություն» ՓԲԸ-ի տնօրեն Մհեր Մեհրաբյանն իր հերթին ասում է, որ մեր երկրի հայտն ընտրելու գործընթացն իսկապես բարդ էր։ Ավստրիական կողմը հանգամանալից ուսումնասիրել է անհրաժեշտ պայմանները։ 2022-ի նոյեմբերին, երբ Հայաստան էին եկել, Մարսի մակերեւույթ հիշեցնող տարածքներ էին այցելել, հողից նմուշներ վերցրել, ապա ուսումնասիրել Ավստրիայում։ Հաշվի են առել նաեւ թեկնածու երկրի տիեզերական ծրագրերի հավակնություններն ու այդ ոլորտում ունեցած ժառանգությունը:

«Հայաստանը ոչ թե մուտք է գործում տիեզերական դաշտ, այլ նորից մտնում տիեզերական խաղի մեջ հարուստ ավանդույթների շնորհիվ, ինչպես 50 տարի առաջ էր, երբ առաջին մարսագնացը, որ ստեղծվել էր հայի կողմից, հաջող վայրէջք կատարեց Մարսի վրա»,- ասում է ավստրիացի աստղակենսաբանը։

Գերնոտ Գրյոմերը նկատի ունի աշխարհում առաջին մարսագնացը՝ խորհրդային «ПрОП-М»-ը, որի գլխավոր կոնստրուկտորը եղել է Ալեքսանդր Քեմուրջյանը: 1971 թ. դեկտեմբերի 2-ին խորհրդային «Մարս-3» միջմոլորակային ավտոմատ կայանի իջեցվող սարքը փափուկ վայրէջք է կատարել Մարսի վրա՝ կատարելով առաջին հաջող նստեցումը Կարմիր մոլորակի վրա: Սարքի մեջ եղել է Քեմուրջյանի հեղինակած «ПрОП-М» մարսագնացը, որը պետք է հետազոտություններ կատարեր մոլորակի մակերեւույթին, սակայն Մարսի վրա բաձրացած մրրիկի հետեւանքով վայրէջից 15 վրկ անց իջեցվող սարքի կապը Երկրի հետ կորել է:

«Դեպի Մարս»՝ Մոցարտի անունը կրող ծրագրով ու «տիեզերագնաց» գիտնականներով

«AMADEE»-ն Ավստրիական տիեզերական ֆորումի առաջատար հետազոտական ծրագիր է, որի նպատակը տիեզերական այլ մարմինների վրա սարքավորումների, աշխատանքային պրոցեսների ու գիտական հետազոտությունների մշակումն է Երկրի վրա ստեղծված հատուկ պայմաններում, ինչը պետք է դրվի դեպի Մարս գալիք առաքելությունների հիմքում: «AMADEE» ծրագիրը նախատեսված է իրականացնել 2018-2028 թթ․։

2018-ին Մարսի անալոգային հետազոտությունն անցկացվել է Օմանում, 2020-ին՝ Իսրայելում: Ծրագրի անվանումն ընտրվել է ի պատիվ ավստրիացի կոմպոզիտոր Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտի։ Դոկտոր Գրյոմերն ասում է, որ իրենք ուզում էին մի քիչ պոետիկ շունչ տալ ծրագրին:

«AMADEE-24»-ը Հայաստանում անցկացվելու է 2024 թ. մարտի 5-ից մինչեւ ապրիլի 8-ը: Դրա մասնակից անալոգային տիեզերագնացների թռիչքային անձնակազմը 6 հոգուց է բաղկացած: Նրանք տիեզերագնացներ չեն, այլ տարբեր ոլորտներ ներկայացնող գիտնականներ: Հրամանատարը գերմանացի կենսաքիմիկոս Անիկա Մեհլիսն է (Anika Mehlis): Մյուս 5-ը ներկայացնում են Ասվտրիան, Գերմանիան, Մեծ Բրիտանիան, Իտալիան, Իսրայելը (տես ստորեւ):

«AMADEE» ծրագրի անալոգային տիեզերագնացների ընդհանուր թիվն, ըստ Ավստրիական տիեզերական ֆորումի կայքի, ներկայում 13 է: Գերնոտ Գրյոմերը, որը եւս նրանց թվում է, նշում է, որ ընտրում են թեկնածուների, որոնք առողջ են, ունեն թե՛ հոգեբանական, թե՛ ֆիզիկական, թե՛ գիտական, տեխնիկական բավարար պատրաստվածություն: Յուրաքանչյուր թեկնածու հետազոտվում է 637 անհատական պարամետրերով՝ սկսած քաշից, արյան մեջ խոլեստերինի մակարդակից եւ այլն: Ընտրությունն անցնելուց հետո մասնագետները 5 ամիս հիմնական վերապատրաստում են անցնում: Օրինակ՝ սովորում են, թե ինչպես օգտագործել տարածությունը, ինչպես հաղորդակցվել, տեխնիկական այնպիսի պատրաստվածություն են անցնում, ինչպես տիեզերագնացները:

«Մենք ուսումնասիրում ենք, թե մարդիկ ինչպես են արձագանքում մեկուսացմանը, քանի որ դա ոչ միայն ֆիզիոլոգիական, այլեւ հոգեբանական սթրես է»,- նշում է «Հետքի» զրուցակիցը:

Ըստ նրա՝ յուրաքանչյուր անալոգային հետազոտության պատրաստվում են մանրակրկիտ: Դա ենթադրում է անձնակազմի անդամների պատշաճ պատրաստվածությունը՝ սկսած ֆիզիկական վիճակից: Գրյոմերն ասում է, որ դա նման է մարզական իրադարձությանը նախապատրաստվելուն, քանի որ ուժեղ մկաններ են պետք տիեզերական ծանր հագուստը կրելու համար: Մոտ 50 կգ կշռող այդ հանդերձանքը հագնելու համար աջակցող թիմ է անհրաժեշտ:

Ավստրիացի մասնագետը նշում է, որ անալոգային տիեզերագնացների պատրաստվածության մեջ, ինչպես իրական տիեզերագնացների պարագայում է, էական են նույնիսկ առօրյա կյանքում մանրուք թվացող երեւույթները: Օրինակ՝ ֆիզիկական ծանրաբեռնվածությունից մարդն սկսում է քրտնել, քոր կարող է առաջանալ, այնինչ փակ հանդերձանք կրող տիեզերագնացները չեն կարող քորել մարմինը: Քորը, փռշտոցը զսպելու համար օգտագործում են հատուկ քսուքներ: Անալոգային հետազոտություններն անցկացվում են բաց տարածքում՝ դաշտային պայմաններում, երբ կարող է կեղտ ու փոշի գոյանալ, բայց նույն փոշին, ինչպես նշում է Գ. Գրյոմերը, տիեզերագնացների բնական թշնամին է, այնպես որ դրան էլ պետք է պատրաստ լինել:

Անալոգային հետազոտության բոլոր տվյալները փոխանցվում են կենտրոնակայան՝ Ավստրիա, որտեղ աշխատող մեծ թիմը վերահսկում է «տիեզերագնացների» գործողությունները:

Գերնոտ Գրյոմերի տեղեկացմամբ՝ «AMADEE-24»-ին ընդհանուր առմամբ մասնակցելու է մոտ 250 հետազոտող ու գիտնական շուրջ 25 երկրից։

«Հետքի» զրուցակիցն ասում է, որ անալոգային հետազոտության կոնկրետ վայրը Հայաստանում դեռ հաստատված չէ, բայց նկատում է, որ իրենց ընտրության շրջանակը մեծ է, ու առաջիկայում որոշումը կհրապարակեն:

Բացի գիտական նշանակությունից՝ «AMADEE-24»-ն ունենալու է նաեւ կրթական բաղադրիչ: Ավստրիացի գիտնականն ասում է, որ ծրագրում ընդգրկելու են հայաստանցի երիտասարդների, որոնք վերապատրաստում կանցնեն Ավստրիայում: Համագործակցությունը հայ մասնագետների հետ շարունակվելու է «AMADEE-24»-ից հետո: Դա, մասնավորապես, ենթադրում է հմտությունների զարգացում գիտատեխնոլոգիական ոլորտում: «Կարող է տարօրինակ հնչել, բայց մենք երախտապարտ ենք ամեն սխալի համար, որ թույլ կտանք այստեղ՝ Հայաստանում, որովհետեւ հետո այն չենք անի: Խոսքը սովորելու եւ Մարսի վերաբերյալ արդյունավետ տեսլական ունենալու մասին է»,- ասում է Ավստրիական տիեզերական ֆորումի տնօրենը:

Հայաստանի օդատիեզերական գործակալության տնօրեն Մհեր Մեհրաբյանը նշում է, որ անալոգային տիեզերակայանը պետք է կառուցվի մինչեւ 2024 թ. մարտի 5-ը, երբ կմեկնարկի  «AMADEE-24» առաքելությունը մեր երկրի տարածքում:

Հայաստանի ակնկալիքների մասին

«Սա Հայաստանին կտա միջազգային տիեզերական հավակնությունները ցուցադրելու հնարավորություն, ինչպես նաեւ ճանաչում,- ասում է Մ. Մեհրաբյանը,- հայկական տիեզերական, այսպես ասած, ծրագիր երբեք չենք ունեցել։ Բոլորը գիտեն, որ շատ մեծ գիտնականներ, ինժեներներ են մասնակցել շատ ծրագրերում, բայց մեկ դրոշի տակ չենք մասնակցել։ Սա առաջին անգամն է, որ պետք է այսպիսի մեծ քայլ անենք»։

«AMADEE-24» առաքելությունը հյուրընկալողը «Նորամածության եւ ձեռներեցության ազգային կենտրոն» ՊՈԱԿ-ն է: Վերջինիս տնօրեն Հայկ Մարգարյանն ասում է, որ առաջիկա անալոգային հետազոտությանը մասնակցելը հայ գիտնականներին հնարավորություն կտա համատեղ աշխատել եւ փորձեր կատարել արտասահմանցի գործընկերների հետ։ Ըստ նրա՝ սա առաջին քայլն էր, իսկ հետագայում կենտրոնը կփորձի ավելի շատ ծրագրեր բերել Հայաստան:

«AMADEE» ծրագրի լուսանկարները՝ oewf.org-ից, գլխավոր լուսանկարը՝ «AMADEE-20»-ից

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter