HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Բանկային համակարգի հարկերը 58%-ով աճել են առաջին եռամսյակում՝ հիմնականում մեկ բանկի հաշվին

Հայաստանում գործող 18 բանկից 17-ը այս տարվա առաջին եռամսյակում հայտնվել են Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) կողմից հրապարակվող խոշոր հարկատուների ցանկում։

Բանկային համակարգի ամենախոշոր հարկատուն այս տարվա առաջին եռամսյակում «Ակբա բանկ»-ն է։ Երեք ամսում պետական բյուջե է վճարել 7.1 մլրդ դրամի հարկ։ Նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ այն քառապատկվել է։ Բանկը խոշոր հարկատուների ցանկում այս անգամ զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը։

Ինչպես և ենթադրել էինք մեր նախորդ հոդվածում, բանկի հարկերի թռիչքային աճը մեծապես պայմանավորված է 2022 թվականին ստացած շահույթի գծով առաջացած շահութահարկով։ Պետական եկամուտների կոմիտեի տրամադրած տվյալների բացվածքից պարզ է դառնում, որ այս տարվա առաջին եռամսյակում բանկի կողմից բյուջե վճարված 7.1 մլրդ դրամի հարկից 5 մլրդ դրամը միայն շահութահարկն է կազմել, մնացածի մեծ մասը՝ եկամտային հարկը։ Համեմատության համար՝ 2022 թվականի նույն եռամսյակում բանկն ընդամենը 318 մլն դրամի շահութահարկ է վճարել։

Հիշեցնենք, որ 2022 թվականին բանկերը շահույթի մեծ աճ գրանցեցին, որը պայմանավորված էր առաջին հերթին ոչ ռեզիդենտներին՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիներին մատուցած ծառայություններով: 

Տարվա ընթացքում բանկերի շահույթի կտրուկ աճին զուգահեռ, նրանց վճարած հարկերի նույնքան կտրուկ աճ չգրանցվեց։ Մասնագետները դա բացատրեցին այն հանգամանքով, որ նշված տարում գոյացած շահութահարկի գերակշիռ մասը բանկերը մուծելու են եկող տարվա սկզբում, ինչը թույլատրելի է Հարկային օրենսգրքով։ Այսինքն՝ ակնկալվում էր, որ բանկերը պետք է հարկերի աճ գրանցեին արդեն 2023 թվականի առաջին և երկրորդ եռամսյակում։

Բանկերի հարկերի 2023 թվականի առաջին եռամսյակի վերլուծությունը ցույց է տալիս, որ առաջին եռամսյակում շահութահարկի գծով բանկերի մի մասի պարագայում էական աճ չկա, ինչից կարելի է ենթադրել, որ արդեն երկրորդ եռամսյակում նույն բանկերը շահութահարկի գծով էական աճ պետք է ունենան։

2023 թվականի առաջին եռամսյակում երկրորդ խոշոր հարկատուն «Ամերիաբանկ»-ն է` մոտ 2 մլրդ դրամի հարկերով։ Բանկի հարկերն աճել են 28%-ով։ Բանկը խոշորների ցանկում 22-րդն է։

Շահութահարկի գծով տեսանելի աճ է գրանցել «Հայէկոնոմբանկ»-ը, որն այս տարվա առաջին եռամսյակում ընդհանուր առմամբ վճարել է մոտ 1.8 մլրդ դրամի հարկ, որից 1.2 մլրդ դրամը շահութահարկն է։ Խոշորների ցանկում 27-րդն է։ Նախորդ տարվա նույն եռամսյակում բանկի ընդհանուր հարկերը կազմել են 785 մլն դրամ, որից 260 մլն դրամը շահութահարկը, մնացածը՝ հիմնականում եկամտային հարկը։

Մյուս խոշոր հարկատու բանկը «Արդշինբանկ» ՓԲԸ-ն է։ Ընկերությունը վճարել է 1.5 մլրդ դրամի հարկ և հայտնվել խոշոր հարկատուների 37-րդ հորիզոնականում։ Բանկի հարկերն աճել են 55%-ով, որը պայմանավորված է ինչպես շահութահարկի, այնպես էլ եկամտային հարկի աճով։ Հատկանշական է, որ «Արդշինբանկ»-ը բանկային համակարգում շահույթով առաջատարն է 2022 թվականին և չի բացառվում, որ այս տարվա երկրորդ եռամսյակում շահութահարկի գծով առավել մեծ վճարումներ լինեն։

Խոշոր հարկատու բանկերի առաջին հնգյակն այս տարվա առաջին եռամսյակում եզրափակել է «Ինեկոբանկ»-ը՝ 1.2 մլրդ դրամի հարկերով։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ բանկի հարկերը նվազել են 2%-ով։

Հաջորդող հնգյակում են «Կոնվերս բանկ»-ը, «Յունիբանկ»-ը, «ՎՏԲ-Հայաստան բանկ»-ը, «ԱյԴի բանկ»-ն ու «Արարատբանկ»-ը։

Ինֆոգրաֆիկայում կարող եք առավել մանրամասն տեսնել, թե յուրաքանչյուր բանկ որքան հարկ է վճարել այս և նախորդ տարվա առաջին եռամսյակներում։

Խոշոր հարկատուների ցանկից այս տարվա առաջին եռամսյակում դուրս է մնացել «Արցախբանկ»-ը։

Մյուս 17 բանկերը միասին վճարել են 20.5 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ աճել է 7.5 մլրդ դրամով կամ 57.8%-ով։ Այս աճի վրա ամենամեծ ազդեցությունն է ունեցել «Ակբա բանկ»-ի հարկերի աճը, քանի որ նշված 7.5 մլրդ դրամի աճից 5.4 մլրդ դրամը ապահովել է նշված բանկը։ 

Մեկնաբանություններ (1)

Արմինե
Այս հոդվածում հրապարակված ցուցանիշները վկայում են, որ ՀՀ-ում բանկերն աշխատում են գեր շահույթով, ինչը առաջին հերթին կապված է վարկառուների օրեցօր աճող քանակով և բանկերի կործանարար տոկոսներով: Կխնդրեմ հաճախ բարձրաձայնեք տոկոսադրույքների մասին, իսկապես անհրաժեշտ է վերանայել դրանք: Շնորհակալություն ընթերցելու համար

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter