HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Սեդա Հերգնյան

Խոշոր հարկատուների տասնյակում նոր անուններ կան

2023 թվականի առաջին եռամսյակում Հայաստանի 1000 խոշոր հարկատուները միասին պետական բյուջե են վճարել շուրջ 381 մլրդ 104 մլն դրամի հարկ։ 

Ինչպես ցույց են տալիս Պետական եկամուտների կոմիտեի հրապարակած տվյալները, 2022 թվականի առաջին եռամսյակի համեմատ խոշոր հարկատուների վճարած հարկերի ծավալն աճել է 72 մլրդ դրամով կամ 23%-ով։

Այս տարվա առաջին եռամսյակում հանրապետության խոշոր հարկատուն «Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն է։ Երեք ամսում ընկերությունը պետական բյուջե է վճարել 20.9 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 838 մլն դրամով կամ 4%-ով։ Այդպիսով, «Գազպրոմ Արմենիա»-ն առաջ է անցել «Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատ» ՓԲԸ-ից (ԶՊՄԿ), որը նախորդ տարի գլխավորում էր խոշորների ցանկը։

Այս անգամ ԶՊՄԿ-ն երկրորդ տեղում է՝ 15.5 մլրդ դրամի հարկով։ Հանքարդյունաբերողը կտրուկ նվազեցրել է հարկերը։ 2022 թվականի առաջին եռամսյակի համեմատ դրանք պակասել են մոտ 20 մլրդ դրամով կամ 56%-ով։

Ինչպես երևում է, կոմբինատը տարին այնքան էլ հաջող չի սկսել, որքան նախորդ տարի։ 2022 թվականին ԶՊՄԿ-ն 2.3 անգամ ավելացրել էր հարկերը։ Ի թիվս այլ հանգամանքների՝ նախորդ տարի ԶՊՄԿ-ի հարկերի աճին նպաստել էր միջազգային շուկաներում պղնձի գնաճը։ Լինելով արտահանող ընկերություն՝ ԶՊՄԿ-ն դրա հաշվին լրացուցիչ եկամուտներ էր ապահովել, որն էլ շղթայաբար ազդել էր հարկերի վրա։ Ընկերության հարկերի վրա էական ազդեցություն էին ունեցել նաև հարկային ստուգումների արդյունքում արձանագրված 15 մլրդ դրամի խախտումները, որոնք վերականգնվել են պետբյուջե 2022 թվականին։ 

2023 թվականի առաջին եռամսյակում հանրապետության երրորդ խոշոր հարկատուն ծխախոտ արտադրող «Գրանդ տոբակո» ՍՊԸ-ն է։ Այն պետբյուջե է վճարել 11.7 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ աճել է 3.8 մլրդ դրամով կամ 48%-ով։

Տասնյակում այս անգամ նոր անուն է հայտնվել. «Փրիթի ուեյ» ՍՊԸ-ն չորրորդ տեղում է՝ 8.7 մլրդ դրամի հարկերով։ Այս ընկերությունը ներկայացնում է հայտնի «Վեստա» կենցաղային տեխնիկայի և կահույքի խանութների ցանցը։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում ընկերությունը խոշորների ցանկում զբաղեցրել է 109-րդ տեղը։ Այս տարվա առաջին եռամսյակում ընկերության հարկերն աճել են 17 անգամ։ Հարկային տվյալներից կարելի է եզրակացնել, որ «Վեստա»-ն մեծ ծավալի ներմուծում է իրականացրել, քանի որ երեք ամսում գոյացած 8.7 մլրդ դրամի հարկերից 6.4 մլրդ դրամը մաքսային մարմինն է հավաքագրել։ 

Խոշոր հարկատուների հնգյակը եզրափակում է «Ինտերնեյշնլ Մասիս տաբակ» ՍՊԸ-ն։ Երեք ամսում ընկերությունը բյուջե է վճարել 7.3 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տավա առաջին եռամսյակի համեմատ աճել է 1.4 մլրդ դրամով կամ 24%-ով։

Հարկերի թռիչքային աճ է գրանցել «Ակբա բանկ»-ը։ Այս տարվա առաջին եռամսյակում բանկը վճարել է 7.1 մլրդ դրամի հարկ, որը նախորդ տարվա նույն եռամսյակի համեմատ  4 անգամ աճել է։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում  զբաղեցրած 23-րդ տեղից բանկն այս տարվա առաջին եռամսյակում հայտնվել է 6-րդ տեղում։  

2022 թվականին բանկերը շահույթի մեծ աճ գրանցեցին։ 

Ինչպես Հայաստանում գրանցվող երկնիշ տնտեսական աճը, այնպես էլ բանկերի շահույթի ռեկորդային այս ցուցանիշն առաջին հերթին պայմանավորված է ոչ ռեզիդենտներին՝ ռուս-ուկրաինական պատերազմից հետո Հայաստան տեղափոխված ռուսաստանցիներին մատուցած ծառայություններով:

Տարվա ընթացքում բանկերի շահույթի կտրուկ աճին զուգահեռ, նրանց կողմից վճարվող հարկերի նույնքան կտրուկ աճ չգրանցվեց։ Մասնագետները դա բացատրեցին այն հանգամանքով, որ նշված տարում գոյացած շահութահարկի գերակշիռ մասը բանկերը մուծելու են եկող տարվա սկզբում, ինչը թույլատրելի է Հարկային օրենսգրքով։ Այսինքն՝ ակնկալվում էր, որ բանկերը պետք է հարկերի աճ գրանցեին արդեն 2023 թվականի առաջին և երկրորդ եռամսյակում։ «Ակբա բանկ»-ի հարկերի աճը, ամենայն հավանականությամբ, այս համատեսքստում է։ Մյուս բանկերին կանդրադառնանք առանձին հոդվածով։ 

Այս տարվա  առաջին եռամսյակում հանրապետության յոթերորդ խոշոր հարկատուն «Մոբայլ Սենթր Արթ» ՍՊԸ-ն է՝ 5.3 մլրդ դրամով։ Ընկերությունը ներկայացնում է «Մոբայլ սենթր» խանութների ցանցը, որը բջջային հեռախոսների ու համակարգիչների ներմուծմամբ ու վաճառքով է զբաղվում։ Նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ ընկերության հարկերն ավելացել են 4 անգամ։ Նախորդ տարվա առաջին եռամսյակում «Մոբայլ Սենթր Արթ»-ը 36-րդ տեղում է  եղել, սակայն չորրորդ եռամսյակում արդեն առաջին տասնյակում էր։ 

Ութերորդ տեղում վառելիքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Սի-Փի-Էս էներջի գրուպ» ընկերությունն է (CPS ապրանքանիշ)՝ 5.1 մլրդ դրամի հարկով։ Ընկերությունը 2.5 անգամ ավելացրել է հարկերը. 2022 թվականի առաջին եռամսյակում խոշորների ցանկում 20-րդն է եղել։ Սակայն, հատկանշական է, որ նույն ապրանքանիշը ներկայացնող մեկ այլ ընկերություն՝ «ՍԻՓԻԷՍ օիլ»-ը, նախորդ տարվա առաջին եռամսյակում 17-րդ տեղում է  եղել և վճարել է 2.1 մլրդ դրամի հարկ, մինչդեռ այս տարվա առաջին եռամսյակում խոշորների ցանկում չկա։ 

Իններորդ տեղում ծխախոտի ներմուծմամբ և վաճառքով զբաղվող «Ֆիլիպ Մորրիս Արմենիա» ՍՊԸ-ն է՝ 4.5 մլրդ դրամի հարկով, որը նախորդ տարվա առաջին եռամսյակի համեմատ 75%-ով աճել է։ 

Այս անգամ տասնյակը եզրափակում է վառելիքի ներմուծմամբ ու վաճառքով զբաղվող «Ֆլեշ» ՍՊ ընկերությունը, որի հարկերը կազմել են 3.9 մլրդ դրամ, աճը՝ 92 մլն դրամ կամ 2%:

Ընդհանուր առմամբ, հանրապետության 1000 խոշոր հարկատուները այս տարվա առաջին եռամսյակում ապահովել են բյուջե վճարված ամբողջ հարկերի մոտ 83%-ը։

Տես նաև՝

 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter