HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տիրայր Մուրադյան

Գլխավոր դատախազը՝ Պապիկյանին, Սուքիասյանին, Բեգլարյանին և այլոց առնչվող «Հետքի» հրապարակումների մասին

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը վստահեցնում է, որ գործող բարձրաստիճան պաշտոնյաներին առնչվող կոռուպցիոն գործերով զբաղվելուց առաջ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկումներ չի ունենում։ Այս մասին Աննա Վարդապետյանը հայտարարեց Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։

Գլխավոր դատախազը խորհրդարանում այսօր ներկայացնում էր իր ղեկավարած կառույցի 2022թ․ տարեկան հաղորդումը, պատասխանում էր պատգամավորների հարցերին։ Իսկ լրագրողների հետ զրույցում անդրադարձավ «Հետքի» իրականացրած մի քանի հետաքննությունների։

Խոսելով պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի և Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահ Սասուն Խաչատրյանի կողմից էական զեղչով բնակարանների գնման գործարքներից, դատախազն ասաց, որ դրանցում ենթադրությունները ցածր շեմ են ունեցել։

«Հրապարակման մեջ տեղ գտած ենթադրությունները պարզապես չհաստատվեցին»,- հայտարարեց Աննա Վարդապետյանը՝ նշելով, որ մամուլի հրապարակումներին նման գնահատական է տրվել օպերատիվ մարմնի ստուգման արդյունքում։ Հիշեցնենք, որ պաշտպանության նախարարն ու Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահը շուկայականից անհամեմատ էժան գնով բնակարաններ էին ձեռք բերել նախկին ՀՀԿ-ական Աշոտ Արսենյանի ընկերության կողմից կառուցվող բնակելի համալիրում։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի ընտանիքին պատկանող, Երևանի կենտրոնում գտնվող «Սիլ պլազա»-ի սեփականաշնորհման պատմությանն անդրադառնալով՝ Աննա Վարդապետյանը հիշեցրեց, որ «Հետքի» այդ հրապարակումը դատախազությունում ուսումնասիրվել է իր պաշտոնավորումից ամիսներ առաջ։ Ըստ նրա՝ այդ փուլում էլ դատախազության պետական շահերի պաշտպանության վարչության դատախազը գտել էր, որ շենքի օտարումն իրավաչափ չի եղել, և դիմել է վարչական դատարան։ Աննա Վարդապետյանի պնդմամբ՝ դատարան դիմելուց առաջ ինքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ քննարկում չի ունեցել։ 

ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Երևանի նախկին քաղաքապետ Տարոն Մարգարյանի գույքի վերաբերյալ «Հետքի» հրապարակումը դատախազությունում ուսումնասիրվել է։

«Տարոն Մարգարյանի հետ կապված երբ որ ուսումնասիրության հիմքերը վեր հանեցինք «Հետքի» հրապարակումից հետո, իսկապես բացթողում ունեինք։ Այս մասով մենք աշխատանք ենք իրականացրել՝ լրացնելու այդ բացը»,- նշեց Աննա Վարդապետյանը՝ պարզաբանելով, թե ինչու է դատախազության ուսումնասիրությունից դուրս մնացել Մարգարյանի հետ փոխկապակցված անձանց պատկանող մի շարք գույքեր։ Ըստ Վարդապետյանի՝ դատախազության ապօրինի ծագում ունեցող գույքերի բռնագանձման վարչությունը օպերատիվ մարմնից էր ստացել նախկին քաղաքապետի գույքի վերաբերյալ տվյալներ, որոնցում ներառված չէին «Հետքի» բացահայտած գույքերը։

Երևանի նախկին մեկ այլ քաղաքապետի՝ Գագիկ Բեգլարյանի, նրա եղբոր և այլ նախկին պատշոնյաների Դուբայում ունեցած գույքերի մասին տվյալներ դատախազությունում նույնպես չեն եղել, որոնք ևս բացահայտել էր «Հետքը»։ Այս դեպքում, ըստ գլխավոր դատախազի, նշված գույքերի վերաբերյալ իրավական օգնության շրջանակում դատախազությունը տվյալներ չէր ստացել Արաբական Միացյալ Էմիրություններից։

Ինչ վերաբերում է նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի՝ «Մոնումենտում» կառուցած առանձնատունը ապօրինի ծագում ունեցող գույքերի ցանկից դուրս թողնելուն՝ Աննա Վարդապետյանը նշեց, որ առանձնատան գնի չափով պահանջ կա Հովիկ Աբրահամյանից։

Առավել մանրամասն՝ տեսանյութում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter