HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արցախում ցույցերը շարունակվում են Շուշի տանող ճանապարհին

«Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը» խորագրով շարժման նախաձեռնողներն ու մասնակիցները մայիսի 3-ին կազմակերպել էին խաղաղ ցույց՝ Ստեփանակերտից Շուշի տանող ճանապարհի վրա գտնվող «Զառին բաղ» կոչվող տեղամասում։

Շարժման նախաձեռնողներից Դավիթ Բաղրյանի խոսքով՝ իրենց ձայնն ամբողջ աշխարհին լսելի դարձնելու համար են հավաքվել։ Նա հայտարարեց, որ Հակարի կամրջի վրա ադրբեջանական անցակետի տեղադրումը կարմիր գիծ է, և ցույցի պահանջն է հեռացնել ադրբեջանական անցակետը։ 

«Մեր միակ թշնամին սահմանից այն կողմ է։ Կոչ ենք անում քաղաքական, ոչ քաղաքական բոլոր ուժերին, հասարակական կազմակերպություններին, բոլոր նրանց, ովքեր ի վիճակի են ներդրում ունենալ Արցախ աշխարհը պահելու մեջ, գալ ու միանալ մեր նախաձեռնությանը։ Եթե մինչև հիմա Ադրբեջանի քայլերն ինչ-որ չափով մարսվել են, այս մեկը չի կարող մարսվել»,- իր ելույթի ընթացքում ասաց Դավիթ Բաղրյանը։

Շարժման նախաձեռնողները մայիսի 1-ից վրան են դրել «Զառին բաղ» վայրում և ամբողջ օրն այդտեղ են անցկացնում։ Դավիթ Բաղրյանն ասում է, որ ստորագրահավաքին ու ցույցին զուգահեռ կազմակերպվելու են նաև հանրային քննարկումներ։ «Արցախի յուրաքանչյուր քաղաքացու գաղափարներն ու մտահղացումները կարևոր են մեզ համար»,- ասաց նա։ 

Շարժման նախաձեռնողներից Հայկ Ավանեսյանը ասում է, որ Արցախի հայերը երկու ճանապարհ ունեն՝ կա՛մ պետք է համակերպվեն, կա՛մ սկսեն պայքարել։

«Մենք պետք է հասնենք նրան, որ անցակետն այլևս այնտեղ չլինի։ Որոշ մարդկանց մոտ հարմարվելու նշաններ են նկատվում։ Նրանք ասում են՝ դե երեխաներս կգնան, ես էլ մեծ մարդ եմ, կմնամ այստեղ։ Մենք կարող ենք նստել տանը, խոսել «Ֆեյսբուք»-ում, բայց կարող ենք նաև գալ ու միանալ, համախմբել։ Երբևիցե նման պայմանների մենք չպետք է հարմարվենք։ Նահանջը տանելու է Արցախի վերջնական կործանման։ Մենք կործանման եզրին ենք։ Մենք հիմա Կիլիկյան Հայաստանի մասին երգեր ենք լսում, իսկ եթե ոչինչ չանենք, մի օր էլ Արցախը կորցնելու մասին ենք երգեր լսելու։ Ամբողջ աշխարհի հայերը մեզնից՝ Արցախում ապրող հայերից պետք է օրինակ վերցնեն»,- ասում է Հայկ Ավանեսյանը։

Շարժման նախաձեռնողներից Սամվել Մնացականյանը ասում է՝ պետք է սպանել մարդկանց մեջ անտարբերությունը։

«Մարդկանց պետք է հասկացնենք, որ անտարբեր չի կարելի լինել։ Միշտ ռուսներից ենք բողոքում, իսկ մենք ի՞նչ ենք անում, որ մի հատ էլ ռուսներից ենք ինչ-որ բան պահանջում։ Մեր պետությունը, մենք որպես ժողովուրդ, ի՞նչ ենք անում։ Հարմարված ամեն ինչի հետ՝ ապրում ենք։ Էլ ի՞նչ պետք է լինի, որ ասենք՝ վերջ, դանակը հասել է ոսկորին»,- ասում է Սամվել Մնացականյանը։ 

Ցույցերը շարունակելու են այնքան ժամանակ, մինչև ցուցարարները հասնեն իրենց նպատակին։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter