HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Վահե Սարուխանյան

Ստեփանավանի օդանավակայանի նախկին կառուցապատողը պարտվել է պետական մարմինների դեմ դատը

Ստեփանավանի օդանավակայանի նախկին կառուցապատող «Նյուտեք Շին» ՍՊԸ-ն, որը դատի էր տվել ԱԻՆ-ին, Պետգույքի կառավարման կոմիտեին ու Ֆիննախին, պարտվել է վեճը: Դատական վեճի առարկան շինաշխատանքների դիմաց վարձատրություն ստանալն էր:

2014-ի մարտին այն ժամանակվա վարչապետ Տիգրան Սարգսյանի գլխավորած կառավարությունը որոշել էր, որ «Նյուտեք Շին» ՍՊԸ-ի կողմից ԱԻՆ-ի կարիքների համար շինարարական եւ կապիտալ վերանորոգման աշխատանքներ կատարելու դիմաց պետությունը կառուցապատողին վճարելու է ոչ թե դրամով, այլ գույքով:

Ընկերությունը պետք է աշխատանքներ կատարեր 3 հասցեներում՝ Երեւանի Միկոյան փողոցում ու Շիրակի 3-րդ նրբանցքում, ինչպես նաեւ Ստեփանավանի օդանավակայանում: Շինաշխատանքների ընդհանուր արժեքը գնահատվել էր 331 մլն դրամ: Ամենաթանկը օդանավակայանի շինարարական-վերանորոգման աշխատանքներն էին՝ 213 մլն դրամ:

Փոխարենը պետությունը որպես վճար սեփականության իրավունքով կառուցապատողին էր օտարելու ԱԻՆ-ի հաշվեկշռում գտնվող 3 միավոր գույք. 2-ը՝ Միկոյան փողոցի, 1-ը՝ Հալաբյանի վրա: Կառավարությունը դրանք նախապես ԱԻՆ-ից վերցրել ու հանձնել էր Կառավարությանն առընթեր պետգույքի կառավարման վարչությանը (ներկայում՝ ՏԿԵՆ պետգույքի կառավարման կոմիտե): Բայց մինչեւ «Նյուտեք Շինը» կավարտեր պայմանագրով ստանձնած շինաշխատանքները, վճարման միջոց հանդիսացող 3 միավոր գույքը մնալու էր որպես գրավ, եւ ԱԻՆ-ի ստորաբաժանումները շարունակելու էին զբաղեցնել դրանք:

Կառավարության որոշումից 1,5 տարի անց՝ 2015-ի սեպտեմբերին, «Նյուտեք Շինը» սնանկ է ճանաչվել: Ընդ որում՝ ընկերությունը չի բողոքարկել իրեն սնանկ ճանաչելու վճիռը: Դրանից հետո Պետգույքի կառավարման կոմիտեն դիմել է ընկերությանը սնանկ ճանաչած դատարանին՝ խնդրելով պարտատերերի ցանկում գրանցել նաեւ իրեն: Այսինքն՝ պետական մարմինը ցանկացել է հետ վերցնել վճարի միջոց հանդիսացող գրավադրված 3 միավոր գույքը, քանի որ սնանկացած կառուցապատողն իր պարտականությունները չի կատարել: 

Իր հերթին «Նյուտեք Շին» ՍՊԸ-ն 2017-ի փետրվարին առանձին հայցով դատի է տվել ԱԻՆ-ին եւ Պետգույքի կառավարման կոմիտեին, որպեսզի իբրեւ մինչ այդ կատարած աշխատանքների վճար ստանա նախատեսված գույքից 2-ը (մեկը՝ Միկոյան փողոցի վրա, մյուսը՝ Հալաբյանի), որոնց ընդհանուր արժեքը գնահատվել է 65 մլն դրամ:

Առաջ անցնելով՝ նկատենք, որ 2017-ի հունիսից ՍՊԸ-ն գտնվում է լուծարման վարույթում, այսինքն՝ նրա ունեցած միջոցներով պարտատերերի պարտքերը հնարավորինս մարելուց հետո դատարանը հայտարարելու է ընկերության լուծարման մասին:

2017-ի փետրվարին «Նյուտեք Շին» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ ԱԻՆ-ի ու Պետգույքի կառավարման կոմիտեի ընդունվել էր Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի վարույթ: 2018-ի աշնանը հայցապահանջը փոխվել է. «Նյուտեք Շինի» սնանկության գործով կառավարչի ներկայացուցիչը խնդրել է պետությունից հօգուտ ՍՊԸ-ի գանձել ոչ թե ընդհանուր 65 մլն դրամ գնահատված վերոնշյալ 2 միավոր անշարժ գույքը, այլ 189 մլն դրամ՝ որպես փաստացի կատարված աշխատանքների արժեք, իսկ ավելի ուշ խնդրել է այդ գումարի վրա նաեւ տոկոսներ հաշվարկել: 2019-ի տարեսկզբին որպես պատասխանող ներգրավվել է նաեւ Ֆիննախը: Դրանից շատ չանցած դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները դադարեցվել են: 2019-ի մարտին գործը մակագրվել է Երեւանի դատարանի դատավոր Գայանե Խաչատրյանին:

Համալիր փորձաքննություն կատարած «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ն դատարանին տվել է եզրակացություն առ այն, որ «Նյուտեք Շինը» ընդհանուր կատարել է 189 մլն դրամի աշխատանք, որից ԱԻՆ-ը հաստատել է միայն 39 մլն-ի աշխատանքների կատարողական ակտը: Հենց այս գնահատականի վրա էլ հիմնվել է 189 մլն դրամի հայցագինը: Այսինքն՝ ըստ փորձաքննողի՝ ԱԻՆ-ի կողմից չընդունված (կատարողական ակտերը ԱԻՆ-ի կողմից չեն ստորագրվել) աշխատանքների ընդհանուր արժեքը եղել է 150 մլն դրամ: Սակայն դատարանը բավարար ապացույց չի համարել ո՛չ ԱԻՆ-ի ներկայացուցչի կնքած ու ստորագրած 39 մլն դրամի աշխատանքների կատարողական ակտը (վերջինս, ըստ դատարանի, չի բավարարել կապալի պայմանագրի պայմանները, չի ունեցել ամսաթիվ, իրավական հիմքն էլ սխալ է նշված եղել), ո՛չ մյուս կատարողական ակտերը, որոնցում ԱԻՆ-ի կողմից ընդհանրապես կնիք ու ստորագրություն չի դրվել:

Ինչպես վերեւում նշեցինք, Ստեփանավանի օդանավակայանի շինարարական-վերանորոգման աշխատանքները Կառավարության որոշմամբ գնահատվել էին 213 մլն դրամ: Եվ ահա փորձաքննություն իրականացրած «Շինսերտիֆիկատ» ՍՊԸ-ն եզրակացություն է տվել առ այն, որ օդանավակայանի նախկին մասնաշենքի քանդման ու տարածքի մաքրման աշխատանքներն արժեցել են 34 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ), իսկ հին ցանկապատի ապամոնտաժման ու նորի կառուցման աշխատանքները՝ 58 մլն դրամ (ներառյալ ԱԱՀ):

Այստեղ արժե հիշեցնել, որ 2019-ին Գլխավոր դատախազությունը քրեական գործ էր հարուցել, որը վերաբերում էր Ստեփանավանի օդանավակայանի վերանորոգման աշխատանքներին:

Դատախազությունն այն ժամանակ հաղորդել էր, որ չնայած օդանավակայանում նախատեսված աշխատանքները, պայմանագրի համաձայն, «Նյուտեք Շինը» պետք է կատարեր իր ուժերով, նյութերով, սարքավորումներով, գործիքներով, ուսումնասիրությամբ պարզվել է, որ ԱԻՆ-ի պատասխանատու պաշտոնատար անձինք, իրենց պաշտոնեական դիրքը ծառայության շահերին հակառակ օգտագործելով, անտեսելով պայմանագրով նախատեսված պայմանը, կառուցապատման աշխատանքներ իրականացնելու համար ՍՊԸ-ին տրամադրել են 256 մլն դրամ ընդհանուր արժեք ունեցող մետաղյա սալիկներ եւ այլ գույք: Դրանից 108 մլն դրամի գույքը ընկերության կողմից օգտագործվել է օդանավակայանի շինարարական աշխատանքներում, որով էական վնաս է պատճառվել պետության օրինական շահերին՝ առաջացնելով ծանր հետևանքներ:

Բացի դրանից՝ ԱԻՆ-ում անցկացված ծառայողական քննության արդյունքում արձանագրվել է, որ ՍՊԸ-ի կողմից ԱԻՆ-ին վերադարձված եւ վերջինիս հաշվեկշռում գտնվող մնացած 148 մլն դրամի սալիկներից բացակայում է 7,5 մլն դրամի 478 հատ մետաղյա սալիկ:  

Այդուհանդերձ, «Նյուտեք Շին»-պետական կառույցներ դատական վեճում ամենաէականն այն է, որ կապալառու ընկերությունը վերոնշյալ 3 հասցեներում շինաշխատանքները պետք է ավարտեր մինչեւ 2016 թ. ապրիլի 18-ը, ինչը, սակայն, չի արել: Սրա հիման վրա նույն տարում ԱԻՆ-ը միակողմանի լուծել է պայմանագիրը, ինչի իրավունք, ըստ պայմանագրի, ուներ: Դրա դեմ, ի դեպ, կապալառուն չի առարկել: Վերջինս դատարանում նաեւ ընդունել է, որ կապալի պայմանագրի համաձայն՝ վճարումը պիտի կատարվեր անշարժ գույքի տեսքով, ու վճարման այլ կարգ (դրամային տեսքով) նախատեսված չի եղել:

Դատարանը հիմնավորված է համարել այն, որ «Նյուտեք Շինի» կողմից պայմանագրով սահմանված ժամկետում աշխատանքները չավարտելն ու ժամկետի խախտում թույլ տալը, ինչպես նաեւ աշխատանքները չկատարված ու թերի կատարված լինելու հանգամանքները հիմք են դարձել, որ պատվիրատու ԱԻՆ-ը միակողմանի լուծի պայմանագիրը, եւ այս պարագայում բացառվել է պատվիրատուի կողմից պայմանագրով սահմանված գինը (3 միավոր անշարժ գույքի տեսքով) կապալառուին վճարելու պարտականությունը: 

Վերոնշյալի հիման վրա Երեւանի դատարանը մարտի 14-ին մերժել է «Նյուտեք Շին» ՍՊԸ-ի հայցն ընդդեմ պետական մարմինների: Այդուհանդերձ, ապրիլի 17-ին ՍՊԸ-ի սնանկության գործով կառավարիչը վերաքննիչ բողոք է ներկայացրել: «Դատալեքս» տեղեկատվական համակարգում առայժմ չկա ինֆորմացիա բողոքի՝ վարույթ ընդունվելու մասին:

Տես նաեւ՝

2019 թ. լուսանկարները՝ Հակոբ Պողոսյանի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter