HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Եթե խաղաղություն լինում ա, աստված օրհնում ա էդ ընտանիքը»

Տան բակի ավազանման հողում քարերը, կարծես, ուլունքների պես շարված լինեն։ Առաջին հայացքից հողը չորացած լճակի է նման։ Լեյլին կարտոֆիլ է ցանելու այդտեղ։ Երեք շները միաձայն հաչում են՝ մեզ տեսնելով։ Նրանցից Բելկան 8-ամյա Գեորգիի սիրելի շունն է։ Տղան նայում է շան կողմ ու ժպտում։

Տատը՝ 72-ամյա Անժելա Ավետիսյանը, նստում է բակում դրված սեղանի մոտ ու նայում թոռան կողմ։ Ասում է՝ Բելկային շուտով տանելու են, որդու ընկերոջն են նվիրելու։ Երեք շունը մի բակի համար շատ է։

Լեյլին նստում է սկեսրոջ կողքին։ Հաջորդ օրը զինվորական ամուսնուն՝ Հովհաննեսին, ճանապարհելու են դիրքեր։ Մարտական հերթապահության 15 օրերն անցնում են անհանգստության ու լարվածության մեջ, անընդհատ սահմանային իրավիճակի մասին լուրերին հետեւելով։

Լեյլին Արմավիրի մարզի Արեւիկ գյուղից է։ Առաջին ամուսինը մահացել է։ Այդ ամուսնությունից մի դուստր ունի։

-Էդ էրեխեն էլ է մերը, ի՞նչ տարբերություն,- ասում է տիկին Անժելան,- մենք հաշվի չենք առնում, որ առաջինը տարբեր է։

-Մենք շատ սիրով ենք, հարազատ,- ավելացնում է Լեյլին։

Լեյլին առաջին ամուսնու հետ ապրել է 4 տարի։ Հովհաննեսի հետ ծանոթացել է քրոջ ամուսնու միջոցով, ընկերներ էին։ 2012 թ․ ամուսնացել են ու սկսել ապրել Խարբերդում։ Հետո ծնվել են Գեորգին, Արսենն ու Ավետիսը։

Երեքի ծնվելուց էլ Հովհաննեսը դիրքերում է եղել։ «Ասում է՝ հայրենիքն ամեն ինչից կարեւոր է, որ ես չպաշտպանեմ, իմ ընտանիքը խաղաղ, երջանիկ չի ապրի։ Ուրիշների պես չի մտածում, նվիրված ծառայում է»,- նշում է Լեյլին։

Ամուսինը տանը չի խոսում զինծառայությունից, տնեցիներին էլ ասել է, որ հարցեր չտան։

-Հոր մահվան քառասունքը չէր լրացել, երբ պատերազմն սկսվեց։ Հենց առաջին օրն էլ առաջնագիծ էր գնացել։ Պատերազմի դաշտից էլ ոչ մի բան չէր խոսում, զանգում էր, ասում էր՝ լավ է, ու անջատում,- պատմում է տիկին Անժելան։ Նա երեք զավակ ունի՝ երկու աղջիկ եւ մեկ որդի։

-Ես մի տղա բերել եմ, գիտեմ, որ իրա վրա գրվում է Հայաստան։ Իր էությունը սաղ Հայաստանի համար է, ի՞նչ ասեմ,- նշում է մայրը։

Լռում ենք։ Հարս ու սկեսուր ջերմությամբ իրար են նայում։ Բելկան նորից հաչում է։ Արսենը հեծանիվով վերուվար է անում։ Լեյլին հեռվից նկատում է, որ տղայի հագուստը փոշոտվել է, ասում է՝ մոտենա, գոնե շապիկը դնի տաբատի մեջ։

Նոր Խարբերդի կիսակառույց այս տունը, որտեղ ապրում են, իրականում մի մեծ ու խոնավ սենյակ է, որտեղ հյուրեր կարող են ընդունել, քնել, անգամ լողանալ։ Լեյլին ասում է՝ մեծ տաշտակ են առել, սենյակում դնում են, լողանում, ուրիշ տարբերակ չունեն։

Մենք շշուկով ներս ենք մտնում։ Սենյակի նախամուտքի մոտ փոքր, խցի պես խոհանոցն է։ Ներսում 3-ամյա Ավետիսն է քնած։

Սենյակը կոկիկ ու մաքուր է։ 7 հոգով քնում են այդ մի սենյակում։ Տիկին Անժելան ժպտում է, ասում է՝ կարեւորը մարդու սիրտն է, իրենք լավ էլ տեղավորվում են՝ բազմոցների մոտ աթոռներ են դնում, հետո անկողին գցում վրան ու քնում։

-Ես Արսենի ու Գեորգիի հետ էս մի բազմոցին եմ քնում։ Աթոռներն էլ դեմն ենք դնում։ Դե, երեքս էլ պուճուր-մուճուր ենք, ի՞նչ է, որ չտեղավորվենք։

Դրսում հին ջեռուցիչներով աստիճանն կան, որոնք անձրեւներից ու արեւից արդեն գունաթափվել, ժանգոտվել են։ Եթե աստիճաններ կարողանան սարքել, տան երկրորդ հարկն էլ կարելի է օգտագործել։ Տիկին Անժելայի հաշվարկով՝ աստիճանը մոտ 100 հազար դրամ կարժենա, իսկ դա իրենց համար փոքր գումար չէ։

Ամուսինը դհոլչի էր, ասում է՝ տանը երգուպար էր լինում։ Երեւանում էին ապրում՝ երկսենյականոց բնակարանում։ 1996 թ․ փեսան գրավադրել էր տունը, տիկին Անժելան ասում է ՝մեծ պատմություն է։ Բայց այդ գործարքների հետեւանքով կորցրեցին բնակարանը։ Հետո եկել են Նոր Խարբերդ, հող գնել ու տուն կառուցել։ 2002 թ. տեղափոխվել են այս տուն։

Լեյլին սեզոնային գործեր է անում։ Բերքահավաքի է գնում, բայց մշտական աշխատանք չունի։ Ասում է՝ հիմնականում զբաղվում է երեխաների խնամքով։

Տան ներսի բետոնե հատակից, սառնությունից երեխաները հաճախ են հիվանդանում։ Լեյլին էլ մի քանի անգամ թոքաբորբով է հիվանդացել։ «Ձեռքերս սառը ջրով էի լվանում, սկեսուրս տաքացուցիչը վերցրեց, որ շատ չտանջվեմ»,- նշում է 40-ամյա հարսը։ Սկեսուրն էլ ավելացնում է, թե «էրեխու ձեռքերը շատ էին սառում»։ Տաքացուցիչն արեւային էներգիայով է աշխատում։ 6 տարով են ձեւակերպել ապառիկը։ Ամսական 7000 դրամ են վճարում։

-Ինքն իմ աղջիկն ա,- հարսին նայելով՝ ասում է տիկին Անժելան։ Քիչ անց ավելացնում են՝ «առավոտ վեր ենք կենում, ոչ մեկս մյուսի վրա մունաթ չի գալիս, առօրյա գործերով էլ, որս ինչ հասցնում ա, անում ա, առանց տրնտջալու։ Դպրոց ենք ճանապարհում, նախաճաշ, դաս ենք անում»։

-Ես իրեն շատ եմ սիրում,- ասում է սկեսուրը։

-Ես էլ իմ սկեսուրին եմ շատ սիրում,- պատասխանում է Լեյլին։

-Ի՞նչն ա կարեւոր կյանքում,- հարցնում եմ նրանց։

-Խաղաղությունը, ընտանեկան խաղաղությունն ու ջերմությունը։ Եթե խաղաղություն լինում ա, Աստված օրհնում ա էդ ընտանիքը։ Եթե մարդիկ միլիոններ են ունենում, բայց խաղաղություն չեն գտնում, վախն է, իսկ մենք վախ չունենք, մենք խաղաղ ապրում ենք,- ասում է 72-ամյա կինը։

Մենք շրջում ենք տնամերձ հողամասում։ Անժելան ցույց է տալիս ծառերը, նոր տնկիները։ Փոքր բալենու պտուղներն արդեն կանաչել են։ Շուտով Լեյլին կարտոֆիլ կցանի, Գեորգին ու Արսենն էլ դույլերով կջրեն: Հետո երբ զինվորական հայրը վերադառնա դիրքերից, նրանք պատմելու բան կունենան։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter