
Բլինքենն ու Միշելը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակը
ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը քննարկել են Հարավային Կովկասում առկա իրավիճակն ու խաղաղությունը։ Այդ մասին Բլինքենը գրառում է արել թվիթերյան իր միկրոբլոգում։
«Հաճելի էր այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ քննարկել Ուկրաինային աջակցությունը, Հարավային Կովկասում խաղաղությունը և տրանսատլանտյան մեր գործընկերության խորացումը»,- նշել է Բլինքենը։
Great to speak with European Council President @CharlesMichel today to discuss support for Ukraine, South Caucasus peace, and our deep transatlantic partnership.
— Secretary Antony Blinken (@SecBlinken) May 11, 2023
ԱՄՆ պետքարտուղարությունը ևս հաղորդագրություն է տարածել Բլինքեն-Միշել հեռախոսազրույցի վերաբերյալ։ «Պետքարտուղար Էնթոնի Բլինքենն այսօր խոսել է Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ։ Պետքարտուղար Բլինքենը և նախագահը Միշելը վերահաստատել են ԱՄՆ-ի ու ԵՄ-ի աջակցությունը Ուկրաինայի ինքնիշխանությանը, անկախությանը և տարածքային ամբողջականությանը»,- ասված է հաղորդագրության մեջ։
Բացի այդ, ըստ ԱՄՆ պետքարտուղարության հաղորդագրության, Բլինքենն ու Միշելը քննարկել են նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև կայուն ու երկարաժամկետ խաղաղությանն աջակցության հնարավորությունները։
Հիշեցնենք, որ մայիսի 1-ից Հայաստանի ու Ադրբեջանի արտաքին գործերի նախարարները ԱՄՆ-ի Վիրջինիա նահանգում քառակողմ բանակցություններ էին վարում։ Կողմերը հայտարարել են, որ խաղաղության հնարավոր պայմանագրի որոշ դրույթների շուրջ կողմերը ձեռք են բերել պայմանավորվածություն, սակայն հիմնական դրույթների վերաբերյալ կողմերի մոտեցումները չեն համընկնում։
Առաջիկա կիրակի՝ մայիսի 14-ին Բրյուսելում Հայաստանի վարչապետը եռակողմ հանդիպում կունենա Ադրբեջանի նախագահի ու Եվրոպական խորհրդի նախագահի հետ։ Կառավարության մայիսի 11-ի նիստի ժամանակ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է, որ Բրյուսելում փաստաթուղթ ստորագրելու հավանականությունը փոքր է։
Լուսանկարը՝ ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության
Մեկնաբանել