HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Դատարանը 9 մլն դրամի չափով արգելանք է կիրառել լրագրողի գույքի նկատմամբ

Երևանի քաղաքապետի տեղակալ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի միջնորդությամբ Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանը համապարտության կարգով 9 մլն դրամի չափով արգելանք է դրել «168 ժամ» լրատվամիջոցի և լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի վրա: Սարգսյանն արգելանքի մասին տեղեկացել է պատահաբար, երբ  երեկ չի կարողացել իր աշխատավարձային հաշվեհամարից վճարել կոմունալ ծախսերը:

«Հետքի» հետ զրույցում Դավիթ Սարգսյանը հաստատեց, որ 9 մլն դրամի չափով արգելանքը դրված է այն հաշվեհամարին, որից աշխատավարձ է ստանում:

Տիգրան Ավինյանը 2023թ. մարտի 31-ին հայցադիմում է ներկայացրել «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ: Լրագրողից և լրատվամիջոցից պահանջում է ներողություն խնդրել, հերքել պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները և վճարել դրամական փոխհատուցում 9 մլն դրամի չափով, որից 3 մլն-ը՝ վիրավորանքի, իսկ 6 մլն-ը՝ զրպարտության համար:

Այս գործը մակագրվել է դատավոր Էդուարդ Ամալյանին:

Դատարանի մայիսի 2-ի որոշմամբ հայցադիմումն ընդունվել է վարույթ: Նույն օրը բավարարվել է նաև Տիգրան Ավինյանի միջնորդությունը և հայցագնի չափով արգելանք դրվել Դավիթ Սարգսյանին և լրատվամիջոցին պատկանող գույքի վրա:

2023թ. փետրվարի 25-ին 168.am-ում և կայքի յութուբյան ալիքում հրապարակվել է լրագրող Դավիթ Սարգսյանի հեղինակային «Երկու երես» հաղորդաշարի հերթական թողարկումը: «Տիգրան Ավինյան՝ նորահայտ մեծահարուստը» վերնագրով տեսանյութը վերաբերել է Տիգրան Ավինյանին: Տեսանյութում լրագրողը ներկայացնում է Տիգրան Ավինյանի հարցազրույցներից հատվածներ, այլ հրապարակումներից տեղեկություններ փոխքաղաքապետի ու նրա ընտանիքի, ընկերների բիզնեսների, կապերի ու ունեցվածքի մասին:

Ավինյանը 2023թ. հայցադիմումներ է ներկայացրել երկու այլ լրատվամիջոցի դեմ՝ մարտի 16-ին՝ «Փաստինֆո» ՍՊԸ-ի, իսկ ապրիլի 13-ին՝ «Օրագիր Մեդիա» ՍՊԸ-ի  դեմ:

Երևանի քաղաքապետի տեղակալը «Փաստինֆո»-ից պահանջում է հերքել պատիվն արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները և վճարել դրամական փոխհատուցում՝ 6 մլն դրամի չափով:

Այս գործով նույնպես միջնորդել են կիրառել հայցի ապահովման միջոց և արգելանք դնել լրատվամիջոցի գույքի վրա, սակայն դատավոր Երեմ Եսոյանը միջնորդությունը մերժել է:

«Օրագիր Մեդիա» ՍՊԸ-ից Տ. Ավինյանը նաւյնպես պահանջում է հերքել պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները և վճարել դրամական փոխհատուցում:

Այս գործը մակագրվել է դատավոր Մուրադ Հովակիմյանին: «Դատալեքս» տեղեկատվական պորտալում տեղեկություններ չկան հայցը վարույթ ընդունելու վերաբերյալ: Դատելով վճարած տուրքի չափից, կարող ենք ասել, որ դարձյալ պահանջում է 6 մլն դրամ փոխհատուցում: Սակայն հայտնի չէ՝ հայցի ապահովման միջոց կիրառվե՞լ է, թե ոչ:

Նշենք, որ պահանջած դրամական միջոցների չափը օրենքով նախատեսված առավելագույնն է:

2021թ., այն ժամանակ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանի նախաձեռնությամբ  Քաղաքացիական օրենսգրքում փոփոխություն կատարվեց: Սիմոնյանը պահանջում էր մինչև 10 մլն դրամի չափով փոխհատուցում սահմանել զրպարտության համար, 5 մլն դրամ՝ վիրավորանքի: Սակայն, Ազգային ժողովն ավելի «համեստ» գտնվեց փոխհատուցման չափի հարցում: Վիրավորանքի համար, ընդունված փոփոխությամբ, փոխհատուցման շեմը մինչև մեկ միլիոն դրամից դարձավ մինչև 3 մլն դրամ, իսկ զրպարտության համար նախատեսված մինչև 2 մլն դրամը՝ մինչև 6 մլն դրամ:

Տիգրան Ավինյանի ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Հարությունյանը մեզ հետ զրույցում ասաց, որ իր վստահորդի հետ քննարկման արդյունքում են միջնորդել կիրառել հայցի ապահովման միջոց: Հարությունյանի խոսքով՝ 9 մլն դրամի պահանջը վերաբերում է լրատվամիջոցին և լրագրողին, այսինքն՝ նրանցից յուրաքանչյուրից պահանջվում է 4.5 մլն դրամ:

Փաստաբանից հետաքրքրվեցինք՝ արդյոք հնարավոր չէր վեճը լուծել արտադատական կարգով։ Ի պատասխան՝ Հարությունյանը նշեց, որ լրատվամիջոցը ցանկացած պահի կարող է հերքում հրապարակել, հայցը կդառնա առարկայազուրկ, և այդ պայմաններում ինքը հետևողական կլինի, որ անհապաղ քայլեր ձեռնարկվեն հայցի ապահովման  միջոցը վերացնելու ուղղությամբ:

«Չեմ բացառում, որ ինքներս էլ հանդես գանք այդ միջնորդությամբ, որ ապահովումը վերացվի, որպեսզի ժամանակային  առումով ավելի արագ լինի»,-ասաց Հ. Հարությունյանը:

Փաստաբանը նշեց, որ հայցի ապահովման միջոց կիրառելու համար միջնորդել են գույքի վրա արգելանք դնել: Հարկադիր կատարման ծառայությունը, եթե անշարժ կամ շարժական  գույք չի հայտնաբերում, ըստ էության արգելանք կիրառում է դրամական միջոցների վրա:

«Զուտ ենթադրում եմ, որ այլ գույք չի հայտնաբերվել, դրամական միջոցների վրա է արգելանք դրվել»,-նշեց փաստաբանը:

Դատական պրակտիկան նահանջ է գրանցում

Լրագրողների ու լրատվամիջոցների գույքի և դրամական միջոցների վրա կիրառվող արգելանքի թեման լրատվամիջոցներին անհանգստացնում էր 2011-2013 թվականներին, երբ ապաքրեականացվեցին զրպարտությունն ու վիրավորանքը, եւ քաղաքական գործիչներն ու պաշտոնյաները մեկը մյուսի ետեւից սկսեցին փոխհատուցման պահանջով հայցեր ներկայացնել մեդիայի դեմ: Սակայն դատական պրակտիկան չզարգացավ այդ ուղղությամբ։ Լրագրող Դավիթ Սարգսյանի հետ կապված դեպքով փաստացի 10 տարի հետ ենք գնում ու բախվում նույն խնդրին:

Մասնավորապես, այդ տարիներին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը արգելանքի որոշումներ կայացրեց երեք լրատվամիջոցի նկատմամբ. «X գրուպ» ընկերության նախագահ Խաչիկ Խաչատրյանի ներկայացուցչի միջնորդության հիման վրա արգելանք էր դրվել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրության և թերթի լրագրող Սոնա Գրիգորյանի գույքի վրա, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և նրա որդու ներկայացուցչի միջնորդության հիման վրա՝ «Ժամանակ» օրաթերթի ու նրա հիմնադիր «Սկիզբ մեդիա կենտրոն»-ի և «Առաջին լրատվականի ու նրա հիմնադրի դրամական հաշիվների վրա:

Այդ ժամանակ իրավապաշտպաններն ահազանգեցին, որ դատարանի կողմից հայցի ապահովման այնպիսի միջոցի կիրառումը, որը ներգործում է լրատամիջոցի կամ լրագրողի տեղեկություններ փնտրելու ու տարածելու հնարավորության վրա, համարվում է Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 10-րդ հոդվածի հիմքով տեղեկություններ և գաղափարներ ստանալու ու տարածելու ազատության իրավունքի միջամտություն: Այդ իմաստով տվյալ լրատվամիջոցը կամ լրագրողը կարող է իրեն համարել այդ իրավունքի միջամտության զոհ:

«Եթե արգելանքը հիմա խոչընդոտում է լրագրողի ինֆորմացիայի ազատ հոսքին, օրինակ՝ առաջացնում է ռիսկեր, որի պատճառով լրագրողը վերանայում է իր նյութերը, քաղաքականությունը և այլն, նշանակում է դա համաչափության խախտում է: Ռիսկն արդեն իսկ բավարար է խախտում արձանագրելու համար»,-10 տարի անց նույն խնդրին անդրադառնալով՝ ասում է փաստաբան, միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը:

Իրավաբանը նշում է՝ արգելանքի մասով ՄԻԵԴ-ն ունի հարուստ նախադեպ, ինչպես նաև «Article 19» կազմակերպությունն իր փաստաթղթերում է անդրադառնում հարցին: Երկու դեպքում էլ խիստ վերապահումներով են ընդունվում արգելանքների կիրառումը:

2011թ. նոյեմբերի 15-ին Հայաստանի Մարդու իրավունքների պաշտպանի դիմումի հիման վրա Սահմանադրական դատարանն (ՍԴ) անդրադարձել էր նաև վիրավորանքի և զրպարտության սահմանադրականության հարցին:

ՍԴ-ն արձանագրել էր, որ «չի կարող նյութական փոխհատուցում սահմանվել գնահատողական կարծիքների համար, ինչը ոչ անհրաժեշտ, անհամաչափ կերպով կսահմանափակի խոսքի ազատության հիմնարար իրավունքը, քանզի մամուլի դերն ավելին է, քան զուտ փաստեր հաղորդելը. այն պարտավոր է մեկնաբանել փաստերն ու իրադարձությունները հասարակությանը տեղեկացնելու համար եւ նպաստել հասարակության համար կարեւոր հարցերի շուրջ քննարկումներին»:

Բացի այդ, նշվել էր, որ «մամուլի ներկայացուցիչների՝ պատասխանողի դերում հանդես գալու հանգամանքը չի կարող դիտվել որպես գործոն՝ առավել խիստ պատասխանատվություն սահմանելու համար»:

Սահմանադրական դատարանն իր որոշմամբ անդրադարձել էր նաև փոխհատուցման հարցին: Մասնավորապես նշել էր, որ «պետք է առանձնակի վերապահումներով մոտենալ վիրավորանքի համար նյութական փոխհատուցման միջոցների կիրառմանը՝ նկատի ունենալով, որ Եվրոպական դատարանը բազմիցս նշել է, որ հանդուրժողականությունն ու լայն հայացքները ժողովրդավարության հիմքում են, և արտահայտվելու ազատության իրավունքը պաշտպանում է ոչ միայն ընդհանուր առմամբ ընդունելի համարվող խոսքը, այլ նաև հենց այն արտահայտությունները, որոնք կարող են ցնցող, վիրավորական կամ վրդովեցուցիչ համարվել ոմանց կողմից»: ՍԴ որոշմամբ՝ «նյութական փոխհատուցում նշանակելիս պետք է ըստ պատշաճի հաշվի առնվի արտահայտվելու ազատության վրա դրանց հնարավոր սահմանափակող ազդեցությունը, ինչպես նաև՝ մատչելի այլ միջոցներով հեղինակության իրավաչափ պաշտպանության հնարավորությունը»:

Կարևոր էր նաև ՍԴ-ի այն իրավական ձևակերպումը, որ «արատավորող արտահայտությունների (գործողությունների) արդյունքում պատճառված վնասի դիմաց որպես առաջնահերթություն անհրաժեշտ է կիրառել ոչ նյութական փոխհատուցման ձևերը: Նյութական փոխհատուցումը պետք է սահմանափակվի զրպարտության ենթարկված անձի պատվին, արժանապատվությանը կամ գործարար համբավին հասցված անմիջական վնասը հատուցելով, և նշանակվի միայն այն դեպքերում, երբ ոչ նյութական հատուցումը բավարար չէ պատճառված վնասը փոխհատուցելու համար»:

«Վնասի փոխհատուցման իրավաչափությունը որոշելիս պատասխանողի սահմանափակ միջոցները պետք է դիտվեն որպես գործոն, հաշվի առնվի պատասխանողի եկամուտների չափը, չսահմանվի պատասխանողի համար անհամաչափ ծանր նյութական բեռ, որը բացասական վճռորոշ ֆինանսական ազդեցություն կունենա վերջինիս գործունեության համար»,-նշել է Սահմանադրական դատարանը՝ ավելացնելով, որ փոխհատուցման՝ օրենքով սահմանված առավելագույն չափը կիրառելի է միայն առավել լուրջ ու ծանրակշիռ հիմքերի առկայության դեպքերում:

Սահմանադրական դատարանի՝ 12 տարի առաջ ընդունված որոշումն այսօր դառնում է արդիական՝ ոչ միայն օրենքի առավելագույն չափով փոխհատուցում պահանջելու, այլև լրագրողների գույքի ու դրամական միջոցների վրա դրվող արգելանքների տեսանկյունից՝ ռիսկեր ստեղծելով խոսքի ազատության սահմանափակման ուղղությամբ: 

Այս թեմայով քաղաքապետի տեղակալ Տիգրան Ավինյանի հետ «Հետքի» զրույցը՝ հղումով։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter