HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Անյա Սարկիսովա

«Էվոկաբանկը» տվյալների արտահոսքի մասին հարցերին չի պատասխանում

«Տեղեկատվության տնօրինողը մերժում է տեղեկատվության տրամադրումը, եթե դա պարունակում է պետական, բանկային, առևտրային գաղտնիք կամ սահմանափակ տարածման ծառայողական տեղեկատվություն»։

Այս հիմնավորմամբ «Էվոկաբանկը» մերժել է պատասխանել «Հետքի» հարցերին, որոնք վերաբերում էին բանկից սխալմամբ Մարիամ Խաչատրյանին 38 հաղորդագրություն ուղարկելուն։

Օրեր առաջ գրել էինք, որ Մարիամ Խաչատրյանը հայաստանյան 4 բանկից ընդհանուր 650-ից ավել նամակ էր ստացել, որում տարբեր անձանց անձնական տվյալներ էին։ Բանկերից մեկն «Էվոկաբանկն» էր։ Բոլոր բանկեր հարցում էինք ուղարկել՝ պարզելու, թե ինչու է Մարիամ Խաչատրյանը ստացել այլ անձանց հասցեագրված նամակները։ Ինչպես «Հայբիզնեսբանկը», այնպես էլ «Էվոկան» դա համարել են բանկային գաղտնիք։

«Հաշվի առնելով, որ Ձեր կողմից հայցվող տեղեկատվությունը վերաբերում է բանկի հաճախորդին սպասարկելու կապակցությամբ բանկին հայտնի դարձած հաճախորդների հաշիվներին, ինչը հանդիսանում է «Բանկային գաղտնիքի մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածով սահմանված բանկային գաղտնիք կազմող տեղեկատվություն, հետևաբար հայցվող տեղեկատվությունը Ձեզ տրամադրվել չի կարող»,- ասվում է բանկի պատասխանում։

Ստացվում է, որ բանկային գաղտնիք համարվող տեղեկատվությունը երրորդ անձի մոտ կարող է հայտնվել, բայց դրա մասին տրվող հարցերին պատասխանել հնարավոր չէ։

«Էվոկաբանկն» առաջարկում է փոխանցել Մարիամ Խաչատրյանին, որ նա կարող է աշխատանքային օրերի ընթացքում անձը հաստատող փաստաթղթով մոտենալ բանկի որևէ մասնաճյուղ և ստանալ պարզաբանումներ։

Մեր հարցմանը պատասխանած «Էվոկաբանկի» իրավաբանական վարչության պետ Սմբատ Մարտիրոսյանը նշում է, որ նախկինում բողոքներ չեն ստացել։ Հաճախորդների տվյալների անվտանգության հետ կապված՝ բանկից հայտնում են, որ հաճախորդների անձնական տվյալների գաղտնիության պահպանումը համապատասխանում է միջազգային չափանիշներին։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter