HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գրիշա Բալասանյան

Տիգրան Ավինյանը միջնորդել է վերացնել լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի վրա դրված արգելանքը

Երևանի քաղաքապետի տեղակալ, նախկին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի ներկայացուցիչ, փաստաբան Հարություն Հարությունյանն այսօր միջնորդություն է ներկայացրել դատարան «168» ժամ թերթի լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի վրա դրված արգելանքը վերացնելու մասին: 

Հիշեցնենք, որ Տիգրան Ավինյանը 2023թ. մարտի 31-ին հայցադիմում է ներկայացրել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարան՝ «168 ժամ» ՍՊԸ-ի և լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ: Լրագրողից և լրատվամիջոցից պահանջում է ներողություն խնդրել, հերքել պատիվն, արժանապատվությունը և գործարար համբավն արատավորող տեղեկությունները և վճարել դրամական փոխհատուցում 9 մլն դրամի չափով, որից 3 մլն-ը՝ վիրավորանքի, իսկ 6 մլն-ը՝ զրպարտության համար:

Դատարանը, նախագահությամբ դատավոր Էդուարդ Ամակյանի, Տ. Ավինյանի միջնորդության հիման վրա արգելանք էր կիրառել թերթի և լրագրողի գույքի վրա: Հարկադիր կատարման ծառայությունն էլ ագելանք էր դրել նաև Տ. Սարգսյանի դրամական միջոցների վրա՝ 9 մլն դրամի չափով:

Դ. Սարգսյանն արգելանքի մասին տեղեկացել էր պատահաբար, երբ  մայիսի 10-ին չէր կարողացել իր աշխատավարձային հաշվեհամարից վճարել կոմունալ ծախսերը:

Փաստաբան Հարություն Հարությունյանը փոխանցեց, որ արգելանքի միջնորդությունը վերացնելու միջնորդություն են ներկայացրել միայն լրագրող Դավիթ Սարգսյանի մասով, ինչը նշանակում է, որ լրատվամիջոցի գույքի վրա դրված արգելանքը պահպանվելու է:

«Վստահորդիս՝ Տիգրան Ավինյանի հետ քննարկելով ստեղծված իրավիճակը՝ մեր հայցով լրագրող Դավիթ Սարգսյանի դեմ կիրառված հայցի ապահովման միջոցի մասով և ի արձագանք ս.թ. մայիսի 12-ի հայաստանյան լրագրողական կազմակերպությունների կողմից տարածված հայտարարության, ինչպես նաև ընդգծելու համար Տիգրան Ավինյանի դիրքորոշումը՝ որևէ լրատվամիջոցին սնանկացնելու կամ հատուկ որևէ ֆինանսական անհարմարություններ պատճառելու նպատակ չունենալու մասին, այսօր միջնորդություն եմ ներկայացրել դատարանին՝ լրագրող Դավիթ Սարգսյանի գույքի և դրամական միջոցների նկատմամբ կիրառված արգելանքը վերացնելու վերաբերյալ»,- ֆեյսբուքյան իր էջում գրել է Հ. Հարությունյանը:

Մայիսի 12-ին մի շարք լրագրողական կազմակերպությունների համատեղ հայտարարությամբ են հանդես եկել Տիգրան Ավինյանն ընդդեմ «168 ժամ» ՍՊԸ -ի և լրագրող Դավիթ Սարգսյանի գործով հայցի ապահովում կիրառելու՝ դատարանի աննախադեպ որոշման կապակցությամբ։ 

Իսկ ավելի վաղ Տիգրան Ավինյանը «Հետքի» հետ զրույցում ասել էր, որ բացարձակ նպատակ չունի որևէ լրատվամիջոցի սնանկացնել կամ հատուկ իրենց ֆինանսական անհարմարություններ պատճառել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter