HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Գիտնականների տարածքը ցանկանում են տալ դպրոցին, իսկ դպրոցինը՝ օտարել մասնավոր ներդրողին

Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի (ՀՊԻ) աշխատակիցներին Կառավարությունում վստահեցրել են, որ այդ գիտական հիմնարկը կարեւոր պրոֆիլային ինստիտուտ է հանրապետության համար։ Մայիսի 16-ին գիտնականների հետ գործադիրում կայացած հանդիպմանն այսպես է ասել փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։ Հանդիպմանը ներկա են եղել էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ներկայացուցիչներ ԿԳՄՍ եւ ՏԿԵ նախարարություններից։

Բանն այն է, որ Կառավարությունը մտադիր է վերցնել Գիտությունների ազգային ակադեմիայի Գագիկ Դավթյանի անվան Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի ամբողջ տարածքը՝ 6,2 հա-ն (տես ստորեւ), որը պատկանում է պետությանն ու օգտագործվում է ՀՊԻ-ի կողմից:

Այդ տարածքից 2 հա-ն (տես ստորեւ՝ քարտեզով եւ լուսանկարում), ըստ գործադիրի համապատասխան որոշման նախագծի, տրամադրվելու է Ոստիկանության պարեկային ծառայությանը:

Մնացած 4,2 հեկտարը նախատեսվում է տրամադրել Երեւանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցին։

Նախագծով գիտնականներին որեւէ նոր տարածք չի առաջարկվել, չնայած, ինչպես նախկինում գրել ենք, ծրագիր կա միավորել Բուսաբանության եւ Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտները։

Կառավարությունում տեղի ունեցած հանդիպումն, այդուհանդերձ, որոշակի լավատեսություն է հաղորդել գիտնականներին։ ՀՊԻ-ի գիտական գծով փոխտնօրեն Աննա Թադեւոսյանն ասում է, որ փոխվարչապետը էկոնոմիկայի նախարարին հանձնարարել է լրացուցիչ հանդիպումներ անցկացնել ինստիտուտի աշխատակիցների հետ, հասկանալ ՀՊԻ-ի կարիքները, խնդիրները։ Թադեւոսյանի խոսքով՝ փոխվարչապետի եւ էկոնոմիկայի նախարարի արձագանքը դրական էր իրենց ինստիտուտի վերաբերյալ։ Հիմա ՀՊԻ-ն սպասում է քննարկումների փուլին։

Մինչ այդ՝ մայիսի 15-ին, ՀՊԻ-ն գրավոր նամակով իր դիրքորոշումը ներկայացրել էր ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանին՝ կցելով գիտական խորհրդի եւ կոլեկտիվի ընդհանուր ժողովի արձանագրությունը։ ԳԱԱ նախագահն էլ իր հերթին նամակով դիմել է ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանին՝ փոխանցելով ՀՊԻ-ի դիրքորոշումը։ Հենց ՏԿԵՆ-ն է կազմել Կառավարության որոշման նախագիծը, որը խիստ բացասական արձագանք է ստացել գիտնականների կողմից:

Ինստիտուտի կոլեկտտիվը բացարձակ չհիմնավորված է համարում այդ նախագիծը, որում «արդյունավետ աշխատող, կենսատեխնոլոգիական ժամանակակից ու եզակի ինստիտուտը ու դրա ողջ տարածքը ներկայացված է որպես «փաստացի չշահագործվող» տարածք»։

Աննա Թադեւոսյանն ասում է, որ իրենք կողմ են Բուսաբանության ինստիտուտի հետ միավորմանը, բայց դրա համար նախ պետք է անհրաժեշտ պայմաններն ապահովվեն, ինչը մինչ օրս արված չէ։ Սա ամրագրվել է 2022 թ. նոյեմբերին ԳԱԱ բնագիտական բաժանմունքի բյուրոյի նիստում. ՀՊԻ-ն այս բաժանմունքի կազմում է: Ըստ այդմ՝ որոշվել էր, որ երկու ինստիտուտների փաստացի միավորումը կատարվելու է այն բանից հետո, երբ Բուսաբանության ինստիտուտի տարածքում ստեղծվելիք միացյալ կենտրոնում կապահովվեն աշխատակիցների համար անհրաժեշտ շենքային բոլոր պայմանները, կկառուցվեն բացօթյա դասական հիդրոպոնիկ կայաններն ու համապատասխան շինությունները, եւ կընդունվի հանձնման-ընդունման ակտը։

Ինստիտուտի տարածքի մեծ մասը՝ դպրոցին, իսկ դպրոցի տարածքը՝ բիզնեսին

Կառավարության որոշման նախագծով, ինչպես նշեցինք, Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի 4,2 հա-ն նախատեսված է տրամադրել Երեւանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցին, որը ներկայում գործում է Իսակովի 13 հասցեում։

Մյուս կողմից՝ Իսակովի 13 հասցեում գտնվող եւ դպրոցի կողմից զբաղեցված 5778 քմ մակերեսով շենք-շինություններն ու դրանց օգտագործման ու սպասարկման համար հատկացված 1,1 հա հողամասը պետությունը ցանկանում է հետ վերցնել եւ օտարել 1,3 մլրդ դրամով: Այս տարածքը պետության սեփականությունն է, սակայն տրված է դպրոցին՝ օգտագործման նպատակով:

Դպրոցի զբաղեցրած ներկա տարածքի գնորդը «Դիջիփրոփերթի» ՍՊԸ-ն է: Այս ընկերությունը հիմնադրվել է 2022 թ. մայիսին եւ ««Արմենիա Վայն» գործարան» ՍՊԸ-ի իրավահաջորդն է՝ ստեղծվել է նրանից առանձնանալով:  

2018-ին Կառավարությունն ««Արմենիա Վայն» Գործարան» ՍՊԸ-ին է օտարել Երեւանի Իսակովի 11 հասցեի անշարժ գույքը՝ հողամասն ու դրա վրա գտնվող շենք-շինությունները, որտեղ ընկերությունը ներդրումային ծրագիր է սկսել:

2021-ին գործադիրը նույն ընկերությանն է օտարել թիվ 13 հատուկ դպրոցին օգտագործման իրավունքով տրված կաթսայատունն ու վերջինիս հողամասը, որոնք գտնվում են Իսակովի 13/12 հասցեում: Այստեղ ՍՊԸ-ն շարունակել է ծավալվել ներդրումային ծրագիրը:

Հետագայում Իսակովի 13/12 հասցեի գույքի սեփականատեր է դարձել 2022 թ. հիմնադրված «Դիջիփրոփերթի» ՍՊԸ-ն, որը ստեղծվել է ««Արմենիա Վայն» Գործարան» ՍՊԸ-ից առանձնանալու եղանակով: Երկու ընկերությունների տերերը նույն անձինք են:

Եվ ահա «Դիջիփրոփերթի» ՍՊԸ-ն դիմել է ՏԿԵՆ-ին ենթակա Պետգույքի կառավարման կոմիտե՝ խնդրելով իրեն օտարել Կոմիտեի հաշվեկշռում գտնվող, բայց Երեւանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի կողմից օգտագործվող Իսակովի 13 հասցեի շենք-շինություններն ու հողամասը: Իսակովի 13/12 հասցեում ներդրումներ կատարելու պարտավորության ծավալը եղել է 1 մլրդ դրամ, իսկ Իսակովի 13-ում «Դիջիփրոփերթին» առաջարկում է 2 մլրդ-ի ներդրում անել: 

«Դիջիփրոփերթի» ՍՊԸ-ն «Դիջիթեյն» ընկերությունների խմբի անդամ է: «Դիջիթեյնն» առավել հայտնի է բուքմեյքերական բիզնեսով: Նա է ներկայացնում «TotoGaming» ապրանքանիշը:

Ինչպես տեղեկանում ենք Կառավարության որոշման նախագծի հիմնավորումից, ներդրող ընկերությունը ցանկանում է Իսակովի 13 հասցեն ձեռք բերելուց հետո այդտեղ կառուցել նոր շինություններ ու լուծել բիզնեսի առաջ ծառացած աշխատանքային խնդիրները, ինչպես նաեւ նպաստել նոր աշխատատեղի ավելացմանը, շինությանը հարակից տարածքները զերծ պահել ավտոմեքենաների կուտակումներից, իսկ Իսակովի պողոտան՝ վթարային իրավիճակներից ու խցանումներից: «Ընկերության կողմից ներկայացված ներդրումային ծրագրի իրականացումը թույլ կտա կառուցվող նոր մասնաշենքերում ընդլայնել իրականացվող կրթական ծրագրերի շրջանակները, ստեղծել ծրագրավորման համար անհրաժեշտ նորարարական ստուդիաներ, գրասենյակային ժամանակակից տարածքներ, նորարարական ինկուբատորներ ստարտափների համար, որտեղ նախնական հաշվարկով կաշխատեն 500-700 աշխատակիցներ»,- կարդում ենք գործադիրի որոշման նախագծի հիմնավորման մեջ:

Ընդ որում՝ թե՛ «Դիջիփրոփերթին», թե՛ «Դիջիթեյնը» գրանցված հարեւանությամբ գտնվող Իսակովի 15/3 շենքում:

Երաժշտական դպրոցը դեմ չէ տեղափոխմանը

Երեւանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Նարինե Մեհրաբյանը դեմ չէ դպրոցի տեղափոխման առաջարկին։ Այդուհանդերձ, դպրոցը Կառավարությունից որեւէ փաստաթուղթ չի ստացել տեղափոխման մասին։ Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտից են զանգել նրանց եւ տեղեկացրել, որ գործադիրի որոշման նման նախագիծ կա։ Մինչ այդ դպրոցում միայն խոսակցություններ էին լսել հնարավոր տեղափոխման մասին։

Դպրոցում սովորում է 230 աշակերտ, որոնցից 117-ը՝ գիշերակացով։ Սա Հայաստանում միակ երաժշտական հատուկ դպրոցն է։ Ն. Մեհրաբյանն ասում է, որ երաժշտական կրթօջախը հիմնադրվել է 1943 թ. Սուխումում, ապա տեղափոխել Երեւան։ Կոնկրետ Իսակովի 13 հասցեում հիմնարկը հաստատվել է 1961-ին՝ միավորվելով գիշերօթիկ դպրոցին։

Մինչ օրս դպրոցի շենքը չի հիմնանորոգվել։ Մասնաշենքերից մեկը, որտեղ սաների համար նախատեսված ննջարաններն էին, սեյսմիկ ծառայությունը գնահատել է վտանգավոր. հիմա այն չի օգտագործվում, ննջարանները տեղափոխել են։ Տնօրենի պաշտոնակատարի խոսքով՝ դպրոց մտնող ցանկանացած մարդ կարող է տեսնել շենքի հնությունը։

Օրեր առաջ Նարինե Մեհրաբյանն այցելել է Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ։ Ասում է, որ եթե այնտեղ փոփոխություններ արվեն, շենքային պայմանները հարմարեցվեն դպրոցին, ապա վերջինս կարող է գործել նոր հասցեում։ Ըստ Մեհրաբյանի՝ իրենց համար կարեւոր է, որ տարածքը խիտ բնակեցված չլինի, քանի որ փողային նվագախումբ ունեն, մինչեւ երեկո փորձեր են անում, ու քաղաքի ամեն մասում չէ, որ կարող է գործել նման դպրոցը։

Կառավարության որոշման նախագծի համաձայն՝ երաժշտական դպրոցը ՀՊԻ-ի ներկա տարածքում պետք է սկսի գործել 2024 թ. սեպտեմբերից:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter