HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը մտադիր է վերցնել գիտնականների տարածքը․ նրանք մնում են «օդում»

  • Գործադիրը ցանկանում է Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տարածքի մի մասը տալ երաժշտական դպրոցին, մնացածը՝ ՆԳՆ-ին
  • ՏԿԵՆ-ը գիտնականների զբաղեցրած տարածքը ներկայացրել է որպես «փաստացի չշահագործվող»
  • Գիտնականները մտադիր են դատի տալ նման ձեւակերպում տված ՏԿԵՆ աշխատակցին
  • ՀՊԻ-ն մտադիր չէ տեղափոխվել նոր հասցե, մինչեւ այնտեղ համապատասխան պայմաններ չձեւավորվեն
  • Դպրոցին է տրվելու նաեւ քիմիական մասնաշենքը, որտեղ ռադիոակտիվ հետազոտություններ են կատարվել

Օրեր առաջ ԳԱԱ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի (ՀՊԻ) աշխատակիցները ստացել են Կառավարության որոշման մի նախագիծ եւ անակնկալի եկել։ Մինչ նրանք զբաղված են իրենց առօրյա աշխատանքով, գործադիրը նախատեսում է հետ վերցնել ինստիտուտի զբաղեցրած եւ պետական սեփականություն հանդիսացող տարածքը՝ առանց գիտական կառույցի հետագա ճակատագրի մասին որեւէ ակնարկի։

«Ըստ այդ նախագծի՝ Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտ չի կարող լինել՝ շենք-շինություններով, ամեն ինչով տալիս են»,- «Հետքի» հետ զրույցում ասում է ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Աննա Թադեւոսյանը։ 

ՏԿԵՆ-ը ինստիտուտի աշխատանքային տարածքը ներկայացրել է «փաստացի չշահագործվող»

Նախագծի համաձայն, որը կազմել է ՏԿԵ նախարարությունը, Երեւանի Նորագյուղ թաղամասի 108 հասցեում գործող ՀՊԻ-ի 6,2 հեկտար տարածքից 4,2 հա-ն իր շենք-շինություններով Կառավարությունը պետք է հետ վերցնի ու անհատույց օգտագործման իրավունքով տրամադրի Երեւանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցին: Մնացած 2 հա-ն Կառավարության որոշման մեկ այլ նախագծով նախատեսվում է հանձնել ՆԳՆ-ին՝ պարեկային ծառայության պահպանության տարածքը ընդլայնելու համար:    

Նախագծի հիմնավորման մեջ ՀՊԻ-ի զբաղեցրած 6,2 հա տարածքի մասին ասվում է հետեւյալը. «Իրականացված ուսումնասիրությունների արդյունքում պարզվել է, որ այն փաստացի չի շահագործվում»: Սա շոկ է առաջացրել ինստիտուտում: Իրականում չի շահագործվում ոչ թե ամբողջ 6,2 հա-ն, այլ դրա միայն մի մասը: Փոխտնօրեն Աննա Թադեւոսյանն ասում է, որ փաստացի չեն շահագործվում նախկին վարչական շենքի մի մասը, հին կաթսայատունը, փորձակոնստրուկտորական աշխատանքների լաբորատորիայի շենքը եւ նախկին այգու 2 հա տարածքը: Ըստ Թադեւոսյանի՝ իրենք համաձայն են եղել, որ նախկին այգու 2 հա-ն տրամադրվի ՆԳՆ-ին, սակայն մնացած 4,2 հա-ի մասով որեւէ խոսակցություն չի եղել։ Այդտեղ գիտնականները շարունակում են աշխատել մինչ օրս, ու տարօրինակ է, որ Կառավարության որոշման նախագծում գրվել է, թե ամբողջ տարածքը «փաստացի չի շահագործվում»:

Փոխտնօրեն Թադեւոսյանը նման ձեւակերպումն անչափ վիրավորական է համարում, բնորոշում որպես խայտառակություն, քանի որ հենց այդ 4,2 հա տարածքում է կազմակերպվում ողջ գիտական աշխատանքը։ Նա առաջարկում է Կառավարությանը նախքան նման «անպատասխանատու հայտարարություններ անելը» հանձնաժողով կազմել եւ գնալ տեղում համոզվել՝ տարածքը շահագործվո՞ւմ է, թե՞ ոչ։

Որպես հակափաստարկ փոխտնօրենը նշում է, թե այդ ինչպես է, որ վերջին 2 տարում իրենք 600 միլիոն դրամ են ստացել, որից մոտ 328 միլիոնը՝ ենթակառուցվածքների պահպանման ու զարգացման համար, բացի դրանից՝ վերջին 2,5 տարում 5 դրամաշնորհ են ստացել Գիտության կոմիտեից, ընդ որում՝ դրանցից վերջինը, որն իրանցիների հետ համատեղ հետազոտություն է, հաստատվել է 6 ամիս առաջ։ «Այսինքն՝ 6 ամիս առաջ շահագործվում էր ու հիմա դարձավ «փաստացի չշահագործվո՞ղ»»,- հարցնում է փոխտնօրենը։

«4,2 հա մակերեսով տարածքը մեր ինստիտուտի տարածքն է՝ վեգետացիոն այգիներով, հիդրոպոնիկ կայանով, շենք-շինություններով։ Եթե տրամադրեն երաժշտական դպրոցին, ապա մենք դուրսն ենք մնում։ Մեր ինստիտուտի գործունեության մասին այլեւս ոչ մի բառ նշված չէ այդ նախագծի մեջ։ Իսկ ի՞նչ է լինելու Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի ճակատագիրը»,- նախագիծը կազմող ՏԿԵ նախարարությանը հեռավար հարցնում է Աննա Թադեւոսյանը։

Դպրոցին են տալու նաեւ քիմիական հետազոտությունների մասնաշենքը

Փոխտնօրենը նշում է, որ 60 տարուց ավելի ինստիտուտի լաբորատոր մասնաշենքում իրականացվում են քիմիական հետազոտություններ, առավել ինտենսիվ ռադիոակտիվ հետազոտություններ կատարվում էին 1950-70-ական թթ․։ Նա չի պատկերացնում, թե ինչպես կարելի է այդտեղ բերել ու տեղավորել երեխաների՝ առանց համապատասխան փորձաքննություն անելու։

Ըստ Կառավարության որոշման նախագծի՝ ԿԳՄՍ նախարարը մինչեւ 2024 թ. օգոստոսի ավարտը պետք է միջոցներ ձեռնարկի՝ գիտական ինստիտուտից վերցվող տարածքը երաժշտական դպրոցի գործունեության համար անհրաժեշտ չափորոշիչներին համապատասխանեցնելու նպատակով: Այսինքն՝ ենթադրվում է, որ 2024-ի սեպտեմբերից դպրոցի սաները պետք է սովորեն այս նոր տարածքում:  

Ինստիտուտի փոխտնօրենն ասում է՝  լաբորատոր մասնաշենքի մի քանի միջնապատեր  ճաքեր ունեն։ Դիմել էին սեյսմիկ ծառայությանը՝ հետազոտելու եւ սեյսմիկ վիճակը գնահատելու համար, բայց պատասխանել էին, որ դա պետք է արվի պայմանագրային հիմունքներով, իսկ գիտական կառույցը, ըստ Աննա Թադեւոսյանի, ֆինանսապես պատրաստ չի եղել դրան։

ՀՊԻ-ի աշխատակիցները չեն պատրաստվում տեղափոխվել, մինչեւ համապատասխան պայմաններ չլինեն

Հիշեցնենք, որ Կառավարությունը մտադիր է Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը միացնել Բուսաբանության ինստիտուտին։ Անցյալ տարեվերջին «Հետքը» ԿԳՄՍՆ-ից տեղեկացել էր, որ միավորումից հետո նախատեսվում է ՀՊԻ-ի զբաղեցրած տարածքը հանձնել Պետգույքի կառավարման կոմիտեին (գործում է ՏԿԵՆ-ի ենթակայությամբ):

Միավորմանը ՀՊԻ-ն նախապես դեմ էր, բայց հետո տվել է իր համաձայնությունը:

Այդուհանդերձ, միավորման գործընթացն առայժմ, կարծես, սառեցված է։ Աննա Թադեւոսյանն ասում է, որ իրենք տեղյակ չեն, թե այն ինչ փուլում է, իրենք ներկայացրել են պահանջված փաստաթղթերն ու իրենց կարիքները։ 2022-ի դեկտեմբերին Գիտությունների ազգային ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի բյուրոյի նիստում որոշվել էր, որ երկու ինստիտուտների փաստացի իրավական միավորումը կատարվելու է այն բանից հետո, երբ Բուսաբանության ինստիտուտի տարածքում ստեղծվելիք միացյալ կենտրոնում կապահովվեն աշխատակիցների համար անհրաժեշտ շենքային բոլոր պայմանները, կկառուցվեն բացօթյա դասական հիդրոպոնիկ կայաններն ու համապատասխան շինությունները, եւ կընդունվի հանձնման-ընդունման ակտը:

Կառավարության որոշման նախագիծն ստանալուց հետո ՀՊԻ-ն նամակ է ուղղել ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանին, որում իր վրդովմունքն է հայտնել: Գիտնականները նշել են, որ իրենք հավատարիմ են Ակադեմիայի բնական գիտությունների բաժանմունքի բյուրոյի վերոնշյալ որոշմանը, այսինքն՝ մինչեւ չլինեն համապատասխան պայմաններ Բուսաբանության ինստիտուտի տարածքում, իրենք չեն տեղափոխվելու ներկա հասցեից:

ՀՊԻ-ի աշխատակիցները նաեւ հանդիպել են ԳԱԱ նախագահին, մի հանդիպում էլ նախատեսված է Կառավարությունում: «Բոլոր հնարավոր եւ անհնար ճանապարհներով մտադիր ենք բարձրացնել այս հարցը»,- ասում է փոխտնօրեն Ա. Թադեւոսյանը։

Գիտնականները մտադիր են դատի տալ իրենց անվանարկողին

Ա. Սաղյանին ուղղված նամակում գիտնականները հայտնել են, որ մտադիր են դատի տալ իրենց անվանարկած ՏԿԵ այն աշխատակցին, որը վերադասին է ներկայացրել իրականությանը չհամապատասխանող ինֆորմացիա ՀՊԻ-ի մասին: «Պետք է եզրակացնել, որ ՀՀ ՏԿԵ նախարարության «ուսումնասիրություններ» կատարող աշխատակիցը իր վերադասին ներկայացրել է ակնհայտ կեղծ եւ խեղաթյուրված տեղեկատվություն: Այդ աշխատակցի ինքնությունը պարզելուց հետո ինստիտուտը դատական հայց է ներկայացնելու նրա դեմ՝ միջազգային լայն ճանաչում ունեցող ինստիտուտի բարի համբավը արատավորելու եւ զրպարտելու համար»,- ասվում է նամակում։

ՀՊԻ-ն որպես ինստիտուտ հիմնադրվել է 1966-ին, սակայն 1947-ից գործել է որպես ագրոքիմիայի լաբորատորիա։ Հիմնադիրն ակադեմիկոս Գագիկ Դավթյանն է, որի անունն էլ կրում է։

Հայաստանում՝ ի տարբերություն շատ երկրների, որտեղ ջերմատնային հիդրոպոնիկումներ են, ընտրվել է բացօթյա հիդրոպոնիկայի տարբերակը։ Պատճառը Արարատյան դաշտավայրի 30-33 հազար հեկտարի հասնող աղուտ-ալկալիական հողատարածքներն են, որոնց վրա հնարավոր չէր բույս աճեցնել։ Խնդիրն այդ տարածքները երկրագործության ոլորտ վերադարձնելն էր, ինչն էլ հնարավոր էր բացօթյա հիդրոպոնիկայով։

Ակադեմիայի նախագահին ուղղված նամակում գիտնականներն ընդգծել են, որ հիդրոպոնիկայի ասպարեզում իրենց ինստիտուտը եղել եւ մնում է միակը նախկին ԽՍՀՄ ամբողջ տարածքում։ Տեղեկացրել են նաեւ, որ միջազգային լայն ճանաչում ունեն, համագործակցում են Ռուսաստանի, Ավստրալիայի, Կանադայի, Ճապոնիայի, Չեխիայի, Իրանի, Նիդերլանդների, Հունաստանի եւ այլ երկրների գիտական կենտրոնների հետ: ՀՊԻ-ն ունի 43 աշխատակից, որից 32-ը գիտաշխատող է։

ԳԱԱ ակադեմիկոս-քարտուղար Արթուր Իշխանյանը, անդրադառնալով Կառավարության որոշման նախագծին, ասում է, որ անցած եւ այս տարվա ընթացքում Ակադեմիան ստացել է իր համակարգում գործող հաստատությունների շենք-շինություններին կամ հողատարածքներին վերաբերող նմանատիպ մի շարք նախագծեր։ Ըստ Իշխանյանի՝ ԳԱԱ-ն միշտ նույն սխեմայով է շարժվել՝ քննարկումներ են կազմակերպվել Ակադեմիայի համապատասխան բաժանմունքում, տվյալ ինստիտուտի կոլեկտիվում, ԳԱԱ ղեկավարությունում, ինչից հետո հիմնավորված արձագանքել են այդ նախագծերին։ «Այս պահի դրությամբ այդ քննարկումներն ընթացքի մեջ են, դեռեւս վերջնական դիրքորոշումը ձեւավորված չէ»,- նշում է Արթուր Իշխանյանը։

Հաջորդ հոդվածում կպատմենք, թե ինչու են ՏԿԵՆ-ն ու Կառավարությունը ցանկանում Երեւանի երաժշտական թիվ 13 հատուկ դպրոցը տեղափոխել Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տարածք: Սա առանձին պատմություն է, որի հիմքում մասնավոր ընկերության բիզնես շահն է: 

Մեկնաբանություններ (1)

Հովիկ
Գիտնական բառը եմթադրում է իմանալ, գիտենալ։ Գիտենալու դեպքում չկա հետազոտում ու փնտրտուք, իսկ առանց դրա չկա գիտություն։ Նման մոտեցման դեպքում էլ տարածք պետք չի ու կառավարության քայլը լոգիկ է։ Քանի դեռ «գիտնականները» չեն վերածվել հետազոտողի, ՀՀ գիտությունը մնալու ու դոփելու է 20 րդ դարում։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter