HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Կառավարությունը մտադիր է վերցնել Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տարածքը՝ վերջինիս միացնելով Բուսաբանության ինստիտուտին

Գործադիրը մտադիր է միավորել Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի 4 ինստիտուտ՝ ստեղծելով 2 գիտական կենտրոն:

Վարչապետ Փաշինյանին հարցում էինք ուղարկել՝ հետաքրքրվելով, թե գործադիրը ընթացիկ եւ հաջորդ տարում քանի գիտական ինստիտուտ է պատրաստվում միավորել, եւ որոնք են լինելու այդ ինստիտուտները: Հարցրել էինք նաեւ, թե միավորվող ինստիտուտների տարածքներն ինչ է նախատեսում անել կառավարությունը:

Դեռ այս տարվա մայիսին գրել էինք, որ, ըստ գիտական շրջանակներում առկա լուրերի, առաջինը միավորվելու են Գ. Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների եւ Ա. Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտները, ինչպես նաեւ Հ. Բունիաթյանի անվան կենսաքիմիայի եւ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտները:

Վարչապետին հարցրել էինք նաեւ, թե գործադիրն ինչ է մտադիր անել Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի տարածքը, որը միանալու է Բուսաբանության ինստիտուտին:

Վարչապետի աշխատակազմից հարցումը վերահասցեագրվել է կրթության, գիտության, մշակույթի եւ սպորտի նախարարություն: Հարցմանը պատասխանել է ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Գագիկ Սաֆարյանը:

Ըստ պատասխանի՝ կառավարության 2021-2026 թթ. գործունեության միջոցառումների ծրագրով նախատեսված է, որ հետազոտության բնագավառով միմյանց մոտ փոքր գիտական կազմակերպությունները միավորվեն խոշոր գիտական կենտրոններում: Ըստ այդմ՝ առաջիկա տարիներին՝ 2023-2026 թթ., նախատեսվում է ունենալ տարեկան 1-2 միավորված կենտրոն: Այս տարի, ըստ ԿԳՄՍՆ-ի, ստացվել է ԳԱԱ-ի առաջարկը վերը նշված 4 կազմակերպությունների միավորմամբ 2 կենտրոն ստեղծելու մասին: Առաջարկների հիման վրա ներկայում մշակվում են կառավարության որոշման համապատասխան նախագծեր:

Այսինքն՝ երբ կառավարությունը որոշումներ ընդունի, որ միավորվելու են Հիդրոպոնիկայի պրոբլեմների եւ Բուսաբանության ինստիտուտները, ինչպես նաեւ Կենսաքիմիայի եւ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտները, դրանք կլինեն այս կազմակերպությունների միավորման գործընթացի առանցքային իրավական ակտերը:

Նախարարությունը նաեւ հայտնել է, որ նախատեսվում է ստեղծվող կենտրոններին հատկացնել մինչեւ 30 տոկոսով ավելի ֆինանսավորում, քան կազմակերպությունների ընդհանուր բյուջեն է այս պահին՝ միավորումից առաջ: Գումարն ուղղվելու է տվյալ նորաստեղծ կենտրոնի վերանորոգմանը, ժամանակակից սարքավորումներով վերազինմանը եւ այլն: Արդյունքում, ըստ ԿԳՄՍՆ-ի, կստեղծվեն մրցունակ գիտական գործունեության համար ավելի նպաստավոր միջավայր, մարդկային եւ ֆիզիկական ռեսուրսի արդյունավետ օգտագործման պայմաններ:

Ինչ վերաբերում է տարածքներին, ապա, ըստ ԿԳՄՍՆ-ի, յուրաքանչյուր միավորման պարագայում, կախված իրավիճակից, գիտական կազմակերպության տարածքը կա՛մ կօգտագործվի որպես միավորման արդյունքում ստեղծված գիտական կենտրոնի տարածք (այսինքն՝ կրկին կմնա գիտնականներին), կա՛մ կհանձնվի ՀՀ պետգույքի կառավարման կոմիտեին:

Այսպես՝ Հիդրոպոնիկայի պրոբլեմների եւ Բուսաբանության ինստիտուտների միավորումից հետո կառավարությունը նախատեսում է առաջինի զբաղեցրած տարածքը, որը գտնվում է Երեւանի Նորագյուղ թաղամասում, հանձնել պետգույքի կառավարման կոմիտեին:

Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի դիրքորոշումն իմանալու համար զանգահարել ենք ինստիտուտի գիտական գծով փոխտնօրեն Աննա Թադեւոսյանին: Վերջինս, սակայն, հրաժարվել է մեկնաբանել՝ ասելով, թե իրադրությանը չի տիրապետում:

Հիշեցնենք, որ դեռ մայիսին ինստիտուտի փոխտնօրենը «Հետքի» հետ զրույցում նշել էր, որ թե՛ ինստիտուտի ղեկավար կազմը, թե՛ կոլեկտիվը դեմ են միավորմանը, քանի որ իրենց եւ Բուսաբանության ինստիտուտի առաջ քաշած խնդիրները բոլորովին տարբեր են: Ինստիտուտում տեղի ունեցած ժողովի ժամանակ աշխատակիցները միաձայն բացասական էին արձագանքել այս նախագծին՝ միավորումը համարելով «մեխանիկական»:

Դեռ նախորդ ամիս Բուսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Գասպարյանը «Հետքի» հետ հեռախոսազրույցում նշել էր, որ Հիդրոպոնիկայի պրոբլեմների եւ Բուսաբանության ինստիտուտների միավորման ու համատեղ գիտական կենտրոն ստեղծելու գաղափարը կա, քննարկվում է, սակայն մանրամասն տեղեկատվություն դեռ չկա: Նրա փոխանցմամբ՝ երբ հստակություն լինի, թե երբ ու ինչպես է դա տեղի ունենալու, ինչպիսին է լինելու վերջնարդյունքը, այն ժամանակ ինքը պատրաստ կլինի մեկնաբանել:

Հիշեցնենք, որ Գագիկ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը 75 տարեկան է: Հիդրոպոնիկան բույսերի աճեցումն է առանց հողի, արհեստական լցանյութերի վրա սննդարար լուծույթի պարբերական մատակարարմամբ: 2017-ին «Հետքի» հետ զրույցում ինստիտուտի գիտխորհրդի նախագահ, կենսաբան, գյուղատնտեսական գիտությունների դոկտոր Ստեփան Մայրապետյանն ասել էր, որ ի տարբերություն մի շարք երկրների՝ Հայաստանում կիրառվում է բացօթյա հիդրոպոնիկայի տարբերակը, ինչը պատահական չէ: Մայրապետյանը նշել էր, որ պատճառը Արարատյան դաշտավայրի 30-33 հազար հեկտարի հասնող աղուտ-ալկալիական հողատարածքներն են, որոնց վրա հնարավոր չէր բույս աճեցնել: Խնդիրն այդ տարածքները երկրագործության ոլորտ վերադարձնելն է, ինչը հնարավոր է անել բացօթյա հիդրոպոնիկայով:

Արմեն Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտն էլ 84 տարեկան է: Ներառում է երեք բաժին՝ բարձրակարգ բույսերի կարգաբանության եւ աշխարհագրության, երկրաբուսաբանության եւ բույսերի էկոլոգիական ֆիզիոլոգիայի, բույսերի ներմուծման: Ինստիտուտի կազմում են Երեւանի, Սեւանի եւ Վանաձորի բուսաբանական այգիները:

Հաջորդիվ կանդրադառնանք Կենսաքիմիայի եւ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտների միավորումից հետո տարածքների հետագա օգտագործմանը, ինչի վերաբերյալ, ըստ ԿԳՄՍՆ-ի, կա նախնական պայմանավորվածություն:

Լուսանկարներում՝ Հիդրոպոնիկայի ինստիտուտը, հեղ.՝ Նարեկ Ալեքսանյան

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter