«Մեզ պետք է բամբակի մեջ պահեն, ֆինանսավորեն, մենք հենց Հայաստանի համար աշխատող ինստիտուտ ենք»․ Հիդրոպոնիկայի ինստիտուտը դեմ է միավորմանը
Գիտական շրջանակներում արդեն իսկ խոսակցություններ կան, որ այս տարի Գիտությունների ազգային ակադեմիայի համակարգի կառույցներից միավորվելու են Գ․ Դավթյանի անվան հիդրոպոնիկայի պրոբլեմների եւ Ա․ Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտները, ինչպես նաեւ Հ․ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի եւ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտները: Գործընթացի մասին կարծիքները տարբեր են, այդ թվում՝ խիստ բացասական:
Հիդրոպոնիկայի ինստիտուտը դեմ է
Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտի (ՀՊԻ) գիտական գծով փոխտնօրեն Աննա Թադեւոսյանը «Հետքի» հետ զրույցում նշում է, որ թե՛ ինստիտուտի ղեկավար կազմը, թե՛ կոլեկտիվը դեմ է միավորմանը, քանի որ իրենց եւ Բուսաբանության ինստիտուտի առաջ քաշած խնդիրները բոլորովին տարբեր են: Նրա խոսքով՝ ՀՊԻ-ում ժողով են արել եւ միաձայն բացասական են արձագանքել այդ փոփոխությանը՝ միավորումը համարելով «մեխանիկական»:
Փոխտնօրենը նշում է, որ երբ անցած տարեվերջին ԳԱԱ նախագահ Աշոտ Սաղյանն այցելել էր ինստիտուտ, փակագծերը փոքր-ինչ բացել էր՝ ասելով, որ միավորում լինելու է, եւ ցանկանում են, որ իրենք առաջարկեն, թե ում հետ կցանկանային միավորվել, այլապես այն կլինի ցավոտ: «Այդ ժողովի ժամանակ ասացինք, որ, համենայն դեպս, ակադեմիայի համակարգում չենք տեսնում ինստիտուտ, որի հետ կարող ենք միավորվել: Մենք տարբեր գիտությունների խաչմերուկում ենք կանգնած»,- ասում է Աննա Թադեւոսյանը:
Նրա խոսքով՝ իրենց եւ բուսաբանության ինստիտուտի բազային թեմաները տարբեր են, եւ նմանությունը միայն «բույս» բառն է: «Մեր բազային թեման բույսերի անհող մշակույթի, ֆիզիոլոգակենսաքիմիական ու ագրոքիմիական հիմունքների եւ հիդրոպոնիկ արտադրության կենսատեխնոլոգիաների մշակումն է: Բուսաբանության ինստիտուտի բազային թեման Հայաստանի բուսական աշխարհի ուսումնասիրության եւ պահպանության էկոլոգաաշխարհագրական ասպեկտներն են: Դուք եզրահանգում արեք, թե դրանք ինչքանով են նման, ընդամենը բույս բառի կրկնությունն է, բայց նույն առումով կարող ենք միանալ Կենսաքիմիայի ինստիտուտին, որովհետեւ կա կենսաքիմիա բառը, կարող ենք միանալ «Հայկենսատեխնոլոգիա» կենտրոնին, որովհետեւ կա կենսատեխնոլոգիա բառը, կամ ընդհանրապես այլ ինստիտուտի հետ»,- ասում է Աննա Թադեւոսյանը:
Փոխտնօրենի փոխանցմամբ՝ Հիդրոնոպիկայի պրոբլեմների ինստիտուտը գտնվում է տարբեր գիտությունների խաչմերուկում, եւ իրենք մոտ ոչ բույսի մշակում, այլեւ հետազոտություն են անում՝ բացահայտելով բույսի ամբողջ պոտենիցալը, միջավայրի տարբեր գործոնների ազդեցությունը, նաեւ բույսերի արդյունավետության բարձրացման մաթեմատիկական մոդելավորման հետազոտություն են կատարում: Թադեւոսյանի խոսքով՝ իրենք աշխատում են թանկարժեք, հազվագյուտ, մեծ պահանջարկ ուենցող դեղատու, եթերայուղատու սննդային բույսերի վրա:
«Մենք հիդրոպոնիկ կայան ունենք, կենսաքիմիայի լաբորատորիա չենք, որ մեր սարքերը վերցնենք, գնանք Բուսաբանության ինստիտուտ, իրենք էլ նույն տիպի լաբորատորիա չեն, որ գան մեր ինստիտուտ: Մենք բազային ինստիտուտներ ենք: Մեր հիդրոպոնիկ կայանը 1970-ականներին է կառուցված, տարբեր սարքեր ունենք եւ այլն: Այդ ամենը տեղափոխելն աբսուրդ է»,- նշում է ՀՊԻ-ի փոխտնօրենը:
Հարցին, թե ինչպես են ՀՊԻ-ի աշխատակիցներին բացատրել միավորման իմաստը, ու, ընդհանրապես, միավորման արդյունքում ինչ կենտրոններ են ձեւավորվելու, Աննա Թադեւոսյանը պատասխանում է․ «Բացատրությունն ուղղակի օպտիմալացումն է, բայց մեր կարծիքով՝ մեր ինստիտուտը ոչ թե պետք է օպտիմալացնեն, այլ ձեռքերի վրա պահեն, որովհետեւ այս ինստիտուտը ստեղծվել է հենց Հայաստանի համար: Ինստիտուտի հիմնադիրը՝ Գագիկ Դավթյանը, երբ Հոլանդիա էր գնացել ու տեսել առանց հողի բույսերի աճեցումը, հիմնադրել է այս ինստիտուտը՝ հաշվի առնելով Արարատյան դաշտավայրի 30 հազար հեկտարից ավելի աղոտ, ալկալի, չմշակվող հողատարածքները: Մեզ պետք է բամբակի մեջ պահեն, մեզ պետք է ֆինանսավորեն, մենք հենց Հայաստանի համար աշխատող ինստիտուտ ենք: Քանի տարի է՝ չենք կարողանում մի ջերմատուն ձեռքբերել, որը մեզ անհրաժեշտ է օդուջրի պես: Մեզ մոտ ամեն տարի բազմաթիվ ֆերմերներ են գալիս ջերմատնային հիդրոպոնիկայի մասին հարցերով, բայց մի ջերմատունն ի՞նչ է, որ ակադեմիական համակարգի իսնտիտուտը չունի, որ կարողնանաք փորձեր դնել եւ բավարարել նրանց»:
Թադեւոսյանի խոսքով՝ իրենք մինչեւ վերջ դիմադրելու են միավորման որոշմանը: «1947-ից ինստիտուտը գործում է՝ սկզբից լաբորատորիայի, հետո ինստիտուտի տեսքով, միակ ինստիտուտն է տարածաշրջանում, որ գիտական եղանակով զբաղվում է բույսերի հիդրոպոնիկայի հիմնախնդիրներով: Եթե մեզ չեն ուզում օգնել, այլ ուզում են օպտիմալացնել, դա բերելու է մեր կադրերի արտահոսքի, հետո չեմ հասկանում՝ քաղաքի տարբեր ծայրերում գտնվող ինստիտուտները ո՞նց են օպտիմալացվելու, իմաստը ո՞րն է: Շարքային տարածք չեն կարող վերցնել, մեր հիդրոպոնիկ կայանն այստեղ է, նրանց այգին՝ այնտեղ»,- եզրափակում է «Հետքի» զրուցակիցը:
Բուսաբանության ինստիտուտի ղեկավարը կողմ է
Թախտաջյանի անվան բուսաբանության ինստիտուտի (ԲԻ) տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Արսեն Գասպարյանի փոխանցմամբ՝ միավորման հարցը դեռ քննարկման, խոսակցությունների մակարդակում է, վերջնական որոշում չկա:
Ընդհանուր առմամբ, ըստ նրա, իրենք դրական են գնահատում ինստիտուտների միավորումն ու մեկ կենտրոնի ստեղծումը, քանի որ դրա արդյունքում նախատեսվում է զարգացման նպատակով լուրջ ֆինանսական ներհոսք: «Այդ պարագայում միանշանակ կողմ ենք, որովհետեւ ինչքան էլ փորձենք մեր ուժերով գնանք առաջ, այս փուլում գրեթե զրոյի չափ ներդրում է արվել թե՛ ենթակառուցվածքների հարցում, թե՛ շենքային պայմանների, եւ այս ամեն ինչը պետք է վերականգնել, բարեկարգել ու գիտական ինստիտուտներին հարիր վիճակ ապահովել»,- ասում է նա:
Ներկայում, Գասպարյանի փոխանցմամբ, ԲԻ-ի բյուջեն բավարար չէ՝ հաշվի առնելով դրա գործունեության ծավալը․ ինստիտուտի ենթակայության տակ են Երեւանի, Սեւանի եւ Վանաձորի բուսաբանական այգիները։ «Նման ենթակառուցվածքներ ունեցող ինստիտուտ չկա, բայց մեր բյուջեն գրեթե նույն մակարդակում է, ինչ մնացած ինստիտուտներինը»,- նկատում է Արսեն Գասպարյանը։
Նրա խոսքով՝ ինստիտուտների միավորման մասին ինքը դեռ փաստացի, «թղթին հանձնված առաջարկություն» չունի ձեռքի տակ, հետեւաբար, չի կարող անդրադառնալ դրան։
Դիտարկմանը, որ, օրինակ, Հիդրոպոնիկայի պրոբլեմների ինստիտուտը դեմ է միավորմանը, Գասպարյանն արձագանքում է, որ միշտ էլ նմանատիպ փոփոխությունները սկզբնական փուլում բերում են որոշակի բացասական արձագանքի։ Ինչ վերաբերում է բազային թեմաների տարբերությանը, ԲԻ-ի տնօրենի պաշտոնակատարը նշում է, թե ՀՊԻ-ում ավելի շատ արտադրական ուղղությամբ են գնացել, բայց իրենք էլ ենթակառուցվածքներ ունեն՝ արտադրական հնարավորությունները զարգացնելու համար։
«Նմանատիպ միավորումը կլինի շատ դրական ինստիտուտների զարգացման համար: Սա իմ անձնական կարծիքն է։ Բայց էլի եմ ասում՝ տրամաբանական պետք է լինի, որ բանակցվի, քննարկվի, այնպես չէ, որ մեզ մոտ միանշանակ է ընդունվում: Յուրաքանչյուր նման բան իր մեջ բացի դրականից, նաեւ ռիսկեր է պարունակում, եւ դրանք պետք է դիտարկվեն: Իսկ այստեղ խոսքը ոչ թե անհատի մակարդակով նախաձեռնության մասին է, այլ պետական քաղաքականության»,- ասում է Արսեն Գասպարյանը։
Առանց կարծիքի
Մյուս երկու ինստիտուտներից միավորման մասին կարծիք լսել այդպես էլ չհաջողվեց։ Բունիաթյանի անվան կենսաքիմիայի ինստիտուտի ընդունարանից տեղեկացրին, որ տնօրեն Ալվարդ Անտոնյանը խնդրել է փոխանցել, որ ԳԱԱ ղեկավարը հեռուստատեսությամբ արդեն անդրադարձել է հարցերին, եւ ինքը ավելացնելու բան չունի։
Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտի տնօրեն Արսեն Առաքելյանն էլ նշեց, թե չի կարող մեկնաբանել, քանի որ չի տիրապետում նմանատիպ ինֆորմացիայի ու չգիտի, թե միավորումն ինչ պայմաններով է իրականացվելու։ Նա նաեւ նկատեց, թե այդ խոսակցությունները տասնյակ տարիներ է, ինչ կան, բայց առարկայական քայլեր չեն քննարկվել։ Ըստ Առաքելյանի՝ ներկայում ոչ մի առարկայական խոսակցություն այդ թեմայով չկա։
Նկատենք նաեւ, քննարկումների առաջին փուլում, ըստ մեր ունեցած տեղեկությունների, Կենսաքիմիայի եւ Մոլեկուլային կենսաբանության ինստիտուտներին պետք է միանար նաեւ Լ․ Օրբելու անվան ֆիզիոլոգիայի ինստիտուտը, սակայն միավորման հեղինակներն այդ մտքից հրաժարվել են։ Այդուհանդերձ, ինչպես կարելի է եզրակացնել ՀՀ գիտության կոմիտեի եւ ԳԱԱ ղեկավարության հայտարարություններից, միավորումներն անխուսափելի են, մանավանդ ծրագրի համար գումարն արդեն կա։
Լուսանկարները՝ «Հետքի» արխիվից (հեղ․՝ Նարեկ Ալեքսանյան)
Մեկնաբանել