HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Ո՛չ ցեղասպան պայմանագրի ստորագրմանը»․ երթ Արցախում՝ ի աջակցություն Կոռնիձորի հանրահավաքի

«Ոչ՛ Արցախի էթնիկ զտմանը» շարժման նախաձեռնողները այսօր ցույց են կազմակերպել՝ ի աջակցություն Հայաստանի Կոռնիձոր գյուղում կազմակերպված ցույցի, որի մասնակիցները Հայաստանի իշխանություններից պահանջում են չստորագրել տարածքային զիջումներ նախատեսող պայմանագիր Ադրբեջանի հետ։

Արցախի երթի մասնակիցները Ստեփանակերտի Զինվորական պանթեոնից քայլել են դեպի Շուշի տանող ճանապարհի վրա գտնվող «Զառին Բաղ» կոչվող տեղամաս՝ «Կեցցե՛ Արցախը», «Կեցցե՛ Լեռնահայաստանը», «Կեցցե՛ Սյունիքը», «Կեցցե՛ն մեր հայրենակիցները Սյունիքում», «Ո՛չ Արցախի էթնիկ զտմանը», «Ո՛չ ցեղասպան պայմանագրի ստորագրմանը» վանկարկումներով։ 

Շարժման մասնակիցներից Տիրուհի Գասպարյանը իր ելույթում նշեց, որ մասնակիցները հավաքվել են իրենց անհամաձայնությունը արտահայտելու Հայաստանի իշխանությունների կողմից ենթադրվող տարածքային զիջումներին։ 

«Այսօր հավաքվել ենք՝ ո՛չ ասելու բոլոր նրանց, ովքեր կարծում են, որ Արցախը կարող է Ադրբեջանի մաս կազմել, ո՛չ ասելու ազգային միասնությունը պառակտողներին ու Արցախը մայր Հայաստանից զատողներին։ Եկել ենք այո՛ ասելու մեր արժանապատվությանը, մեր կամքի ուժին, Արցախ-Հայաստանին տեր լինելու մեր պատրաստակամությանը, այս հողի վրա արարելու, պայքարելու, մեր բոլոր նպատակներին։ Մեզանից մի քանի կիլոմետր այն կողմ սահմանամերձ Կոռնիձոր գյուղում մեր հայրենակիցներն են հավաքվել։ Հայաստանի տարբեր շրջաններից եկել են ասելու, որ մեզ հետ են։ Մենք տեր կլինենք մեր պատմական իրավունքներին, մենք չենք ընկրկի ոչ մի փորձության առաջ։ Սա է մեր ուղերձը Ադրբեջանին և կույր աշխարհին։ Եվ վերջապես ոչ մի զիջում երբեք ու երբեք չպետք է դառնա քաղաքականություն»,- ասաց Տիրուհի Գասպարյանը իր ելույթում։ 

Շարժման նախաձեռնողներից Արշակ Աբրահամյանը իր խոսքում նշեց, որ երթին միացած արցախցիները իրենց ներկայությամբ ապացուցում են, որ Արցախը կա, եղել է և մնալու է հայկական։

«Ինչքան էլ Հայաստանի վարչապետը և իր իշխող խումբը փորձի լվանալ ձեռքերը Արցախից, դա նրանց մոտ չի ստացվելու։ Արցախցիները արդեն հինգերորդ ամիսն է՝ գտնվում են շրջափակման մեջ, դիմանում են տարբեր սոցիալական դժվարությունների, և դա անում են հանուն մեկ գաղափարի՝ հանուն հայկական Արցախի։ Կոռնիձորում հավաքված մեր հայրենակիցները ապացուցում են, որ Արցախի համար պայքարում մենք մենակ չենք։ Հայաստանում և Սփյուռքում դեռ կան մարդիկ, որոնք մեզ հետ են, որոնք Արցախը մենակ չեն թողնելու և թույլ չեն տալու, որ Արցախը դառնա երկրորդ Նախիջևան»,- նշեց նա իր ելույթում։ 

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter