Նազիկի վազքը. «Չգիտեմ էլ, թե ոնց կուդանք վարկը, բայց էլ հնար չկար»
Յասամանների փունջը դրված է սեղանին: Նազիկն է քաղել հարեւանուհու համար: Մի փունջ էլ դրել է ծաղկամանի մեջ՝ ժամացույցի տակ: Հյուրասենյակի հրդեհից հետո ժամացույցն սկսել է հետ ընկնել, մարտկոցները փոխել են, բայց մեկ է՝ ճիշտ ժամ ցույց չի տալիս:
Տան պատերին ու օդում նստած ծխի հոտը դեռ չի անցել: Անգամ յասամանների սուր բույրն է անէանում ծխոտ տան ներսում: Նազիկը նստում է անհենակ աթոռակին, անկյունակ-բազմոցին էլ տեղավորվում են երեխաները՝ Վարդանն ու Միլենան, իսկ Վարդը կանգնած է մնում: Երեխաներից կրտսերը՝ Մարին, մանկապարտեզում է:
Վարդանը բացում է աղի ձողիկներով տոպրակն ու մեզ հյուրասիրում: Միլենան նայում է եղբորն ու ծիծաղում: Վարդը դեռ լուռ է: Մեր այցելության օրը նրա այբբենարանի հանդեսն էր: Մանուշակագույն կիսաշրջազգեստ էր հագել, մազերը հավաքել: Նազիկը զվարթ է խոսում, բայց ձայնի տակ այնքա՜ն դարսված հոգսեր կան:
Տարվա մեջ եզակի դեպքերից է, երբ նա շպարվել է: Վարդը մորը խնդրել էր, որ իր հանդեսին անպայման շպարված ու գեղեցիկ ներկայանա: Նազիկն էլ լսել է դստերը: Աչքերի կոպաներկը սենյակի լույսի տակ դեռ փայլում է: Նազիկը հետո ցույց է տալիս Վարդի հանդեսի լուսանկարները:
-Ի՜նչ գեղեցիկ ես դու, Վարդ,- արձագանքում եմ ես,- բա հանդեսին ո՞ր տառն էիր:
-Ե,- ասում է 6-ամյա Վարդը:
-Էրեխեք, «ե»-ով ի՞նչ բառեր գիտեք:
-Ե-ելակ,- ասում է Վարդանը:
-Ե-երգ,- ասում է Միլենան:
Նազիկը մի տեսակ հիացած նայում է երեխաներին:
Գյումրեցի 39-ամյա այս կնոջ կյանքի առանցքը 4 երեխաներն են, որոնց շուրջ օրուգիշեր պտտվում է, կարծես, նույն արագությամբ: Երեխաներից երկուսը՝ 11-ամյա Վարդանն ու 9-ամյա Միլենան, հաշմանդամություն ունեն՝ Վարդանն, ըստ մոր, գեներալիզացված էպիլեպսիա եւ մտավոր զարգացման խնդիրներ ունի, 9-ամյա Միլենայի մոտ էլ չափավոր հետամնացություն է ախտորոշվել: Երկուսն էլ հաճախում են զարգացման կենտրոն:
Նազիկի օրն սկսվում ու ավարտվում է վազքով: Օրական միայն 4 անգամ դպրոց է գնում-գալիս: Մինչեւ դպրոց տնից 5 րոպե ոտքի ճանապարհ է: Նազիկը հատ-հատ թվարկում է՝ Միլենային ու Վարդին դպրոց է տանում, Մարիին՝ մանկապարտեզ, մի քիչ ուշ՝ Վարդանին դպրոց, հետո Վարդին դպորցից տուն է բերում, մի քիչ ուշ՝ Միլենային: Իսկ դասերից հետո Վարդանին ու Միլենային զարգացման կենտրոն է տանում, Վարդին՝ հատուկ մանկավարժի մոտ:
Երբ օրն արդեն երեկոյանում է, նրանք հավաքվում են փոքրիկ նախասրահ-խոհանոցում՝ դասապատրաստման:
Զրույցի կեսից Նազիկի ամուսինը՝ Արմենը, ներս է մտնում՝ 3-ամյա Մարիի ձեռքից բռնած. մանկապարտեզից է բերել:
Նազիկ Մկրտչյանն ամուսնու եւ 4 երեխաների հետ բնակվում է հայրական տանը, նրանց հետ է նաեւ Նազիկի մայրը: Մեր գնալու պահին նա տանը չէր: Նազիկն ասում է, որ քույրն էր հյուր եկել, ու մայրը նրան ճանապարհելու էր գնացել: Նազիկի քույրն էլ է Գյումրիում ապրում՝ տնակում, սպասում են, որ գուցե մի օր բնակարան կունենան:
1926 թ. կառուցված տունը Նազիկի պապն էր ստացել. սկզբից մի սենյակ էր, հետո պապը երկրորդ սենյակն է կառուցել: Այս տարվա ապրիլի 25-ին տունը նորից «միսենյականոց» է դարձել:
Երբ Նազիկը գնացել էր Վարդին հատուկ մանկավարժի մոտից բերելու, Վարդանն ու Միլենան տատիկի մոտ էին: Տատը մի քանի րոպեով դուրս էր եկել խանութ: Այդ ընթացքում երեխաները թուղթ էին վառել, որ մեծ սենյակում դրված վառարանը գցեն, բայց այն փայտյա հատակին էր ընկել, հետո արագ դուրս էին եկել տատիկի հետեւից: Խանութ էին հասել, տատին խնդրել, որ պաղպաղակ գնի իրենց համար:
Այդ ընթացքում Նազիկին հարեւանն էր զանգել, ասել, որ տնից ծուխ է բարձրանում: Երբ հասել էին, արդեն ուշ էր՝ մեծ սենյակը վառվում էր: Հրշեջ ծառայություն էին կանչել: Նազիկն ասում է՝ իրերի մեծ մասը վառվել է, այդ թվում՝ մոր մահճակալը, հագուստը:
Այրված պատուհանների տեղում ստիպված են եղել տոպրակներով փակցնել: Ծխի ու մրի մեջ մի քանի շաբաթ ապրել են: Նազիկն ասում է, որ այդ ընթացքում երեխաները հերթով հիվանդանում էին: Ծխից Միլենայի աչքերն էին բորբոքվել: Մոր պատմելով՝ ուրիշ տարբերակ չէր մնում, քան վարկով նոր պատուհաններ ձեռք բերելը:
Մեր այցի ժամանակ պատուհաններն արդեն տեղադրված էին: Վարկի մնացած գումարով այրված սենյակն էին բարեկարգում:
-Չգիտեմ էլ, թե ոնց կուդանք վարկը, բայց էլ հնար չկար,- ասում է Նազիկը:
Ննջասենյակում հազիվ 3 մահճակալ են դրել, դրանցից մեկը երկհարկանի է՝ Վարդանի ու Միլենայի համար: Ինչ որ կարողացել են հրդեհից փրկել, պահում են այդ սենյակում: Առաջին հայացքից այն չբնակեցված, պահեստային սենյակի է նման, շուրջբոլորը՝ հագուստ, արկղեր:
Նազիկը հագուստեղենն անընդհատ փռում է դրսում, որ ծխի հոտն անցնի, ասում է՝ չնայած որ լվացել է, հոտը դեռ կա:
Ընտանիքում միայն ամուսինը՝ Արմեն Դավթյանն է աշխատում: Հյուրանոցում պահակ է: Ամսական 60 հազար դրամ է ստանում: Դավթյանները նաեւ ամսական 50 հազար դրամ նպաստ են ստանում, 30 հազարական էլ՝ Վարդանի եւ Միլենայի հաշմանդամության թոշակ:
Վարդը Նազիկի հեռախոսն է վերցրել, Վարդանն ականջակալներն է դրել, ինչ-որ խաղ են խաղում հեռախոսով: Վարդանը Միլենայից ջուր է խնդրում: Քույրն արագ բերում դնում է սեղանին: Փոքրիկ Մարին արագ վերցնում է ջուրը, Վարդանը նայում է նրան ու զիջում, հետո ժպտում է:
Նազիկը պատմում է, որ հաճախ չի հասցնում երեխաների ուզածն անել: Օրինակ՝ մի քանի օր առաջ բանան էին ուզել, բայց չկարողացավ գնել: Մրգեր հազվադեպ է գնում, միս վերջին անգամ Նոր տարուն են գնել: «Հազիվ փորձում եմ տեղավորվել գումարի մեջ»,- ասում է 39-ամյա կինը: Հետո լռում է: Առանց որեւէ մեկից ինչ-որ բան խնդրելու կամ ակնարկելու:
Երեխաների ձայնը լցվում է նախասրահ-խոհանոցում: Խոհանոցն էլ ընդամենը մի լվացարան է, դրա կողքին դրված գազօջախ ու փոքր պահարան՝ երեխաների կոշիկներով:
-Լավ, որպես կին, որպես Նազիկ՝ ի՞նչ եք մտածում Ձեր մասին,- հարցնում եմ Նազիկին: Զրույցի գրեթե ամբողջ ընթացքում աշխույժ ու զվարթ կինը լռում է, մենք էլ:
-Չեմ մտածում, իրոքից չեմ մտածում,- դադարից հետո ասում է նա: Ավելացնում է, որ կարեւորը երեխաներն են: Ուզում է, որ նրանք գոնե գրել-կարդալ իմանան: 11-ամյա Վարդանը 5-րդ դասարան է, բայց տառերը դեռ չգիտի, իսկ թվերն արդեն սովորել է: 6-ամյա Վարդն էլ է դժվարությամբ սովորում: Մայրն ուզում է, որ երեխաներից ամեն մեկը մի արհեստ սովորի, ինքնուրույն լինի կյանքում:
Վարդանը, որ լսում է զրույցը, ասում է.
-Ես զինվոր եմ ուզում դառնամ, որ ծառայեմ հայրենիքին:
-Ինչի՞ զինվոր,- հարցնում եմ նրան:
-Դե որ ծառայեմ:
-Լավ, ծառայեցիր, պրծար, հետո ի՞նչ ես դառնալու,- այս անգամ որդուն հարցնում է Նազիկը:
-Զինվոր կմնամ,- պատասխանում է Վարդանը՝ գլուխը չբարձրացնելով հեռախոսի էկրանից:
Ուժեղ քամին դուռը շրխկոցով փակում է: Անձրեւը կտկտոցով թափվում է հրդեհից հետո դրսում դրված խառը իրերի վրա: Կեռասի ծառին կանաչ, մանր պտուղներ կան: Խնձորենիներ էլ ունեն: Իսկ տան անկյունում Նազիկի յասամանի թուփն է, որ տրամադրություն է ստեղծում անկանոն դրված իրերի պատկերին:
Տես նաեւ՝
Մեկնաբանել