HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

ԱԳՆ-ն լղոզում է իրեն հասցեագրված հարցերի պատասխանները

Հայաստանի արտգործնախարարությունը խուսափում է արտաքին քաղաքականության ոլորտին առնչվող որոշ նուրբ հարցերի անդրադառնալուց՝ դրանց տալով անորոշ, լղոզված, երբեմն էլ մանեւրող պատասխաններ:

Այն բանից հետո, երբ ապրիլին Երեւանում բացվեց «Նեմեսիս» գործողության մասնակիցների հուշարձանը, Թուրքիայի ԱԳ նախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ եթե Հայաստանը չապամոնտաժի այն, ապա Թուրքիան, որն արդեն փակել է իր օդային տարածքը երրորդ երկրներ մեկնող հայաստանյան օդանավերի առաջ, կձեռնարկի հավելյալ միջոցներ։ ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանից հետաքրքրվել էինք ԱԳՆ-ի դիրքորոշմամբ, եւ թե արդյոք հուշարձանն ապամոնտաժվելու է։

Բացի դրանից՝ հետաքրքրվել էինք, թե արդյոք հուշարձանի հանդեպ Թուրքիայի բացասական կոշտ վերաբերմունքը կարող է հայ-թուրքական բանակցային գործընթացի խոչընդոտ դառնալ։ Հարցրել էինք նաեւ, թե ներկա փուլում ինչպիսին է բանակցությունների ընթացքը, ինչ նախապայմաններ են դրվել Հայաստանի առաջ, որոնք են այն «կարմիր գծերը», որոնցով Հայաստանն առաջնորդվում է հայ-թուրքական բանակցություններում։

Արտգործնախարարությունը պատասխանել է, որ հուշարձանի հետ կապված հարցերին անդրադարձել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 5-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում։ Փաշինյանը, հիշեցնենք, ասել էր, թե հուշարձանի տեղադրումը սխալ է համարում:

Ի պատասխան լրագրողական հարցումների՝ այլ լրատվամիջոցների հրապարակումներին կամ հաղորդումներին հղում անելը վերջին տարիներին ՀՀ մի շարք գերատեսչական մարմիններում դարձել է սովորական գործելաոճ։ Այսինքն՝ պատասխանատուները չցանկանալով կամ ալարելով կազմել պաշտոնական կոնկրետ պատասխան լրագրողի հարցերին՝ նրան ուղղորդում են փնտրել, գտնել մեկ այլ լրատվամիջոցի հրապարակում եւ բավարարվել դրանում կարդացածով կամ լսածով՝ շրջանցելով իրենց տրված եւ իրենց կառույցին վերաբերող հարցը։

Սա ոչ միայն անհարգալից վերաբերմունք է լրագրողների ու լրատվամիջոցների հանդեպ, այլեւ ոչ պրոֆեսիոնալ գործելաոճ գերատեսչությունների բոլոր այն պաշտոնյաների կողմից, որոնք առնչվել են նման պատասխան կազմելուն:

Այս պարագայում մեր հարցմանը պատասխանը ստորագրել է ԱԳՆ լրատվության եւ հանրային դիվանագիտության վարչության պետի ժամանակավոր պաշտոնակատար Իննա Թորգոմյանը։

Հայ-թուրքական բանակցությունների մասին ԱԳՆ-ն Թորգոմյանի ստորագրությամբ հավելել է. «Միեւնույն ժամանակ ԱԳՆ իրավասություններին վերաբերող հարցերին ի պատասխան հայտնում ենք, որ ՀՀ-ն շարունակում է հավատարիմ մնալ առանց նախապայմանների Հայաստան-Թուրքիա հարաբերությունների ամբողջական կարգավորման միջոցով Թուրքիայի հետ դիվանագիտական հարաբերությունների հաստատմանը եւ միջպետական սահմանի ամբողջական բացմանը»։

Արարատ Միրզոյանին հարցրել էինք նաեւ հայ-ադրբեջանական բանակցությունների մասին։ ՀՀ եւ Ադրբեջանի ԱԳ նախարարները մայիսի 1-4-ը բանակցություններ էին վարել ԱՄՆ-ում: Դրանից հետո ԱՄՆ պետքարտուղարության մամուլի ծառայության ղեկավարի տեղակալ Վեդանթ Փաթելը լրագրողների հետ ճեպազրույզում հայտարարել էր, որ Հայաստանն ու Ադրբեջանը սկզբունքորեն համաձայնության են եկել որոշակի պայմանների շուրջ ու ավելի լավ են հասկանում միմյանց տեսակետները։ Խնդրել էինք մանրամասնել, թե ինչ պայմանների շուրջ է համաձայնությունը։ ԱԳՆ վարչության պետի պաշտոնակատար Ի. Թորգոմյանն ընդամենը պատասխանել է, որ բանակցությունների վերաբերյալ իրենք հանդես են եկել մամուլի հաղորդագրությամբ։

Սա հերթական լղոզված, ոչինչ չասող պատասխանն է, քանի որ մայիսի 4-ի ԱԳՆ հաղորդագրության մեջ ասվում է հետեւյալը. «Նախարարները եւ նրանց թիմերը «Խաղաղության եւ միջպետական հարաբերությունների հաստատման մասին» երկկողմ համաձայնագրի նախագծի որոշ հոդվածների շուրջ ունեցել են փոխըմբռնման առաջընթաց՝ միեւնույն ժամանակ արձանագրելով, որ մի շարք առանցքային հարցերի շուրջ դիրքորոշումները մնում են տարամետ»: ԱՄՆ պետքարտուղարության պաշտոնյայի հայտարարած «որոշակի պայմանների շուրջ համաձայնությունը» ակնհայտորեն տարբերվում է ՀՀ ԱԳՆ-ի նշած «փոխըմբռնման առաջընթացից», ինչի մասին, սակայն, ԱԳՆ-ն չի ցանկանում բարձրաձայնել:

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter