HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

«Արցախյան առաջին պատերազմում ես էի վարորդ, 44-օրյա պատերազմում՝ տղաս»

Հայկ Մակյան, Սարո Բաղդասարյան, Անահիտ Սվարյան-Հետք Մեդիա Գործարանի ուսանող

Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից 2020թ․-ի արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհվել է 4 ժամկետային զինծառայող։ Սարգիս Սրքոյանը պատերազմի ժամանակ եղել է ութ ամսվա զինծառայող։ Ծառայել է Ջրականի 3-րդ գումարտակի նյութաապահովման դասակում, եղել է վարորդ։ Զոհվել է 2020թ․-ի հոկտեմբերի 10-ին, Հադրութի շրջանում, Խուռհատ սարից Հադրութ տանող ճանապարհին։ 

«Ես էլ եմ վարորդ եղել իմ ծառայության ժամանակ, արցախյան առաջին պատերազմի ժամանակ՝ Քարվաճառում, 1993թ․-ն էր։ Հետո ամուսնացա, երկու տղա ունեցանք՝ Լևոնը և Սարգիսը։ Տուն կառուցեցինք, ապրում էինք, աշխատում էինք։ Շինարարական տեխնիկա էի աշխատացնում գյուղում, տղերքս էլ օգնում էին, ապրում էինք հանգիստ մեզ համար, մինչև որ եղավ էս դեպքը»,-պատմում է Սարգիսի հայրը՝ Հովիկ Սրքոյանը: 

2020թ․-ի սեպտեմբերի 27-ին Արցախում սկսված պատերազմի լուրն իմանալով՝ Հովիկ Սրքոյանը զանգահարել է որդուն՝ Ջրական: Որդին հավատացրել է, որ իրենց մոտ ամեն ինչ կարգին է, ասել է, որ ինքը զորամասում է, անհանգստանալու կարիք չկա։ Հաջորդ օրերին՝ մինչև հոկտեմբերի 1-ը, Հովիկ Սրքոյանը չի կարողացել կապ հաստատել որդու հետ։

«Հոկտեմբերի 1-ն էր, զանգեցի Սաքոյին, ասեցի՝ էդ պատերազմ ա, դու ինձ խաբու՞մ ես, ասում ես՝ բան չկա։ Ասեց՝ բա ի՞նչ ասեմ։ Ասեցի՝ որտե՞ղ եք, ասեց՝ պատերազմի առաջին օրը՝ առավոտը, երեք հատ ռումբ է ընկել հենց չաստի վրա, տագնապ են տվել։ Տրիվոգով բարձրացրել են պոստեր։ Ես ասեցի՝ գամ, ասեց՝ պապ, որ գաս էլ մեզ չես գտնի։ Մենք եսիմ որտեղ ենք,  դաշտերում»,-պատմում է Սարգիսի հայրը:

Պատերազմի առաջին օրվանից Սարգիս Սրքոյանը վարել է նյութաապահովման դասակի  «Ուրալ» մակնիշի մեքենան, մեքենայի անձնակազմն էր՝ գումարտակի թիկունքի պետ, մայոր Տիգրան Հարությունյանը, ժամկետային զինծառայողներ Գրիշա Հովսեփյանը, Մնացական Եգորյանը։

«Էդ մեքենան Սարգիսը քշել է մինչև հոկտեմբերի 3-ը, այդ օրը Ջրականի զորքը դիրքերից նահանջել է, էդ ճանապարհին՝ Հորադիզի մոտ, իր մեքենան փչացել ա։ Հենց էդ պահին զանգել էր ինձ, ասեց՝ մեքենայի երկու մոստը շարքից դուրս է եկել, հարցնում էր՝ կարա՞նք քշել մի մոստով, դեմը դար կա, կարա՞մ բարձրանամ։ Ես էլ ասեցի՝ եսիմ, օգնող բան չկա՞, ասենք՝ գոնե քարշակով, ասեց՝ մի հատ «ԿամԱԶ» ունենք, էն էլ ուրիշ ուղղությամբ ա գնացել։ Հետո էլ չգիտեմ, չպատմեց, թե ոնց են եկել, հասել Ջաբրայիլի չաստ։ Ընդեղից իրենք, մեքենայի վեշերով տեղափոխվել են ուրիշ մեքենայի մեջ, իրենց մեքենան էլ թողել են չաստում։ Նոր մեքենայի՝ «ԿամԱԶ-ի» վարորդը АГС-ի դասակի ժամկետային զինծառայող Սվարյան Արամն էր։ Էդ մեքենայով ամբողջ անձնակազմի հետ հոկտեմբերի 4-ին նահանջել են Հադրութ քաղաք»,- պատմում է Հովիկ Սրքոյանը։

Ջրականից նահանջած անձնակազմը տեղակայվել է Հադրութի դպրոցում, այնուհետև նյութաապահովման դասակը «ԿամԱԶ»-ովՀադրութի նոր դիրքերին սնունդ և անհրաժեշտ իրեր է հասցրել, մինչև հոկտեմբերի 10-ը։ 

«Հադրութ տեղափոխվելուց հետո Սարգիսը ավելի վստահ էր խոսում, եթե մինչև հոկտեմբերի 3-ը լարված էր, անհանգիստ էր, ապա Հադրութ տեղափոխվելուց հետո հեռախոսով խոսելուց մեզ էր հանգստացնում, ասում էր, որ ամեն ինչ լավ է։ Ջաբրայիլում Սարգիսը ընկերների զոհվելուն էր ականատես եղել, տեսել էր բաներ, ինչը երբեք չէր տեսել։ Հադրութից զանգում պատմում էր, որ սնունդ են հասցնում դիրքեր, եղել է դեպք, որ դիրքերում մարտերի էլ են մասնակցել»,-պատմում է հայրը: 

Հոկտեմբերի 10-ի առավոտյան հերթական անգամ նյութաապահովման դասակի «ԿամԱԶ»-ը բարձրանում է Խուռհատ սար՝ 3-րդ գումարտակի  դիրքապահներին սնունդ և  անհրաժեշտ իրեր հասցնելու։ Մեքենան վարում էր Արամ Սվարյանը, մեքենայում էին Սարգիս Սրքոյանը, թիկունքի պետը՝ մայոր Տիգրան Հարությունյանը, դասակի հրամանատար Սամվել Ավագյանը, ժամկետային զինծառայողներ Գրիշա Հովսեփյանը և Մնացական Եգորյանը։ Դիրքեր հասնելուց քիչ անց՝ ժամը 14։00-ի մոտ, դիրքի վրա հարձակում է սկսվում տարբեր ուղղություններից, որոշվում է թողնել դիրքերը: Զորքի հիմնական մասը գումարտակի հրամանատարության հետ ոտքով շարժվում է դեպի Սարինշեն գյուղ, իսկ նյութաապահովման «ԿամԱԶ»-ը ճանապարհով շարժվել է դեպի Հադրութ։ Մեքենայում նույն անձնակազմն էր, բացի դասակի հրամանատար Սամվել Ավագյանից։ Ճանապարհից վերցնում են վիրավոր ժամկետային զինծառայող Գոռ Մովսիսյանին։ Որոշ ժամանակ հետո, երրորդ ոլորանի վրա մեքենան խոցվում է և շրջվում։ Մեքենայից կարողանում են դուրս գալ միայն ժամկետային զինծառայողներ Գրիշա Հովսեփյանը և Մնացական Եգորյանը: Նրանք կրակոցների տակ շարժվում են դեպի անտառ, առանց ստուգելու մեքենայում մնացածների վիճակը։

«Սաքոյի հետ վերջին անգամ խոսել եմ հոկտեմբերի 9-ի իրիկունը, ամսի 10-ի առավոտ քրոջս տղայի հետ է խոսել։ Ասել է, որ խառը վիճակ ա, չեմ կարողանում պապային զանգեմ։ Երևի էդ իջնելու պահն է եղել արդեն,  որ իմացել են դիվերսիա է մտել։ Երկու օր շարունակ զանգել եմ էդ դեպքից հետո, զանգը գնում էր, չէր պատասխանում, երրորդ օրվանից արդեն անհասանելի էր։ Քրոջս տղան կապվել է գումարտակի հրամանատար Դավիթ Նազարյանի (զոհվել է 2020թ․-ի  հոկտեմբերի 18-ին) հետ, ով պատմել է, որ մեքենան խոցվել է, այն գտնվում է թշնամու կողմից դիտարկվող տարածքում, հնարավոր չէ մոտենալ»,- պատմում է հայրը։

Պատերազմի ընթացքում «ԿամԱԶ»-ում եղած անձնակազմից ոչ մի տեղեկություն հնարավոր չի եղել ստանալ։ Պատերազմից հետո՝ 2020թ․-ի նոյեմբերի 17-ին Արցախի անհետ կորած և զոհված զինծառայողների որոնողական-փրկարարական ջոկատները կարողացել են մոտենալ խոցված մեքենային և հայտնաբերել են մասունքներ։ Որոշ ժամանակ անց ԴՆԹ-ի արդյունքներով նույնականացվել են Սարգիս Սրքոյանի  մասունքները։ Մեքենայում մնացած զինվորների ճակատագրերը մինչ օրս մնում են անհայտ:

Սարգիս Սրքոյանի աճյունը հողին է հանձնվել պատերազմի ավարտից 4 ամիս անց՝ 2021թ. փետրվարի 6-ին՝ ԴՆԹ կրկնակի փորձաքննությունից հետո: 

Խուռհատ սարից Հադրութ քաղաք տանող ճանապարհին խոցված «ԿամԱԶ» մեքենայի անձնակազմի դեպքի մանրամասների մասին կարող եք կարդալ «Հետքի» առաջիկա նյութերում։  

Գլխավոր լուսանկարում` Սարգիս Սրքոյանը նյութաապահովման դասակի տղաների հետ

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter