HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Տրդատ Մուշեղյան

Վայքի համայնքապետարանի գնումների գործով մեղադրյալի կարգավիճակ դեռևս ոչ ոք չունի

2022 թվականի ընթացքում Վայքի համայնքապետն ընդհանուր 537 միլիոն դրամի պայմանագիր էր կնքել իր կնոջը պատկանող «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Այդ մասին «Հետքի» հրապարակման հիման վրա քրեական վարույթ էր նախաձեռնվել, բայց պարզվում է, որ դրանից 10 ամիս անց վարույթի շրջանակում դեռևս ոչ ոք մեղադրյալի կարգավիճակ չունի։

Հիշեցնենք՝ 2022թ․ օգոստոսի 11-ին հրապարակած մեր հոդվածում գրել էինք, որ Վայքի համայնքապետարանը՝ ի դեմս համայնքի ղեկավար Մխիթար Մաթևոսյանի, 2022 թվականի ընթացքում 4 պայմանագիր է կնքել իր կնոջը պատկանող՝ «Մավշին» ՍՊԸ-ի հետ։ Պայմանագրերի ընդհանուր արժեքը կազմել է 537 միլիոն դրամ, և այդ գումարի դիմաց ընկերությունը պարտավորվել էր Վայք համայնքի բնակավայրերում տարբեր տեսակի շինարարական աշխատանքներ կատարել։ Ընդ որում՝ մինչև համայնքի ղեկավար ընտրվելը (2021թ․ դեկտեմբերի 5-ին), հենց Մխիթար Մաթևոսյանն է եղել այդ ընկերության միակ սեփականատերը։

«Հետքի» հոդվածն ուսումնասիրվել էր Գլխավոր դատախազության պետական շահերի պաշտպանության գլխավոր վարչությունում, որի արդյունքներով, 2022թ․ սեպտեմբերի 5-ին հանցանքի մասին հաղորդում էր ներկայացվել Քննչական կոմիտե։ Ներկայացված հաղորդումից հետո Վայոց ձորի մարզային քննչական վարչությունում 2022թ․ սեպտեմբերի 12-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ ՀՀ քրեական օրենսգրքի 441-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերի հատկանիշներով, այսինքն՝ պաշտոնատար անձի կողմից իշխանական կամ ծառայողական լիազորությունները կամ դրանցով պայմանավորված ազդեցությունը չարաշահելը կամ լիազորություններն անցնելը, որը պատճառել է առանձնապես խոշոր չափերի գույքային վնաս և կատարվել է մի խումբ պաշտոնատար անձանց կողմից նախնական համաձայնությամբ։

Վայոց ձորի մարզի դատախազի սեպտեմբերի 13-ի որոշմամբ՝ քրեական վարույթի նյութերը փոխանցվել էին Հակակոռուպցիոն կոմիտե։ Վարույթի հարուցումից մոտ 10 ամիս ոնց գրավոր հարցում ուղարկեցինք Հակակոռուպցիոն կոմիտե՝ խնդրելով հայտնել, թե ինչ փուլում է գտնվում գործը, ինչ է պարզել նախաքննական մարմինը և ով կամ ովքեր են գործով անցնող մեղադրյալները։

Մեր հարցմանն ի պատասխան՝ Հակակոռուպցիոն կոմիտեն հայտնել է, որ քրեական վարույթը դեռևս նախաքննության փուլում է, և այս պահի դրությամբ մեղադրյալի դատավարական կարգավիճակ ոչ ոք չունի։  

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter