HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

Էրդողանը գրեթե ամբողջությամբ փոխել է նախարարների կազմը. ով ով է թուրքական նոր կառավարությունում

Թուրքիայի նորընտիր նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հունիսի 3-ի երեկոյան՝ երդմնակալության արարողությունից հետո, հայտարարել է այդ երկրի նախարարների կաբինետի նոր կազմը, որտեղ, ինչպես ավելի վաղ ակնկալում էին փորձագետները, գրեթե ամբողջությամբ փոփոխություններ են եղել, այդ թվում` հիմնական երկու գերատեսչություններում՝ ԱԳՆ-ում և ՊՆ-ում։ Հետաքրքրական է, որ նախարարների մեծ մասը ԱՄՆ-ում և Եվրոպայում կրթություն ստացած անձինք են, որոնք մեծամասամբ հանդիսանում են թուրքական տեխնոկրատական քաղաքական թևի ներկայացուցիչներ։

Նախորդ կառավարությունից իրենց պաշտոնները պահպանել են միայն երկու նախարար։ Էրդողանը որոշել է շարունակել ճանապարհը առողջապահության 58-ամյա նախարար Ֆահրեթին Քոջայի հետ, որը թուրքական առողջապահական գերատեսչությունը գլխավորում է 2018 թվականից։ Նախարարն իր ունակությունները ցույց էր տվել կորոնավիրուսի համավարակի ժամանակ արագ արձագանքմամբ, ինչպես նաև փետրվարի 6-ի ավերիչ երկրաշարժերից հետո, որը դարձել էր ավելի քան 50 000 մարդու մահվան պատճառ։ 

Իր պաշտոնը պահել է նաև զբոսաշրջության և մշակույթի 55-ամյա նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյը, որը դարձյալ այդ պաշտոնը զբաղեցնում է 2018 թվականից։ Մեհմեթ Նուրի Էրսոյի ընտանիքին պատկանող «Ersoy Turistik Servisleri» (ETS) հոլդինգի կազմում մինչև 2020 թվականի փետրվար ամիսը եղել է թուրքական AtlasGlobal ավիաընկերությունը։ Վերջինս թռիչքներ էր իրականացնում Երևան, սակայն 2020 թվականին սկսեց սնանկության գործընթաց։

Չնայած փորձագետներն ու կառավարական աղբյուրները պնդում էին, որ Թուրքիայի փոխնախագահի պաշտոնում կնշանակվի Թուրքիայի ազգային հետախուզական կազմակերպության ղեկավար Հաքան Ֆիդանը, սակայն Էրդողանը անակնկալ արեց և այդ պաշտոնում նշանակեց 56-ամյա Ջևդեթ Յըլմազին, որը 2020 թվականից գլխավորում էր Թուրքիայի խորհրդարանի բյուջեի հարցերով հանձնաժողովը։ Հետաքրքրականն այն է, որ վերջինիս թեկնածությունը գրեթե չի քննարկվել լրատվամիջոցների կողմից։

Յըլմազն ունի ամերիկյան կրթություն։ Դենվերի համալսարանում ստացել է միջազգային հարաբերությունների մագիստրոսի աստիճան։ Կառավարման խորհրդարանական ձևի ժամանակ վարչապետի աշխատակազմում (այդ ժամանակ Թուրքիայի վարչապետի պաշտոնը զբաղեցնում էր Ռեջեփ Թայիփ Էրդողանը-խմբ.) զբաղվում էր ԵՄ-ի հետ կապերով։ Ահմեթ Դավութօղլուի վարչապետության շրջանում էլ Յըլմազն զբաղեցրել է փոխվարչապետի պաշտոնը, իսկ մինչ այդ եղել Թուրքիայի զարգացման հարցերով նախարար։

Չնայած շատերը կարծում էին, որ Մևլյութ Չավուշօղլուն կպահպանի իր պաշտոնը, սակայն թուրքական արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար է նշանակվել 55-ամյա Հաքան Ֆիդանը, որը մինչ այդ զբաղեցնում էր Թուրքական ազգային հետախուզական կազմակերպության (MİT) ղեկավարի պաշտոնը և երկրի փոխնախագահի պաշտոնի գլխավոր հավակնորդն էր։

Ֆիդանը ևս ամերիկյան կրթություն ունի։ Մերիլենդ նահանգի համալսարանում ստանալով կառավարման և քաղաքագիտության մագիստրոսի աստիճան` դոկտորական աստիճան է ստացել Անկարայի Բիլքենթ համալսարանում։ 1986-2001 թվականներին ծառայել է թուրքական բանակում։ 2003-2007 թվականներին գլխավորել է Համագործակցության և համակարգման թուրքական գործակալությունը։ 

2007 թվականի նոյեմբերին Ֆիդանը նշանակվեց նախարարների նախագահության պետական քարտուղարի տեղակալ։ 2010 թվականից էլ գլխավորում էր թուրքական հետախուզությունը։ Ակտիվ մասնակցություն է ունեցել Սիրիայում Անկարայի և Դամասկոսի միջև հարաբերությունների կարգավորման բանակցություններին։ Միջազգային անվտանգության, միջազգային զարգացման և Թուրքիայի արտաքին քաղաքականության թեմաներով ակադեմիական մի շարք աշխատանքների հեղինակ է։

Ֆիդանն այդ պաշտոնում փոխարինեց Մևլյութ Չավուշօղլուին, որը թուրքական ԱԳՆ-ն գլխավորում էր 2014 թվականից։ Ներկայումս Չավուշօղլուն պատգամավոր է ընտրվել իր հայրենի Անթալիայի նահանգից։ Ավելի վաղ, թուրքական լրատվամիջոցներին տված հարցազրույցում Չավուշօղլուն հայտարարել էր, որ իր կարիերայի ամենաբարդ ժամանակաշրջանը եղել է Անկարայում Ռուսաստանի դեսպան Անդրեյ Կարլովի սպանությունը, երբ նույն օրը ինքը այցով գտնվում էր Մոսկվայում։

Էներգետիկայի և բնական ռեսուրսների նախարարության ղեկավար նշանակվեց 48-ամյա Ալփարսլան Բայրաքթարը, որը մինչ այդ զբաղեցնում էր նախարարի տեղակալի պաշտոնը։ 2016-2018 թվականներին նա պատասխանատու էր այդ նախարարությունում միջազգային հարաբերությունների համար։ Բայրաքթարն ավարտել է Ստամբուլի համալսարանը, սովորել է նաև ԱՄՆ-ում՝ Իրավունքի և դիվանագիտության Ֆլեթչերի դպրոցում։

Թուրքիայի ներքին գործերի նախարար էլ նշանակվել է Ստամբուլի 54-ամյա նահանգապետ Ալի Երլիքայան, որն այդ պաշտոնն զբաղեցնում էր 2019 թվականից։ Այդ պաշտոնում նա փոխարինել է Սուլեյման Սոյլուին։ Վերջինս նախընտրական քարոզարշավի ժամանակ բավականին հայտնի էր ԱՄՆ հասցեին իր քննադատություններով։ Սոյլուն իր ելույթներում սիրում էր թիրախավորել նաև Անկարայում Վաշինգտոնի դեսպանին։ Իր ելույթներից մեկում Սոյլուն հայտարարել էր, որ ԱՄՆ-ը Թուրքիայի սահմանների մոտ փորձում է ստեղծել ահաբեկչական պետություն։ Ստամբուլում նախորդ տարի տեղի ունեցած ահաբեկչությունից հետո Սոյլուն հայտարարել էր, որ Անկարան չի ընդունում Վաշինգտոնի ցավակցությունները։ Երիտասարդների հետ հանդիպման ժամանակ էլ Սոյլուն հայտարարել էր, որ «ԱՄՆ-ը շարունակում է կորցնել հեղինակությունը, ողջ աշխարհը ատում է Ամերիկային, իսկ Եվրոպան՝ Նահանգների զինվորիկն է»։ Ընտրություններից մի քանի օր առաջ էլ Սոյլուն Միացյալ Նահանգներին մեղադրել էր «ընտրությունների ընթացքին միջամտելու փորձերի մեջ»։

Եվս մեկ անակնկալ եղավ պաշտպանության նախարարի փոփոխությունը։ Թուրքիայի ազգային պաշտպանության նոր նախարար է նշանակվել 68-ամյա Յաշար Գյուլերը, որը 2018 թվականից զբաղեցնում էր Թուրքիայի ԶՈւ ԳՇ պետի պաշտոնը։ Այդ պաշտոնում նա փոխարինեց Հուլուսի Աքարին։ Վերջինս, մինչ պաշտպանության նախարար դառնալը, ևս զբաղեցնում էր ԳՇ պետի պաշտոնը և 2016 թվականի հուլիսին, հեղաշրջման անհաջող փորձի ժամանակ, պատանդ էր վերցվել։ 

Ֆինանսների և գանձապետարանի նոր նախարար է նշանակվել 56-ամյա Մեհմեթ Շիմշեքը, որն այդ պաշտոնն զբաղեցնում էր նաև 2009-2015 թվականներին։ Թուրքական լրատվամիջոցները Շիմշեքին ներկայացնում են որպես Թուրքիայի ամենապրոֆեսիոնալ տնտեսագետներից մեկը։ Ավելի վաղ թուրքական մամուլը գրել էր, որ Շիմշեքը երաշխիքներ է ստացել Էրդողանից՝ Կենտրոնական բանկի և տոկոսային դրույքաչափերի վերաբերյալ կառավարման նոր մեթոդներ ներդնելու մասով։ Թուրքական լիրան Էրդողանի վերընտրությունից հետո դոլարի նկատմամբ շարունակում է արժեզրկվել։ Շիմշեքի առջև բարդ խնդիր է դրված՝ ոտքի կանգնեցնել թուրքական ֆինանսական շուկան։

Շիմշեքի անձի հետ, որը քաջ ծանոթ է արևմտյան ֆինանսական համայնքին, շատ քննարկումներ և ենթադրություններ կային։ Մինչև ընտրությունները նա հանդիպել էր Էրդողանի հետ և հասկացրել, որ չի պլանավորում ակտիվորեն մասնակցել երկրի ղեկավարմանը։ Սակայն վերջին շրջանում տեղեկություններ էին հայտնվել, որ նա ամեն դեպքում կհամաձայնվի լինել նոր կառավարության կազմում, ինչը և իրականություն դարձավ։

Տրանսպորտի նախարարությունն էլ կգլխավորի 57-ամյա Աբդուլքադիր Ուրալօղլուն, որը 2018 թվականից գլխավորում էր Ավտոճանապարհների գլխավոր դեպարտամենտը։

Առևտրի նոր նախարար էլ նշանակվել է 59-ամյա Օմեր Բոլաթը, որը կրթություն է ստացել Նիդերլանդներում և Գերմանիայում։ Ավելի քան 23 տարի նա հանդիսանում էր Albayrak Group կոնցեռնի գործադիր տնօրենը, որն զբաղվում է շինարարությամբ։ Կոնցեռնին էին պատկանում նաև մի շարք լրատվամիջոցներ, այդ թվում` Yeni Şafak թերթը։ Հետաքրքրական է, որ Albayrak Group-ի սեփականատերը՝ Սադըք Ալբայրաքը, Էրդողանի ընկերն է։ Նրանց զավակները՝ ֆինանսների նախկին նախարար Բերաթ Ալբայրաքը և Էսրա Էրդողանը, ամուսնացել էին 2004 թվականին։ 

Արդյունաբերության և տեխնոլոգիայի նախարարությունն էլ կգլխավորի 39-ամյա Մեհմեթ Ֆաթիհ Քաջըրը, որը մինչ այդ զբաղեցնում էր նախարարի տեղակալի պաշտոնը։ Կրթության նախարար էլ նշանակվել է 53-ամյա Յուսուֆ Թեքինը, որը շուրջ հինգ տարի Անկարայի AHBV համալսարանի ռեկտորն էր։

Սպորտի և երիտասարդության հարցերի նախարար նշանակվել է 56-ամյա Օսման Աշքըն Բաքը, որը ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովում գլխավորում էր թուրքական պատվիրակությունը և մագիստրոսի աստիճան է ստացել Մեծ Բրիտանիայում։

Քաղաքաշինության և շրջակա միջավայրի նախարարությունը գլխավորել է 66-ամյա Մեհմեթ Օզհասեքին, որն այդ պաշտոնն զբաղեցրել է նաև 2016-2018 թվականներին։ Արդարադատության նոր նախարարը կլինի թուրքական խորհրդարանի 52-ամյա պատգամավոր Յըլմազ Թունչը, իսկ աշխատանքի նախարար՝ 57-ամյա Վեդաթ Ըշըքհանը։

Անտառային և գյուղատնտեսության նախարարությունն էլ կգլխավորի 54-ամյա Իբրահիմ Յումաքլըն, որը մինչ այդ զբաղեցնում էր փոխնախարարի պաշտոնը։ Յումաքլըն գլխավորում էր քաթարական Al-Jazeera հեռուստաընկերության թուրքական ստորաբաժանումը, ինչպես նաև աշխատել է Anadolu պետական գործակալությունում։ 2022 թվականից նույն նախարարությունում ստացել էր փոխնախարարի պաշտոն։

Էրդողանի կառավարության միակ կին նախարար է նշանակվել Մահինուր Գյոքթաշը։ Նա կզբաղեցնի ընտանիքի հարցերով նախարարի պաշտոնը։ Ծնունդով Բելգիայից 40-ամյա Գյոքթաշը 10 տարի զբաղեցրել է Բելգիայում Թուրքիայի դեսպանի պաշտոնը, իսկ 2020 թվականից գլխավորում էր Ալժիրում թուրքական դեսպանությունը։ 

Մահինուր Գյոքթաշը բացահայտ հերքում է Հայոց ցեղասպանությունը։ 2015 թվականի մայիսի 29-ին նա հեռացվել էր Բելգիայի «Հումանիստական ժողովրդավարական կենտրոն» կուսակցությունից, երբ հրաժարվել էր Առաջին համաշխարհային պատերազմի ընթացքում հայերի զանգվածային կոտորածներն անվանել ցեղասպանություն։ Կուսակցության ղեկավարը հայտարարել էր, որ Մահինուրի այս արարքը հակասում է կուսակցության բարոյական սկզբունքներին, և կուսակցության՝ Հայոց ցեղասպանությունը չճանաչող բոլոր անդամները հեռացվելու են։ Գյոքթաշը, մեկնաբանելով այս միջադեպը, հայտարարել էր, որ իր արարքը խոսքի ազատության դրսևորում է։ Էրդողանի գլխավորած «Արդարություն և զարգացում» կուսակցությունը աջակցել էր նրան։ Ի աջակցություն Մահինուր Գյոքթաշի՝ թուրքական համայնքը Բրյուսելում նաև ցույց էր անցկացրել։

Լուսանկարը՝ REUTERS/Umit Bektas

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter