HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Արմեն Միրզոյան

ԱՄՆ ԿՀՎ տնօրենը գաղտնի այցելել է Չինաստան

ԱՄՆ Կենտրոնական հետախուզական վարչության տնօրեն Ուիլյամ Բերնսը եղել է Պեկինում, որտեղ հանդիպել է չինացի գործընկերոջ հետ և ընդգծել հետախուզության ալիքներով կապի բաց գծերի պահպանման կարևորությունը։ Այդ մասին գրում է Ամերիկայի ձայնը՝ նշելով, որ ամերիկյան վարչակազմի անանուն պաշտոնյան այդ մասին հայտնել է իր թղթակից Ջեֆ Սելդինին։

Ամերիկացի պաշտոնյայի գաղտնի այցի մասին առաջին հայտնել էին բրիտանական Financial Times պարբերականի լրագրողները։ Առաքելությանը ծանոթ 5 մարդ Financial Times-ին պատմել էր, որ Բերնսը մեկնել է Չինաստան՝ պաշտոնատար անձանց հետ բանակցությունների համար, քանի որ նախկին դիվանագետ է, որին հաճախ վստահում են արտասահմանյան հատուկ առաքելություններ։ Աղբյուրներից մեկը նաև նշել է, որ այցի ժամանակ Բերնսը հանդիպել է չինական հետախուզության ներկայացուցիչների հետ։

Սա առաջին անգամը չէ, որ ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Բերնսին հանձնարարում է հատուկ առաքելություններ։ 2021 թվականի նոյեմբերին նա մեկնել էր Մոսկվա, որպեսզի ռուսաստանցի պաշտոնատար անձանց բացատրի, թե ինչ հետևանքներ կարող է ունենալ Ուկրաինա Ռուսաստանի ներխուժումը։

Ամերիկայի ձայնի փոխանցմամբ՝ չնայած Բերնսը համարվում է Սպիտակ տան ամենավստահելի անձանցից մեկը, նրա այցը շարունակում է ԿՀՎ տնօրենների կիրառման ավանդույթը՝ ամերիկյան նախագահների հանձնարարությամբ գաղտնի առաքելություններ իրականացնելու համար։

«ԿՀՎ ղեկավարներն ունեն գաղտնի դիվանագիտության երկար պատմություն։ Նրանք կարող են ճանապարհորդել լրիվ գաղտնիության պայմաններում և հաճախ ունեն իրենց կապերը տեղական հետախուզական ծառայությունների պաշտոնատար անձանց հետ, որոնք ձևավորվում են ժամանակի ընթացքում»,- Financial Times-ին տված հարցազրույցում պատմել էր Չինաստանի հարցերով ԿՀՎ նախկին փորձագետ Դենիս Ուայլդերը, որը Ջորջ Բուշ կրտսերի վարչակազմում Սպիտակ տանը զբաղեցրել է բարձր պաշտոն։ 

Չինաստան ԿՀՎ տնօրենի այցը տեղի է ունեցել Պեկինի հետ հարաբերությունների կարգավորման փորձերի ֆոնին, երբ Վաշինգտոնը ձգտում է հարթել նախորդ տարվանից սկսված լարված հարաբերությունները։ 

Բերնսի առաքելությանը զուգահեռ Վիեննայում ԱՄՆ նախագահի ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջեյք Սալիվանը հանդիպել էր Չինաստանի արտաքին քաղաքականության բարձրաստիճան պաշտոնյա Վան Իի հետ։ Մայիսի 10-ին և 11-ին տեղի ունեցած հանդիպումներն ընդհանուր առմամբ տևել էին ավելի քան 8 ժամ, ընդ որում Սպիտակ տունը որևէ հայտարարություն չէր արել մինչ այն պահը, երբ ավարտվեցին այդ բանակցությունները։

Օդապարիկի միջադեպի պատճառով ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի Չինաստան կատարած այցի հանկարծակի չեղարկումից հետո Պեկինն արգելակում է ԱՄՆ-ի հետ բարձր մակարդակով շփումները:

Այս հանգստյան օրերին Չինաստանի պաշտպանության նախարար Լի Շանֆուն Սինգապուրում հրաժարվել էր հանդիպել ԱՄՆ պաշտպանության նախարար Լլոյդ Օսթինի հետ, քանի որ Վաշինգտոնը հրաժարվել էր վերացնել Շանֆուի նկատմամբ պատժամիջոցները։ Երկու նախարարներն էլ մասնակցում էին «Շանգրի-Լա երկխոսություն» համաժողովին։ 

Չնայած պաշտոնական հանդիպում չի սպասվում, Պենտագոնի մամուլի ծառայությունը հայտնել էր, որ երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները կարճ շփում էին ունեցել ճաշի ժամանակ։

Լուսանկարը՝ AFP-ի

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter