HY RU EN
Asset 3

Բեռնվում է ...

Էջի վերջ Այլ էջեր չկան բեռնելու համար

Որոնման արդյունքում ոչինչ չի գտնվել

Phone market անունով ընկերությունը մարդկանց աշխատեցնում է շինծու պայմանագրով. աշխատողները գրանցված չեն

Մանուշ Կիրակոսյանն այս տարվա հունվարին «Ֆեյսբուք»-ում աշխատանքի հայտարարություն է տեսել, որտեղ պահանջվել են բջջային օպերատորներ: Հայտարարության մեջ նշված է եղել, որ տարիքային սահմանափակում չկա, ուստի Մանուշ Կիրակոսյանը որոշել է դիմել։

5 օր տևած փորձաշրջանից հետո նրան ընդունել են աշխատանքի։ Գործի բնույթը հետևյալն է եղել․ Մանուշը պետք է զանգահարեր Team Telecom Armenia և Ucom ընկերությունների բաժանորդներին, ներկայանար Phone market ընկերության անունից և առաջարկեր սակագնային փաթեթներ։ Աշխատանքը 11։00-ից 16:00-ն էր՝ կես դրույքով, աշխատավարձը՝ 50 000 դրամ։ Մանուշին նաև ասել էին, որ ստանալու է հավելավճարներ։ Աշխատավարձը Մանուշ Կիրակոսյանը ստացել է առձեռն։ Նա ընկերությունում աշխատել է 5 ամիս։

Հունիսի 2-ին նրան վճարել են 26 000 դրամ՝ 50 000-ի փոխարեն և ասել, որ բավարար վաճառք չի ապահովել, և աշխատավարձից պահում են արել։ Մանուշը որոշել է դիմել «Հետքի» խմբագրություն և պատմել իր հետ կատարվածը։ Նա իր հետ բերել էր նաև տրցակով փաստաթղթեր, որոնց մեջ կային հազարավոր հեռախոսահամարներ։

Արդարադատության նախարարության Իրավաբանական անձանց պետական ռեգիստրում Phone market (Ֆոն մարկետ) անունով գրանցված ընկերություն չկա։

«Հետքը» կապ հաստատեց ընկերության մենեջեր Դիանայի հետ, վերջինս հրաժարվեց մեզ որևէ մեկնաբանություն տալ և հեռախոսն անջատեց, ասաց, որ այլևս այդ հարցով իրեն չզանգահարենք։

Զանգահարել ենք նաև Team Telecom Armenia ընկերություն, հասարակայնության հետ կապերի ղեկավար Գրիգորի Յուրինը մեզ հայտնեց, որ Phone market ընկերության հետ ունեն պայմանագիր, ըստ որի՝ ընկերությունը Team Telecom Armenia-ին ծառայություններ է մատուցում, ընկերության իրավաբանական անունը, որով գրանցված է պետռեգիստրում և կնքել են պայմանագիր, Team Telecom Armenia-ն մեզ չտրամադրեց։

Վերևի լուսանկարում աշխատանքային պայմանագրի օրինակ է, որն ընկերությունը կնքել է Մանուշ Կիրակոսյանի հետ։

Այստեղ չկա կնիք, ինչպես նաև գրված չէ ընկերության անունը, գործատուի պարտականությունների և հանգստի իրավունքի մասին՝ ոչ մի նշում։ Հուսով ենք, որ Առողջապահության և աշխատանքի տեսչական մարմինը հետամուտ կլինի։ Մենք առաջարկել ենք Մանուշ Կիրակոսյանին դիմել նաև Մարդու իրավունքների պաշտպանին։

Մանուշ Կիրակոսյանն այսօր գնացել էր իր աշխատանքային պայմանագրի հետևից, մենեջեր Դիանան սպառնացել էր նրան՝ ասելով, որ նրա հետ իրավապահները կխոսեն։

Մանուշ Կիրակոսյանը ավելի ուշ զանգահարեց մեզ ու խնդրեց չբարձրաձայնել այս մասին, նրան խոստացել էին վճարել աշխատավարձի մնացած մասը։

Մեկնաբանել

Լատինատառ հայերենով գրված մեկնաբանությունները չեն հրապարակվի խմբագրության կողմից։
Եթե գտել եք վրիպակ, ապա այն կարող եք ուղարկել մեզ՝ ընտրելով վրիպակը և սեղմելով CTRL+Enter